Ադրբեջանի կրակոցից հայ զինծառայողի սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

«Նախնական տեղեկություններով՝ մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը»,- ասված է Կոմիտեի հաղորդագրությունում։

Ավելի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 28-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող Դավիթ Վահանի Վարդանյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը։ Հայտարարությունում նշվում է, որ միջադեպը պետք է հետաքննության ու գնահատականի արժանանա սահմանազատման հանձնաժողովի կողմից։ Ըստ ԱԳՆ-ի՝ մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը։

Մեկնաբանել