«Քաղաքացիական պայմանագիրը» առաջարկում է փոխել ժառանգություն ստանալու ժամկետները

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ անձի մահվանից հետո ժառանգություն ընդունելու գործընթացի վերաբերյալ։

Նախագծի համահեղինակներից Լենա Նազարյանը ԱԺ-ի՝ հունվարի 17-ի նիստին ներկայացնելով փաստաթուղթը՝ նշեց, որ անձի մահվանից հետո օրենքով սահմանված է 6 ամիս ժամանակահատված նոտարին դիմելու համար, սակայն խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ մահվան հանգամանքը չի հաստատվել։

Նա նշեց, որ խնդիրը տեսանելի է եղել 44-օրյա պատերազմից հետո զոհված զինծառայողների ու կամավորականների ընտանիքի անդամների հետ հանդիպումից հետո։

«Մենք առաջարկում ենք, որ այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել, մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում ժառանգության բացման օրը համարել ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը, որպեսզի ժառանգը կարողանա ստանալ իրեն հասանելիք ժառանգությունն ու կաշկանդված չլինի վեց ամսվա ժամկետով»,- նշեց Նազարյանը՝ հավելելով, որ լուծումը չի տարածվի այն դեպքերի վրա, երբ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կա ժառանգություն վկայագիր ստանալու նոտարին ներկայացված դիմումը։

Նախագիծը խորհրդարանում քննարկվում է առաջին անգամ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել