Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստը կկայանա սեպտեմբերի 14-ին

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրին։

«Այո, քննարկումը նշանակված է վաղը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հարցով քննարկում կկազմակերպի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական երեք անձ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։

«Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Մեկնաբանել