Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք․ Իրանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերություններին և ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայկական կողմը մեծապես կարևորում է էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը․ «Պետք է նշեմ նաև, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի հետ Հայաստանի երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում է»,- ասել է նա։

ԱԺ նախագահը ներկայացրել Արցախում հետպատերազմական իրավիճակը, հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը:

Սիմոնյանը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները և Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:

Իրանի նախագահն էլ ասել է, որ «բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր են»։

«Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը ցուցաբերվում են դժվարությունների ժամանակ»,- նշել է Էբրահիմ Ռայիսին:

Մեկնաբանել