Հայ-թուրքական գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից․ Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տարօրինակ է համարում Թուրքիայի տարբեր պաշտոնյաների այն հայտարարությունները, որ իրենք գործընթացը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ:

«Մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Բայց նման գործընթացներում ամենակարևոր բանը քաղաքական կամքն է, եթե այդ քաղաքական կամքը կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Ռուբինյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել․ «Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է»,- նշել է Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի իշխանությունների՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին, Ռուբինյանն ասել է. «Այդ հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, թերևս, նույնիսկ հակառակը՝ խանգարում են։ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի մեր օրակարգում: Հայաստանը միջանցքային տրամաբանության որևէ նախագիծ, որևէ երևույթ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Բացի դրանից՝ Հայաստանում «Զանգեզուր» անվանմամբ տարածքային միավոր գոյություն չունի»:

Մեկնաբանել