Չգիտեմ՝ ինչ պայմանագիր է ստորագրելու կառավարությունը․․․ եթե դա վնասելու է Արցախին, չեմ ընդունելու․ Ռուբեն Վարդանյան

ռուբեն վարդանյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ապրիլի 24-ին հյուրընկալվել է ՍիվիլՆեթի Ստեփանակերտի տաղավարում և զրուցել Հայկ Ղազարյանի հետ։ Զրույցից մի հատված որոշ խմբագրումներով ներկայացված է ստորև։

Ձեզ քննադատել են, «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը շատ վտանգավոր է» ասել է Քաղաքացիական պայմանագրից Վիգեն Խաչատրյանը, ինչը մեծ արձագանք է գտել։ Երբ ասում ենք՝ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի», դա ավելի շատ գաղափարակա՞ն թեզ է, թե՞ իրոք այդպես է։

– Դա իմ կարծիքն է։ Ես դա ասել եմ բաց ու ասել եմ, որ [2020-ի] նոյեմբերի 9-ից հետո ինձ համար փոխվել է իրավիճակը կտրուկ։ Ես կարող էի ինչ-որ բան քննադատել, ինչ-որ բան կարող էր ինձ դուր չգալ, բայց ինձ համար որպես հայի, որպես տաղամարդու և մարդու, որն ինչ-որ գաղափարներ ունի, ինձ համար Արցախը կարմիր գիծ է։ Կարող է՝ այդ մարդու համար դա կարմիր գիծ չէ, դա իր թեզն է։ Եվ ինձ համար դա ոչ թե կենաց է, ոչ թե լոզունգ է, դա գաղափարական․․․ իմ ուժն է։ Ես ինձ զգալով որպես արցախցի՝ որպես մարդ, ոչ թե որ ծնվել է Արցախում, ոչ թե որպես Արցախում արմատներ ունեցող, բայց որպես մարդ, որը տեսնում է, թե ինչքան է Արցախը հայ աշխարհի համար կարևոր՝ արժեքների կողմից, կյանքի ձևի, մտածելակերպի․․․ ընդհանուր պատմության հետ կապված խորությունը, որ այստեղ հարյուրամյակներով, հազարամյակներով ապրել են հայերը, և այդ հայկական ոգին այստեղ պահպանվել է, շատ կարևոր է ինձ համար։ Որովհետև, եթե ես ուզում եմ հայ մնալ, և հայկական աշխարհը զարգանա, Արցախը կորցնելը ոչ թե հողակտոր կորցնել է, այլ կորցնելն է մեր արմատային արժեքների, արմատային մեր ուժի։ Ինձ համար այդպես է։ Ինձ համար դա կարմիր գիծ է, և դրանից հետո ես հայտարարեցի, որ ինձ համար քաղաքական-հասարակական աշխարհ մտնելու ավելի ակտիվ պատճառը դա է եղել, և դա չի փոխվելու։

Ես ասել եմ և ասելու եմ՝ չգիտեմ՝ ինչ է ստորագրելու Հայաստանի կառավարությունը, ինչ պայմանագիր է ստորագրելու, եթե դա վնասելու է Արցախին, եթե դա վնասելու է Արցախում ապրելու արցախցիների հնարավորությանը, ես դա չեմ ընդունելու։ Եվ ես հիմա եմ ուզում ասել՝ ես գալու եմ Արցախի ժողովրդի կողքը կանգնեմ և ասեմ՝ ես այստեղ ձեզ հետ միասին չեմ թողնելու, որ այդ բանը իրականացվի, ինչ-որ մեկը մեր անունից․․․ կարող է լեգիտիմ հնարավորություն ունենալով, բայց լեգիտիմը քիչ է։ Այդ որոշումները պետք է լինեն ազգային։ Եվ ես որպես հայ, որպես մարդ, որը որոշել է, որ դա իր համար կարևոր է․․․ դա ինձ համար շատ կարևոր հարցերից մեկն է և սկզբունքային է։

[Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին] Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Հայաստանում, Երևանում ցույցեր են տեղի ունենում, Արցախի դրոշն են տնկում, հետո ներկում են։ Ի՞նչ են ուզում մարդիկ։ Կարծես թե տարաձայնությունների մի շղթա է, ոչ մի կերպ չի լուծվում։

– Գիտեք՝ ես քաղաքական այդ ամբողջ պայքարը չեմ ուզում քննարկել, որովհետև չեմ հասկանում և չեմ ընդունում, որովհետև եթե մենք լրջորեն խոսում ենք Արցախի անվտանգության մասին, եթե մենք լրջորեն խոսում ենք Արցախի ապագայի մասին, մենք պետք է ամեն ինչն անենք, որ Արցախի անվտանգությունն ապահովենք և դա՝ հասկանալով իրականությունը։ Երկրորդ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխարհը զգա իր պատասխանատվությունը, որ Արցախի հարցը չի լուծվելու այդպես հեշտ, ինչպես իրենց թվում է՝ մի հատ պայմանագրով։ Երրորդ, ապրիլի 24-ն է, այսօր խոսում ենք, տարբեր տեղերում ցույցեր անում, հավաքներ անում․․․ դա կարևոր է։ Բայց մենք պիտի պատրաստ լինենք գալ Արցախում արցախցիների կողքին կանգնել, ասել՝ մենք ձեզ հետ ենք։ Եվ դա Երևանում պետք չէ դրոշ․․․ պետք է այստեղ մարդիկ գան, ասեն՝ մենք այստեղ տներ ենք առնում, մենք այստեղ երեխեքին ենք տեղափոխում, մենք հավատում ենք, որ այստեղ ապագա կա, ու ոչ թե՝ «դուք այստեղ ապրեք, մենք էլ ձեզ կօգնենք»։ Սա ինձ թվում է՝ շատ կարևոր է։ Դրա համար սխալ մոտեցում է, որը երբեք չպետք է թույլ տանք։ Մենք բոլորս պետք է ասենք՝ ես Արցախի հետ եմ։ Եվ Արցախի հետ եմ ոչ թե Մոսկվայում, Երևանում կամ Գլենդելում, ես Արցախի հետ եմ այստեղ՝ Արցախում։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ Ղարաբաղյան խնդրի ոչ մի լուծում չկա։ Ի՞նչ եք կարծում։

– Դա այդպես չէ։ Ես չեմ ուզում քննարկել, քննադատել կամ պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բայց այդպես չէ, որ ոչ մի լուծում․․․ ինքը ուրիշ հարցեր է ասում, որ այդ լուծման մոտ ճանապարհը այն դաշտում, այն իրաականության մեջ շատ ծանր բան է։ Մենք էլի ենք գալիս մի կարևոր ուրիշ թեզի, որ ցավոք մենք հարյուր անգամ նույն սխալն ենք կրկնում՝ ոչ մի պայմանագիր ոչ մի ուժ չունի։ Մենք կարող ենք նայել պատմության մեջ Սևրի պայմանագիրը, Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը կամ Բուդապեշտի պայմանագիրը․․․ կապ չունի՝ եթե դու ուժեղ չես, եթե դու չես կարողանում դիվանագիտության մեջ, ինֆորմացիոն դաշտում, ուսման մեջ, կրթության, առողջապահության, տեխնոլոգիաների զարգացման և ամենակարևորը՝ բանակի ուժեղ լինելու․․․ քո իրավունքները ոչ ոք չի պաշտպանելու։ Ոչ մի պայմանագիր չի կարող քեզ պաշտպանել․․․ մենք դա տեսանք 1939 թվականին, որ պայմանագիրը եղավ, բայց միևնույն է՝ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Ինձ մոտ ուրիշ մոտեցում կա, որ մենք մեր ապագայի համար ոչ մեկի վրա հույս չպիտի դնենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ունենանք շատ կարևոր և ռազմավարական գործընկերներ, որոնք մեզ կօգնեն, կաջակցեն, բայց կօգնեն, երբ մենք ամեն ինչը արել ենք մեր կողմից՝ և՛ ուժեղ Հայաստան ունենք, և՛ ուժեղ Սփյուռք ունենք, և՛ Սփյուռքն ու Հայաստանը իրար հետ աշխատում են, և՛ մենք ունենք բանակ, մենք ունենք ազգ, որը համախմբված է, մենք ունենք դիվանագիտության մեջ աշխատող լուրջ թիմ, ինֆորմացիոն դաշտում լավագույն ծրագրերն ունենք․․․ և այդ հարցի լուծումը լրիվ ուրիշ ձև է լինելու։

Մեկնաբանել