Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում Սոչիում՝ նոյեմբերի 26-ին

aliyev putin nikol

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտարարել Է Կրեմլը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ հաղորդագրության՝ բացի եռակողմ բանակացություններից, Պուտինը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում կքննարկեն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը․ «Նախանշվելու են տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Ակնկալվում էր, որ պատերազմի ավարտի տարելիցի օրը՝ նոյեմբերի 10-ին, կամ առնվազն նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում առցանց ձևաչափով կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, ինչի մասին նշել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սակայն նոյեմբերի 7-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և վերջիններս համաձայնել են դեկտեմբերի 15-ին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում ունենալ։

Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մեկնաբանել