Կարմիր Խաչի միջնորդությամբ ևս երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Շտապօգնություն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ևս երեք հիվանդ Արցախից այսօր՝ դեկտեմբերի 30-ին, տեղափոխվել է Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «Ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- ասված է հաղորդագրությունում։

Ծանր վիճակում գտնվող երեք հիվանդներ Արցախից Հայաստան էին տեղափոխվել նաև դեկտեմբերի 28-ին՝ կրկին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 19-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել