Ատոմակայանի նախկին տնօրենը մեղադրվում է ավելի քան 1 մլն դոլար հափշտակելու համար

Դատախազությունը հայտնում է, որ 2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ):

«Գ.Մ.-ն համապատասխան արտադրամասի կողմից գնման հայտի բացակայության պայմաններում, միջոցներ չձեռնարկելով ռեակտորի միջանկյալ մետաղաձողերի արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող ընկերություններից գնային առաջարկներ ստանալու համար, 2011-ին մրցույթի միակ մասնակից՝ ՌԴ «ՆովէներգոՊրոմ» ընկերությունից, շուկայականից անհամեմատ թանկ՝ 33 մլն 544 հազար ռուբլի արժեքով ձեռք է բերել ոչ ամբողջական լրակազմով 14 հատ միջանկյալ մետաղաձողեր: Անհրաժեշտության բացակայության պատճառով այդ մետաղաձողերը չեն շահագործվել և տևական ժամանակ պահվել են կենտրոնական պահեստում՝ սպառելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները: 2015-ին ատոմակայանը հարկադրված «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունից 592 հազար դոլարով ձեռք է բերել մեկ ամբողջական լրակազմ՝ 37 հատ միջանկյալ մետաղաձողեր»,- ասված է հաղորդագրությունում։

2022-ի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ատոմակայանի նախկին տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ մեղադրանք ներկայացնելու համար: 2023-ի հունվարի 31-ին Գ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել:

Մեկնաբանել