Հետընտրական Ալավերդի․ ինչ կլինի, եթե ՀԱԿ-ը որոշի կոալիցիա չկազմել որևէ մեկի հետ

Սեպտեմբերի 25-ին Ալավերդիում համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ ազգային կոնգրես» և «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները: «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 6 791 քվե և 234 ձայների առավելությամբ հաղթող է ճանաչվել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 6 557քվե: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ստացել է ընտրողների 340 քվե և ստացել է ավագանու մեկ մանդատ: «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ստացել 316 քվե և ավագանու որևէ մանդատ չի ստացել: «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները ավագանու հավասար՝ 13 մանդատ են ստացել:

Օրենսդիրը սահմանել է, որ ընտրողների ձայների 50 և ավելի տոկոս ստանալու դեպքում հաղթող կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին անձը, տվյալ դեպքում՝ Արկադի Թամազյանը, օրենքի ուժով դառնալու էր համայնքի ղեկավար, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրության 50 տոկոսի շեմը չի հաղթահարել: Ալավերդի համայնքի ղեկավարը պետք է ընտրվի քվեարկությամբ, որի համար ավագանու հավասար մանդատ ունեցող երկու կուսակցություներն էլ մարտնչում են կոալիցիա կազմել ՀԱԿ-ի միակ ավագանու անդամի հետ:

Սեպտեմբերի 25-ի ընտությունների մասին իր հայտարարությունում «Ապրելու երկիր» կուսակցությունը նշել է, որ տարել է ընտրական հաղթանակ՝ ակնկալելով ստանձնել Ալավերդի համայնքի կառավարումը:

ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը ՀԱԿ-ի հետ տարվող իրենց բանակցությունների մասին ասաց հետևյալը. «Բնական է, որ պետք է բանակցել, որ երկխոսություն տեղի ունենա: Այս պահին մենք «Հայ ազգային կոնգրեսի» հետ բանակցությունների մեջ ենք: ՀԱԿ-ի ղեկավարները հասկանում են կոալիցիա կազմելու կարևորությունը: Մեր կողմից ամեն ինչ արվում է Ալավերդիում ընտրությունների մեր հաղթանակը ամրագրելու համար»:

ՀԱԿ-ի ընտրացուցակով Ալավերդի համայնքի ավագանու միակ անդամ Նորայր Գևորգյանն ասում է՝ ստեղծված վիճակում իրեն այնքան էլ լավ չի զգում: Նորայրը սպասում է իր կուսակցության որոշմանը:

Ինչ կլինի, եթե ՀԱԿ-ը որոշի կոալիցիա չկազմել որևէ մեկի հետ

Այդուհանդերձ, ընտրական իրադարձությունների ի՞նչ զարգացումներ տեղի կունենան Ալավերդի համայնքում, եթե ՀԱԿ-ը որոշի կոալիցիա չկազմել երկու կուսակցություններից ոչ մեկի հետ: Այս դեպքում խնդրի հաջորդ լուծումը կարող է դառնալ «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը, ինչը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը «Հրապարակ»-ին տված հարցազրույցում բացառել է. «Մեզ համար նախկինում էլ, ներկայում էլ կարմիր գիծ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն տալը կամ ընտրելը»:

Օրենսդիրը նաև առաջարկում է, որ ավագանու տեղերի 50 տոկոսից ավելին ստացած քաղաքական ուժի բացակայության դեպքում համայնքի ղեկավարի թեկնածու կարող են առաջադրել ավագանու կազմում ընդգրկված բոլոր երեք քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՀԱԿ-ը։ «Օրենքի մյուս սահմանումները, մեր կարծիքով, իրատեսական չեն և լղոզված են: Ամենաօպտիմալ լուծումը ՀԱԿ-ի որոշումն է լինելու՝ կուսակցություններից մեկի և իր միակ ավագանու անդամի հետ կոալիցիա կազմելու մասին»,- ասում է փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը:

Երկրորդ անգամ խոշորացվող Ալավերդի համայնքի մեջ մտնում են Ալավերդի, Կաճաճկուտ, Աքորի, Ջիլիզա, Ծաղկաշատ, Ակներ, Սանահին, Մադան, Հաղպատ, Շամլուղ, Մեծ և Փոքր Այրումներ, Ճոճկան, Նեղոց, Շնող, Թեղուտ, Քարկոփ, Օձուն,Ամոջ, Հագվի Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Մղարթ բնակավայրերը՝ իրենց չլուծված բազմաթիվ խնդիրներով:

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով ավագանու մանդատ ստացած, Ալավերդու տիկնիկային թատրոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, Ակներ գյուղի ժողովրդական թատրոնի ռեժիսոր Լևոն Սադաղյանը պնդում է, որ Ալավերդիում սեպտեմբերի 25-ի տեղի են ունեցել արդար ընտրություններ:

«Ընտրություններում մեր հաղթանակը պայմանավորված է Արկադի Թամազյանի անձով: Տարածաշրջանում նա հայտնի է որպես աշխատող և արժեքներ ստեղծող համայնքապետ: Ալավերդու համայնքի բյուջեն տարիներ շարունակ համալրվել է բնապահպանական միլիոնավոր սուբվենցիաներով, որոնց ծախսերին ալավերդցիները տեղյակ չեն: Իսկ Արկադի Թամազյանը Ախթալա համայնքի բնապահպանական վճարները տնտեսել և դրանց ներդրումներով ու պետական բյուջեի սուբվենցիաներով Ախթալա համայնքի բնակավայրերում իրականացրել է համայնքի զարգացման լուրջ ծրագրեր»,- ասում է Լևոն Սադաղյանը: Վերջինս վստահ է, որ ՀԱԿ-ը կառաջնորդվի արդարությամբ, կհարգի ալավերդցի ընտրողների 6 791 քվեները և Ալավերդու շահերը և իր մեկ մանդատով կոալիցիա կկազմի «Ապրելու երկիր» կուսակցության հետ: «Կուսակցությունների մրցակցությունը հնարավոր է և նպաստի գործազուրկ Ալավերդի համայնքի զարգացմանը»,- ասում է Լևոն Սադաղյանը:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել