Արարատ Միրզոյանն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին

Ապրիլի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Թիմ Լոութընը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ստեղծված իրավիճակը։

«Նախարարը մանրամասն ներկայացրել է արդբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հետ կապված խնդիրները»,- տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականցվող բարեփոխումների գործընթացին․ «Այս համատեքստում բրիտանացի խորհրդարանականները բարձր են գնահատել Հայաստանի կողմից գրանցած ժողովրդավարական առաջընթացը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացը, և այս համատեքստում գնահատել է Միացյալ Թագավորության աջակցությունը»։

Մեկնաբանել