Արցախի Մարտունի քաղաքն ու Գլենդելը կը դառնան քոյր քաղաքներ

«Որպէս Գլենդելի քաղաքապետ, որոշեցի խորհրդանշական կապ ամրագրել Գլենդելի եւ Արցախի Հանրապետութեան Մարտունի քաղաքի միջեւ: Երբ Ապրիլին ստանձնեցի քաղաքապետի պաշտօնը, նամակ ստացայ, որտեղ Մարտունու քաղաքապետն առաջարկում էր հաստատել քոյր քաղաքների կարգավիճակ: Ես ներկայացրեցի առաջարկը քաղխորհրդի նիստում, եւ յուսով եմ, որ մինչեւ Հոկտեմբեր այն կը հաստատուի», «Ասպարէզ»ի հետ բացառիկ հարցազրոյցում յայտնեց Գլենդելի քաղաքապետ Արտաշէս Քասախեանը:

Նա նշեց, որ Արցախի Հանրապետութեան Մարտունի քաղաքը յատուկ նշանակութիւն ունի՝ հաշուի առնելով նաեւ, թէ ինչերի միջով է անցել եւ դեռ շարունակում է անցնել Արցախի բնակչութիւնը:

«Գրեթէ մէկ շաբաթ չի անցնում, առանց լուրերի, որ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից յարձակում է իրականացուել Արցախի հայ խաղաղ բնակավայրերի վրայ: Եւ մենք այստեղից, ինչպէս պատերազմի ժամանակ, երբ հեռուից ենք հետեւում գործընթացներին, զգում ենք մեզ թոյլ՝ անկարող լինելով շօշափելի օգնութիւն ցուցաբերելու: Անշուշտ, ֆինանսական աջակցութիւնն առաջին միջոցն էր, որ Գլենդելի հայ համայնքը յատկացրեց մեր հայրենակիցներին պատերազմի օրերին, նաեւ՝ այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրուեցին, եւ մարդիկ էլ կային, որ անձամբ մեկնեցին Հայաստան եւ Արցախ: Գլենդելից մի քանի բժիշկներ պատերազմի ժամանակ առաջնագծում էին, եւ առաջին օգնութիւն էին ցուցաբերում մեր զինուորներին», նշում է Քասախեանը։

Նա յայտնում է, որ ինքն էլ որպէս քաղաքապետ, որոշել է Գլենդելի եւ Մարտունու միջեւ քոյր քաղաքների կարգավիճակի հաստատումով ներդրում ունենալ Արցախում: «Այս քայլը ցոյց կը տայ, որ մենք նման յարաբերութիւն ունենք ոչ միայն այն քաղաքների հետ, որ գտնւում են Հայաստանի սահմաններում, բայց նաեւ՝ Արցախում, որ ինքս համարում եմ Հայաստանի, մեր պապենական հողերի եւ նրանց ժառանգութեան մաս, անկասկած է այն փաստը որ Արցախը հայկական հող է, եւ Մարտունին հայկական քաղաք, որ ունեցել է, ունի, եւ պէտք է ունենայ հայ բնակչութիւն: Քոյր քաղաքների կարգավիճակի հաստատմամբ, Ամերիկայի ամենահայաշատ քաղաք Գլենդելը, յոյսի մոմ կը վառի Արցախում, Գլենդելում, եւ յուսով եմ նաեւ Հայաստանում՝ Մարտունու, որպէս հայ քաղաք լինելու շարունակման»:

Արտաշէս Քասախեանը հաւաստիացնում է, որ քոյր քաղաքների կարգավիճակի հաստատմանը կը յաջորդեն նաեւ գործնական քայլեր՝ մասնաւորապէս կը զարգացուեն յարաբերութիւններ երկու քաղաքների կրթօջախների միջեւ:

Մեկնաբանել