Կանանց չվճարվող աշխատանքը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տոնական օրերի ցանկում որպես Կանանց միջազգային օր նշվող մարտի 8-ի պատմական հիմքերում 1910 թվականին հռչակված Աշխատավոր կանանց օրն է: Կանանց իրավունքների պաշտպանության շարժումների զգալի մասը ծագել է հենց կանանց համար հավասար աշխատանքային պայմաններ և հավասար վարձատրություն պահանջելու անհրաժեշտությունից: Թեև այս իրավունքները ներկայում ամրագված են աշխարհի շատ երկրների, այդ թվում նաև՝ ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ, կանայք շարունակում են աշխատել անհավասար պայմաններում, իսկ կանանց աշխատանքի զգալի մասը չի վարձատրվում:

Նվարդ Փիլիպոսյանը

Վերջին տարիներին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և ՄԱԿ֊ի մարմինները բարձրաձայնում են չվճարվող աշխատանքի հիմնախնդիրները, դրա հետևանքով ծագող տնտեսական խնդիրները և առաջարկում լուծման մոդելներ: Աշխարհում չվճարվող աշխատանքի մեծ մասը կազմում են խնամքին ուղղված աշխատանքները (երեխաների, մեծահասակների, առողջական խնդիրներ ունեցող ընտանիքի անդամների խնամք, մաքրություն, սննդի պատրաստում, այլ տնային աշխատանքներ): Այս աշխատանքների գերակշիռ մեծամասնությունը իրականացնում են կանայք:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ չվճարվող աշխատանքի արդյունքում է ձևավորվում աշխարհի պետությունների ՀՆԱ-ի մինչև 39 տոկոսը։ ՀՀ-ում չվճարվող աշխատանքի ճնշող մեծամասնությունը իրականացնում են կանայք։

ՄԱԿ-ի՝ 2020 թվականին հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն Հայաստանում կանայք շաբաթական մինչև 58,5 ժամ ծախսում են տնային աշխատանքներ կատարելու վրա, այն դեպքում, երբ տղամարդիկ այդ աշխատանքների վրա ծախսում են առավելագույնը շաբաթական 28,4 ժամ։ Հետաքրքրական է նաև, որ երբ կինը դադարում է վճարովի աշխատանք կատարել, տնային աշխատանքների վրա ծախսվող նրա ժամանակը գրեթե կրկնապատկվում է, մինչդեռ զբաղվածություն ունեցող և չունեցող տղամարդիկ տնային աշխատանքների վրա ծախսում են նույն՝ միջինում շաբաթական 11 ժամը։

Հայաստանում բոլոր տարիքների և կրթական ու աշխատանքային որակավորման կանայք ավելի քիչ են ներգրավված աշխատաշուկայում, քան տղամարդիկ, իսկ վճարովի աշխատանք ունեցողների մեծամասնությունն աշխատում է ավելի կարճ ժամերով։ Զբաղվածության ցածր մակարդակը հիմնականում բացատրվում է ընտանիքի խնամքով և տնային պարտականություններով։ Սա նպաստում է գենդերային անհավասարության աճին, աշխատաշուկայի բաժանմանը «կանանց» և «տղամարդկանց» աշխատանքների, կանանց ու տղամարդկանց վարձատրության ճեղքվածքի խորացմանը։ Միևնույն ժամանակ տնտեսության զգալի մասը դուրս է մնում պետության ուշադրության և համակարգման դաշտից։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը վերջին տարիներին ընդունել է չվճարվող աշխատանքի անհավասար բաշխման բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված մի շարք իրավական ստանդարտներ։ Դրանք են, մասնավորապես, Ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների մասին թիվ 156 կոնվենցիան և Տնային աշխատողների մասին թիվ 189 կոնվենցիան։ Կովիդ-19 համավարակի հետևանքով չվճարվող խնամքի աշխատանքների ավելացման արդյունքում միջազգային կազմակերպությունները սկսեցին մշակել խնամքի տնտեսությանն ուղղված նոր քաղաքականություններ։

Հատկապես կարևորվում է խնամքին ուղղված աշխատանքների ճանաչումը որպես աշխատանք, խնամքի վճարովի աշխատանքներում ներգրավված անձանց աշխատանքային պայմանների բարելավումն ու վարձատրության դաշտի կարգավորումը, պետության կողմից մանկապարտեզների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների ստեղծումը և/կամ բարելավումը, աշխատավարձերի թափանցիկությունը և վարձատրության գենդերային խզվածքի կրճատմանն ուղղված քայլերը․․․

Էական է նաև խնամքի ոլորտի տնտեսության միասնական համակարգումը։ Օրինակ, տրանպորտային համակարգը և ֆորմալ աշխատանքային ժամերը հաշվի առնելով է անհրաժեշտ կազմակերպել մանկապարտեզների և այլ խնամքի հաստատությունների աշխատանքը կամ օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային ժամերի հնարավորություն (ներկայումս Երևան քաղաքում ծնողներից մեկը՝ հիմնականում կինը, չի կարող լրիվ դրույքով աշխատելով՝ երեխային ժամանակին վերցնել մանկապարտեզից)։

Միևնույն ժամանակ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի սահմանմամբ «աշխատող» է համարվում այն գործունակ քաղաքացին, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի: Այս սահմանման մեջ չեն տեղավորվում ոչ միայն չվճարվող տնային աշխատանք կատարողները, այլ նաև վճարովի խնամքի աշխատանքներում ներգրավված անձանց մեծամասնությունը, քանի որ տնային աշխատողների հետ գրավոր աշխատանքային պայմանագրերի կնքման պրակտիկան մեզ մոտ բացակայում է։ Հետևաբար, խնամքին ուղղված աշխատանք իրականացնող կանանց զգալի մասը չի վարձատրվում դրա դիմաց, իսկ վարձատրվող աշխատանքում ներգրավվածների համար պետության կողմից երաշխավորված չեն նվազագույն աշխատանքային և սոցիալական երաշխիքներ (մայրության արձակուրդ, ամենամյա արձակուրդ, բավարար հանգստյան ժամեր, նվազագույն վարձատրություն, տեսչությանը դիմելու հնարավորություն․․․):

Այսպիսով, Հայաստանում աշխատավոր կանայք դեռ երկար պայքար ունեն մղելու արժանապատիվ ու հավասար աշխատանքային պայմաններ ունենալու համար։

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ իրավաբան Նվարդ Փիլիպոսյան

Մեկնաբանել