Հենրիխ Մխիթարյան. Հուսով եմ` մինչև Օլիմպիական խաղերի ավարտը Հայաստանն էլի մեդալներ կնվաճի

«Սպորտ-Էքսպրես Ուկրաինա» հեղինակավոր պարբերականի վարկածով՝ Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության հուլիս ամսվա լավագույն խաղացող։ Մխիթարյանի հետ զրուցել է թերթի լրագրողը։ Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

-Ընդունե՛ք մեր շնորհավորանքները։ Թերթի կարծիքով՝ Դուք ճանաչվել եք Պրեմիեր լիգայի հուլիս ամսվա լավագույն խաղացող։ Ինչպե՞ս դա ստացվեց։

-Շնորհակալություն, կարծում եմ՝ հուլիսը բավականին հաջող էր։ «Շախտյորը» մեկ ամսվա ընթացքում հաղթեց Սուպերգավաթը՝ առավելության հասնելով «Մետալուրգի» նկատմամբ, երեք անգամ հաղթեց առաջնությունում։ Իմ խաղից, ընդհանուր առմամբ, գոհ եմ։ Այնպես որ, ամեն ինչ լավ է։

-Հետևու՞մ եք այն գնահատաաններին, որոնք տալիս են Ձեզ լրագրողները։

-Ամեն խաղից հետո ես ինքս իմ խաղը գնահատում եմ։ Վերլուծում եմ, թե որ դրվագում ավելի լավ կարող էի խաղալ, ավելացնեի։ Ինքնաքննադատաբար եմ մոտենում ինքս ինձ, ինչը թույլ է տալիս առաջադիմել։ Ինչ վերաբերում է լրագրողների գնահատականներին, ապա լինում է, երբ դրանք համընկնում են իմ գնահատականների հետ։ Լինում է, որ նաև դրանք տարբերվում են։ Սակայն ինչքան մարդ, այնքան էլ կարծիքներ։ Կարևորը` սեփական սխալներից հետո ճիշտ հետևություններ անել է ։

-Հուլիսին «Շախտյորի» ամենադժվար խաղը «Կրիվբասի» հետ էր։ Մտծել եք՝ ինչու՞։

-Իրոք, այդ թիմի հետ խաղում մենք ամենաշատ խնդիրներն ունեցանք։ Սկզբում դժվար էր, քանի որ հեռացվեց Կուչերը։ Մենք փորձում էինք գրոհել, սակայն մրցակիցը գրագետ էր պաշտպանվում։ Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ մրցակցի երկու խաղացողներ հեռացվեցին խաղադաշտից, նրանց հաղթելը հեշտ չէր։ Լավ է, որ Ֆերնանդինյոն խաղավերջում արձագանքեց Սրնայի փոխանցմանը և հաղթանակ պարգևեց մեզ։

-Արդյոք խաղի վրա չազդե՞ց այն, որ Միրչա Լուչեսկուն այդ օրը նշում էր ծննդյան օրը։

-Հնարավոր է։ Մենք ցանկանում էինք նվեր մատուցել Միսթերին, սակայն քանի որ երկար ժամանակ չէինք կարողանում գոլ խփել, հուզմունքն ավելի շատ էր։ Ամեն դեպքում՝ այդ օրը մենք խաղում էինք միայն հաղթանակի համար։

-Ի՞նչ նվերի մասին եք երազել փոքրուց։

-Չեմ կարող ասել, որ ինչ որ հատուկ բանի մասին եմ երազել։ Ամենաշատը հավանում էի այն նվեները, որոնք կապված էին ֆուտբոլի հետ՝ գնդակներ, խաղակոշիկներ, ֆուտբոլային համազգեստ։ Հիշում եմ, մի օր ինձ նվիրել էին «Միլանի» համազգեստ, որով շրջում էի տան մեջ։

-Չնայած Միրչա Լուչեսկուն ռոտացիայի կողմնակից է, սակայն Դուք մշտական տեղ ունեք հիմնական կազմում։ Ձեզ անփոխարինելի զգու՞մ եք։

-Ո՛չ, ամենևին։ Ընդհանրապես, ֆուտբոլում անփոխարինելի մարդիկ չկան։ Իմ խնդիրն է մարզումների ժամանակ ապացուցել, որ կարող եմ խաղալ և օգտակար լինել ակումբին։ Ես շնորհակալ եմ Միսթերին, որ ինձ 90 րոպե խաղալու հնարավորություն է տալիս։ Եթե նա որոշի, որ ես պետք է փոխարինվեմ կամ մնամ պահեստայինների նստարանին` ես դա կհասկանամ, քանի որ «Շախտյորում» կա մեծ մրցակցություն։

-«Շախտյորում» ո՞վ կարող է խաղալ Ձեր դիրքում։

-Առնվազն չորս հոգի՝ Ալեքս Տեյշեյրա, Էդուարդու, Դևիչ, Իլսինյո։ Այնպես որ, մրցակցությունն այդ դիրքի համար մեր թիմում բարձր է։

-Հետևու՞մ եք Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին։

-Այո՛, իհարկե։ Հնարավորության դեպքում հետևում եմ բոլոր օլիմպիական հեռարձակումներին, հատկապես՝ Հայաստանի մարզիկների մասնակցությամբ։ Դիտում եմ ինչպես հեռուստացույցով, այնպես էլ՝ համացանցում։

-Քանի՞ մեդալ են նվաճել Ձեր հայրենակիցները Լոնդոնում։

-Առայժմ՝ երեք․ երկու բրոնզե և մեկ արծաթե մեդալ։ Հուսով եմ, որ մինչև Խաղերի վերջ էլի մեդալներ կունենանք։

-Բացի ֆուտբոլից, ո՞ր մարզաձևում կարող էիք ինքնադրսևորվել։

-Կարծում եմ՝ ոչ մեկում։ Թերևս, կարող էի 100 մետր վազել (ծիծաղում է)։ Սակայն դժվար թե իմ արդյունքով մեդալ նվաճեի։

– Իմիջիայլոց, 100 մետրում ի՞նչ արդյունք ունեք։

-Անկեղծ՝ չգիտեմ։ Երբեք չեմ հետաքրքրվել։ Եթե փորձենք, անպայման կֆիքսեմ։

-Բացի ֆուտբոլից, ի՞նչ սպորտաձևերի եք հետևում։

-Վերջերս դիտել եմ ԱՄՆ – Արգենտինա բասկետբոլային խաղը։ Ամերիկացիները խոշոր հաշվով հաղթանակ տարան՝ ցուցադրելով դիտարժան խաղ։

-Ո՞ր բասկետբոլիստի խաղն ավելի հավանեցիք՝ Լեբրոն Ջեյմսի՞, թե՞ Քևին Դյուրանտի։

-(ծիծաղում է) Քոբի Բրայանտի։

Մեկնաբանել