Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի առնչվում ՀԱՊԿ-ի իրավասությանը, կարծում է Կոսաչովը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի առնչվում կազմակերպության (ՀԱՊԿ-ի) իրավասությանը։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը դրա նկատմամբ»,- ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» թերթի հետ զրույցում ասել է ռուս դիվանագետ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը՝ մեկնաբանելով նոյեմբերի 23-ին Երևանում սպասվող ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումից առկա ակնկալինքները:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն «անկեղծորեն նպաստում է կարգավորմանը»։ «Ավելին, մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Ընդունել այս հակամարտությունում միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշում կնշանակի սրել իրավիճակը։ Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշում և օգնել ապահովելու, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար», – ասել է Կոսաչովը։

Դաշնության խորհրդի փոխխոսնակն օրինակ է բերում Արևմուտքի միանշանակ դիրքորոշումն ուկրաինական պատերազմի հարցում` նկատելով, որ այն չի նպաստում հակամարտության կարգավորմանը: Կոսաչովը հիշում է նաև տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության մասին: «Նույն Թուրքիայի քաղաքականությունը չեմ իդեալականացնում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում նա պաշտպանում է մի կողմի դիրքորոշումը, և իմ տեսանկյունից այստեղ սխալվում է։ Բայց Ուկրաինայի հետ կապված նա շատ ավելի խոհեմ է գործում՝ որպես միջազգային պատասխանատու խաղացող», – ասել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Նիստի օրակարգն ու նախապատմությունը

Նոյեմբերի 23-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Երևան են ժամանելու կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները, որոնք քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները: «Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնության տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը», – ավելի վաղ հայտնել էին ՀԱԿՊ-ի մամուլի ծառայությունից։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ՝ ինտենսիվ կրակ վարելով հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառեց հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 200-ից ավել զոհ և անհետ կորած ունի։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

Հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել էր Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների արտգործնախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:

Հայաստանի ակնկալիքները

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական դիրքորոշում կհայտնի Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման կապակցությամբ։

«Գիտեք՝ ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021-ի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր: Ըստ էության, միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքրոշմանը: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ. ՀԱՊԿ-ը պետք է հստակ պաշտպաներ, և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց մենք հիմա ուղիղ հակառակն ունենք:

Ես հույս ունեմ, որ մենք նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրեք: Սա սկզբունքային որոշում և դիրքորոշում է Հայաստանի Հանրապետության համար: Ուզում եմ շատ հստակ լինել. մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել: Ոչ: Մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը, ի՞նչն է ՀԱՊԿ-ի ընկալումը այս իրավիճակի և ի՞նչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ը արձանագրում այս իրավիճակի հետ կապված, մեզ համար չափազանց կարևոր է»,- հայտարարել էր Փաշինյանը։

Մեկնաբանել