Փաստաբաններին «Հարսնաքար»-ի գործով տրվեց 5 օր

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին օգոստոսի 8-ի ուշ երեկոյան ոստիկանություն փոխանցել է մոտ 1000 էջ կազմող երեք հատորանոց գործի նյութերը: Հաջորդ օրը փաստաբանները խնդրել են լրացուցիչ 30 աշխատանքային օր` հիմնավորելով, թե ուղղակի հնարավոր չէ այդքան կարճ ժամկետում ծանոթանալ նման մեծածավալ գործի նյութերին: Ոստիկանությունը սկզբում մերժել է, սակայն հետո բանավոր տեղեկացրել է, որ, այնուամենայնիվ, 5 աշխատանքային օր կտրամադրի գործի նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի և Հայոց բանակի սպա Վահե Ավետյանի մահվան հետ կապված այս պահին մեղադրվում են վեց հոգի, որոնք կալանավորված են. ներկայացված մեղադրանքն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների և «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ իրավաբանների դիտարկմամբ` ներկայացված մեղադրանքը պիտի փոխվի. մեղադրյալները դատարանի առջև պիտի կանգնեն սպանության համար, քանի որ եղել են պրոֆեսիոնալ թիկնապահներ և գիտակցել են իրենց հարվածների կշիռն ու հնարավոր հետևանքները:

Մեկնաբանել