Էրզիի արգելոցը. Լուսանկարը՝ «Ինգուշեթիա» թերթի
Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media
Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ Ինգուշեթիայի իշխանությունները ստորագրել են Էրզիի արգելոցի որոշ հատվածների Չեչնիային փոխանցումը՝ որպես երկու հանրապետությունների միջև 2018-ի հողերի փոխանակման մաս։ Ինգուշեթիայի փոխվարչապետը հենց հաջորդ հերքել է այս պնդումը:
Հայտարարությունը հունիսի 13-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ հանդիպմանը արել էր Ռուսաստանի բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Ալեքսանդր Կոզլովը: Նա հայտնել էր, որ Էրզիի արգելոցի մի մասը պետք է փոխանցվի Չեչնիային՝ «Դայմոխք» անունը կրող 20 հա ազգային պարկի կառուցման համար։
Նախարարի խոսքով՝ այս հարցը բարձրացվել է Չեչնիայի ղեկավարության՝ նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված դիմումների և նամակների պատճառով։ Փոխանցման մասին Պուտինի հրամանագիրը պետք է կառավարությանը ներկայացվի մինչև 2023-ի մայիսի 1-ը։
Ըստ Կոզլովի՝ երկու հարևան հանրապետությունների ղեկավարները կորոշեն թիմը, որը կզբաղվի նոր այգի կառուցելու գործողությունների ծրագիրի ստեղծմամբ: Գործողությունների ծրագրի վերջնաժամկետը հուլիսի 15-ն է:
«Ինգուշեթիայում դա արդեն արվել է անցյալ շաբաթ, մենք սպասում ենք ձեր ստորագրությանը։ Թեմաները շատ սուր են և ցավոտ, բայց դրանք այնպես չեն փաստաթղթավորվել, որ անցնեն իրագործման»,- ասել է Կոզլովը Կադիրովին։
Այնուամենայնիվ, հունիսի 15-ին Ինգուշեթիայի փոխվարչապետ Մագոմեդ Եվլոևը հերքել է Կոզլովի պնդումները՝ նշելով, որ հանրապետությունը հավանություն չի տվել հողերի փոխանցմանը, չնայած որ հողը 2018-ի չեչեն-ինգուշական հողերի փոխանակման մաս է կազմում:
««Դայմոխք ազգային պարկ» կոչվող փաստաթղթում նշված տարածքները հողեր են, որոնք փոխանցվել են Ինգուշեթիայի և Չեչնիայի ղեկավարության միջև 2018-ին կնքված համաձայնագրով, սակայն քանի որ այդ հողերը գտնվում են Էրզիի արգելոցում, մեր դիրքորոշումն այս հարցում բացասական է»,- ասել է Եվլոևը։
Արևելյան Ինգուշեթիայում գտնվող Էրզի պետական արգելոցի մոտավորապես մեկ երրորդը պետք է հանձնվեր Չեչնիային՝ 2018-ի հողերի փոխանակման արդյունքում։ Ակնկալվում էր, որ Ինգուշեթիան Չեչնիային կփոխանցի 340 քկմ (իր տարածքի մոտ 9%-ը)։
Գործարքը Ինգուշեթիայում միանշանակ չէր ընդունվել և հանգեցրել էր ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի, որին հաջորդել էին քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ճնշումները:
Ինգուշական Fortanga լրատվական կայքը հաստատել է, որ ինգուշական կողմը ստորագրել է այգու ստեղծման ճանապարհային քարտեզը, սակայն նշել է, որ անհամաձայնություն կա առաջարկված որոշման հետ: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ երկու հանրապետություններն արդեն բանակցություններ են վարում 2020-ի սկզբին «Դայմոխքի» պուրակի ստեղծման շուրջ։