Գյումրիի նախկին քաղաքապետը հանցավոր ճանապարհով օրինականացրել է 15 հողամաս

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանցավոր ճանապարհով հողամասեր է օրինականացրել։ Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) հոդվածով։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ Վարդան Ղուկասյանը 1999-2012 թվականներին լինելով Գյումրու քաղաքապետ, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքում գտնվող տասնհինգ հողամասեր, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն:

«Մասնավորապես, Վարդան Ղուկասյանը հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող հինգ միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով: Նա հանցավոր ճանապարհով օրինականացրել է նաև պետական սեփականություն հանդիսացող 655.0 քմ մակերեսով հողամաս, նախկին զինվորական սովխոզի 2 միավոր հողամաս՝ ընդհանուր 610.0 քմ մակերեսով, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող շինությունը և համայնքային սեփականություն հանդիսացող 930.0 քմ մակերեսով հողամասը։ Նաև փաստական տվյալ է ձեռք բերվել, որ Վարդան Ղուկասյանի կողմից վնասվել է պատմության և մշակույթի հուշարձանը»,- տեղեկացնում է դատախազությունը։

Անշարժ գույքերի մի մասը Ղուկասյանն օտարել է ինքն իրեն, մի մասը՝ «Անբերդ» ընկերությանը, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել ինքը և իր եղբայրը, իսկ մյուս մասն էլ օտարվել է Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրենին:

Գյումրիի նախկին քաղաքապետին մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն:

Մեկնաբանել