Տնտեսական ոլորտում ամեն ինչ լավ է, բայց անվտանգության առումով որոշակի հարցեր կան․ Փաշինյանը՝ Միշուստինին

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

ՌԴ կառավարության ղեկավարը նկատել է, որ չնայած «արտաքին ծանր իրավիճակին», համագործակցությունը երկու երկրների միջև հաջողությամբ զարգանում է։ Նա նշել է, որ 2022-ի հունվար-նոյեմբերին փոխադարձ առևտուրը 2021-ի համեմատ աճել է 77%-ով։ Այն գերազանցել է 4,1 մլրդ դոլարը, ինչն ռեկորդային է փոխադարձ առևտրում։

«Առաջարկում ենք ավելի ակտիվ գործարկել համատեղ նոր նախագծեր։ Մենք նոր Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, մանրամասն քննարկում էինք արդյունաբերական կոոպերացիան։ Եվ ոլորտները, որոնք ավանդաբար կարող են հետաքրքրություն ներկայացնել, դա խաղաղ ատոմային էներգիան, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան և թվային տեխնոլոգիաներն են: Հայ գործարարներն այժմ հիանալի հնարավորություններ ունեն մեր շուկայում աշխատելու համար՝ դրանից ոչ բարյացակամ պետությունների դուրս գալու հետ կապված, նկատի ունեմ ոչ միայն խոշոր բիզնեսը, այլև փոքր ու միջին ձեռնարկությունները, ինչը կնպաստի աշխատատեղերի աճին»,- ասել է նա։

Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն հանդես ենք գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին։

Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման հարցում։ Փաշինյանը շեշտել է, որ ենթակառուցվածքները պետք է գործեն համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են:

«ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում մեզ թվում էր, որ եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացման առնչությամբ: Վլադիմիր Վլադիմիրին ժամանել էր կոնկրետ առաջարկություններով և մենք համաձայնեցրեցինք տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման այդ համաձայնեցված տարբերակների ասպեկտները, սակայն, ցավոք, հետո այդ պայմանավորվածությունները չհաջողվեց իրականացնել Ադրբեջանական Հանրապետության ապակառուցողական և հակաարդյունավետ դիրքորոշման պատճառով»,- ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության առումով «ամեն ինչ լավ է», սակայն անվտանգության ոլորտում որոշակի հարցեր կան։

«Տնտեսության ոլորտում մեզ մոտ ամեն ինչ լավ է, գիտեք, որ Ռուսաստանը անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է և, ցավոք, մեզ մոտ ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում: Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ: Այժմ կարող ենք ասել, որ ԼՂ-ում զարգանում է հումանիտար ճգնաժամ: Դա շատ կարևոր և զգայուն հարց է մեր երկկողմ հարաբերություններում: Ցավոք, անվտանգության ոլորտում ունենք որոշակի հարցեր նաև բազմակողմ ձևաչափով` ՀԱՊԿ-ում և հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուծել բոլոր այդ հարցերը: Մենք աշխատում ենք, մենք շահագրգիռ ենք, բայց ցավոք, անկեղծ ասած, չի նկատվում որևէ առաջխաղացում այդ ուղղություններով»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Մեկնաբանել