Հանրությունը պարտավոր է Փաշինյանից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը

nikol pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 4-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, ասաց

«Ես ուզում եմ արձանագրել, որ այն պահին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը,- նաև ձեր իշխանությունը․ դուք այդ պահին եղել եք կառավարության մաս,- ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, ահա այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։

Փաշինյանի ելույթից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը՝ իշխանական պատգամավորների ծափերի ներքո։ Սակայն այս ամենի մեջ շոուն չէ հետաքրքիրը, որ արժանացավ լրատվամիջոցների ուշադրությանը․․․

Փաշինյանը կրկին նենգափոխում է Ղարաբաղյան բանակցային գործընթացը՝ ներքաղաքական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Նախորդ տարվա դեկտեմբերին արդեն անդրադարձել էի նրա հայտարարությանը, երբ ասել էր․ «Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք՝ չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն․․․»։

Տես՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ անտեղյակ է ղարաբաղյան բանակցությունների մանրամասներին

Արդեն գրեթե անօգուտ զբաղմունք է, բայց Փաշինյանի համար կրկին մեջբերենք 2007-ի Մադրիդյան փաստաթղթի առաջին իսկ կետը․

«1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

Ինչո՞ւ են Փաշինյանը և նրա աջակիցները շարունակ տարածում ադրբեջանական քարոզչական թեզերը։

Այս հարցի պատասխանը ստանալու համար կարելի է միայն ենթադրություններ անել։ Հավանաբար 2020-ի պատերազմից հետո Փաշինյանը որոշակի բանավոր հանձնառություններ է ստանձնել, որոնք արտացոլված չեն 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի հայտարարություններում:

Այս երեք փաստաթղթերում որևէ դրույթ չկա այն մասին, թե ինչու պատերազմից հետո Հայաստանից այլևս զինակոչիկներ չեն ուղարկվում Արցախ; ինչու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը չեն այցելում Արցախ; ինչու է արգելվում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ։

Անպատասխան հարցերին գումարվում է հետևյալը՝ ինչու է վարչապետը հրաժարվում 2021-ի հունիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հրապարակված իր կուսակցության նախընտրական խոստումներից և 2021-ի օգոստոսին հաստատված կառավարության ծրագրից, որոնցում հստակ ամրագրված է Արցախի ինքնորոշման դրույթը; ինչու են խոսում կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին; հնարավո՞ր է, արդյոք, որ Փաշինյանը պատերազմի շանտաժի ներքո Իլհամ Ալիևին բանավոր պարտավորվել է զիջել կարգավիճակի հարցում։

Այս և շատ այլ հարցեր ընդդիմություն–իշխանություն առօրյա պայքարից անդին են։ Եթե իսկապես պատերազմի շանտաժի ներքո են Փաշինյանն ու նրա կուսակիցները իջեցնում Արցախի կարգավիճակի նշաձողը, նենգափոխում բանակցային փաստաթղթերը՝ արդարացնելու իրենց հնարավոր զիջումները, ապա հանրությունը պարտավոր է առնվազն ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը․․․ ու ոչ միայն նրանք, ովքեր դուրս են եկել փողոց։

Կառավարությունը պետք է հրապարակի բանակցային բոլոր առաջարկները, որոնք մինչ այժմ չեն հրապարակվել։

Տե՛ս նաև՝ Ղարաբաղյան կարգավորման յոթ պլանները, որ ներկայացվել են 1997-ից ի վեր

Մեկնաբանել