ԱԺ-ում ընդունել են Քնեսեթի պատվիրակությանը

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, «Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Հանդիպմանն Արշակյանը հույս է հայտնել, որ Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը․ «Հայ և հրեա ժողովուրդները, որոնք վերապրել են ցեղասպանության արհավիրքները, ունեն բարոյական պարտականություն՝ համախմբելու ջանքերն այս հարցում»,- ասել է նա: Մոսի Ռազը էլ նշել է, որ «Մերեց» կուսակցությունը միշտ կողմնակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

ԱԺ փոխնախագահը նաև խնդրահարույց է համարել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը և հատկապես 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները չդադարեցնելը: «Մերեց» կուսակցության պատգամավորն ընդգծել է, որ իրենց կուսակցությունը քննադատել է իսրայելական կողմից Ադրբեջանին սպառազինություններ տրամադրելու փաստը:

Հակոբ Արշակյանը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Մեկնաբանել