Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավականին լարված․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավականին լարված, և բանակցությունները պարզ և հեշտ չեն. հոկտեմբերի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՊՆ հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք, բայց պետք է ընդգծել, որ այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով»,- ասաց նա։

Վարչապետը հիշեցրեց, որ վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ տեղի է ունեցել եռակողմ հանդիպում և հեռախոսազրույց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, իսկ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի միջնորդությամբ հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և Ադրբեջանի նախագահի օգնականը։

«Իհարկե, այդ խոսակցությունները պարզ և հեշտ խոսակցություններ չեն, բայց պետք է ասեմ, որ, մեր վերլուծությամբ և իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումները և դիվանագիտական աշխատանքը մեզ համար առաջ գնալու որոշակի տարածք են ստեղծել։ Ուզում եմ գնահատականը տալ, թե ինչ ուղղություններով կարող է որոշակի տարածք առաջանալ, որպեսզի մենք շարժվենք առաջ։ Խոսել եմ 1991-ի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու այդ կոնցեպտի մասին։ Կան նախանշաններ, որ այս հենքը և մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար։ Հաջորդը, կարծում եմ, կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա և մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ ներկայում Հայաստանը բավարարված է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ միջազգային արձագանքից, բայց «պետք է շարունակել աշխատանքը, որպեսզի միջազգային արձագանքը լինի հետևողական»։

«Մարդիկ կան, ովքեր մեզ մեղադրում եմ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Նորից հստակ արձանագրենք՝ արդյոք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչե՞լ է Ադրբեջանի կազմում և ո՞ր իշխանությունն է ճանաչել։ Այո՛, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է [նախկին արտգործնախարար] Վարդան Օսկանյանի հեղինակությամբ»,- ասաց Փաշինյանը։

Տե՛ս նաև՝ Մադրիդյան սկզբունքներն ու կարգավիճակի հարցը․ մեկնաբանություններ և փաստեր

Փաշինյանը սխալ է՝ Մադրիդյան սկզբունքների առաջին կետը ինքնորոշումն էր, ոչ թե տարածքների վերադարձը

Ըստ նրա՝ երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։

«Ավելին՝ Վարդան Օսկանյան է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ։ Եվ ՀՀ-ն Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները մինչև այսօր չի կարողացել հաղթահարել։ Մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները։ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս»,- նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ իր իշխանության գալուց հետո Հայաստանը պայքարել է այդ որոշումների դեմ, որպեսզի կարողանա «դրանք հետ պտտել», բայց չի հաջողել․ «Եվ ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու»։

«Հիմա մենք այս ամեն ինչի միջով անցնելով՝ ասում ենք, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ։ Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն, ինչն ասել եմ վերջին հարցազրույցում, ես այդ բանաձևով խաղաղության օրակարգը իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում։ Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Ես այդ պատասխանատվությունը ստանձնելու եմ, ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել