Արբանյակի կառավարման կենտրոնը մինչև տարեվերջ չբացվեց. իշխանության խոստումը չկատարվեց

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց

Հայաստանի առաջին արբանյակը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվեց 2022-ի մայիսի 25-ին։ «Urdaneta» կոչվող արբանյակը, որը Հայաստանի համար ստեղծվել էր իսպանական Սատլանտիս ընկերության կողմից, հետագայում վերանվանվեց «Armsat-1»։

Շուտով պարզ դարձավ, որ արբանյակի շահագործման համար անհրաժեշտ է Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն ստեղծել: Այդ մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը արբանյակի արձակման հաջորդ օրը և կենտրոնի կառուցման վերջնաժամկետ նշեց 2023-ի վերջը։

«Առաջիկայում, ավելի կոնկրետ՝ 2022-ին, մինչև 2023-ի վերջը, Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ»,- ասել էր Փաշինյանը։

ԲՏԱ նախարարները խոստանում էին, որ կառավարման կենտրոնը ավելի շուտ պատրաստ կլինի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) փոխնախարար Ավետ Պողոսյանը հոկտեմբերի 25-ի Ազգային ժողովի նիստում, պատասխանելով պատգամավորի՝ կառավարման կենտրոնի ստեծման մասին հարցին, վստահեցրեց, որ այն պատրաստ կլինի մինչև 2022-ի տարեվերջ։

«Ինչ վերաբերվում է կառավարման կենտրոնին և մյուս ենթակառուցվածքներին՝ արբանյակի հետ կապված, նույնպես վստահություն եմ հայտնում, որ նախատեսած ժամանակացույցից ավելի արագ մենք դա կունենանք, այսինքն մինչև տարվա վերջ»,- ասում էր փոխնախարար Պողոսյանը։

Ավելին՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ կենտրոնի բացման վերջնաժամկետը ճշգրտող հարցին փոխնախարարը կրկին վստահորեն պատասխանեց, որ մինչև 2022-ի տարեվերջ «մենք բոլորս բացմանը ներկա կգտնվենք»։

Մեկ ամիս անց՝ նոյեմբեր 18-ին, արբանյակի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, արդեն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ արբանյակի թեստավորումներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման, իսկ կառավարման կենտրոնը շուտով կբացվի. «Մեր նախնական գնահատականով, այո, մինչև տարեվերջ կառավարման կենտրոնը կլինի, նույնիսկ հնարավոր է ավելի շուտ»,- ասել էր նախարարը։

Մինչև տարեվերջ չստացվեց, ասում են՝ կենտրոնը կբացվի 2023-ին

Արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումը հնարավորություն է տալու այն ամբողջությամբ կառավարել Հայաստանից։ Ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ արբանյակից ներկայում էլ են երկրի մակերեսի արբանյակային լուսանկարներ ստացվում, սակայն դրանք փոխանցվում են իսպանական «Սատլանտիս» ընկերության կողմից։

Կենտրոնի գործարկման վերաբերյալ #CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան ԲՏԱ նախարարությունից պարզաբանել են, որ բացման կոնկրետ ժամկետ հայտնի չէ, և կենտրոնը նախատեսվում է գործարկել 2023-ի ընթացքում։ Նախարարությունից նաև հստակացրել են, որ Հայաստանում ընդունիչ կայանը դեռևս չի ստեղծվել։

Նախարարությանը նաև խնդրել էինք տրամադրել արբանյակի կողմից արված լուսանկարները՝ արբանյակի հնարավորությունները հասկանալու համար։

Արբանյակի գործարկման օրվանից տարատեսակ ոչ միանշանակ կարծիքներ ու պնդումներ են հնչում արբանյակի պատկանելության, հնարավորությունների և նպատակահարմարության մասին։ #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է դրանց։

Տես՝ Արբանյակը կա՛ և պատկանում է Հայաստանին

Ի պատասխան, սակայն, նախարարությունը տրամադրել է ցածրորակ, JPEG ֆորմատով, մշակում անցած լուսանկարներ։

Տրամադրված լուսանկարներով դժվար է պատկերացում կազմել արբանյակի կարողությունների մասին։ Ըստ «Սատլանտիս» ըներկության դեռ մայիսին հրապարակված հաղորդագրության՝ արբանյակի «iSIM-90» տեսախցիկը կարող է բարձր որակի (1,8մ) [իրականում միջին որակի- խմբ.] գունավոր լուսանկարներ անել։

Առաջնային ձևաչափով լուսանկարների տրամադրումը ԲՏԱՆ մերժել է՝ նշելով, թե դրանք «հրապարկման ենթակա չեն»՝ առանց որևէ հիմնավորման և չնշելով մերժման հիմք հանդիսացող օրենքը։ Առաջին անգամ չէ, որ ԲՏԱ նախարարությունը խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթները։

Այսպիսով, ԲՏԱ նախարարի և նրա տեղակալի՝ մինչև 2022-ի տարեվերջ արբանյակի կառավարման կենտրոն գործարկելու խոստումները, չեն կատարվել։

Մեկնաբանել