Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Մակրոնը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Դիմավորման արարողությունից հետո, մինչ հանդիպումը, երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Ֆրանսիայի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել լայնածավալ ռազմական գործողություններ` տալով բազում զոհեր: Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները»։

Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիան հրավիրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ` սեպտեմբերի 14-ին և 15-ին, քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը․ «Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը: Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նրա խոսքով՝ ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը: Չլուծված բոլոր հարցերը, ըստ Ֆրանսիայի ղեկավարի՝ պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով:

«Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց սարսափելի մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար: Այն հանգեցրեց փաստացի նոր իրավիճակի` տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությամբ: Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում: Ցանկանում եմ ողջունել վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ»,- ասել է նա։

Մակրոնը հայտնել է, որ մոտակա ժամերին զրուցելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ «Նախագահ Ալիևը նշում է, որ նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը և գտնել լուծումներ: Սակայն անհնար է կառուցել խաղաղություն` ուժի գործադրման սպառնալիքի ներքո: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան ամեն ինչ կանի, հետամուտ կլինի իր նպատակին` այն է` կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս»։

«Մի քանի րոպեից վարչապետ Փաշինյանի հետ կանրադառնանք տեղում իրավիճակին, ինչպես նաև, թե ինչպես ամրապնդել զինադադարը նոր էսկալացիայից խուսափելու համար և վերսկսել բանակցությունները: Կարծարծենք նաև մի շարք հարցեր, տեսնելու, թե ինչպես Ֆրանսիան Եվրամիության և մյուս գործընկերների հետ կարող է նպաստել կայուն խաղաղությանը: Խոսքս վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիային, մենք խոսեցինք այդ մասին նաև Բրյուսելում: Կքննարկենք նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գործողությունները»,- հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադառնալու են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը ասել է. «Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային, անձամբ նախագահ Մակրոնին` այս դիրքորոշումն արձանագրելու համար: Այն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն: Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ»։

Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Նրա կարծիքով՝ միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա:

«Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են: Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- ասել է վարչապետը։

Մեկնաբանել