Կրիշտիանո Ռոնալդուն ցանկանում է հեռանալ Ռեալից

Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Գրանադային» հաղթելուց (3:0) հետո Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն, ով այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ բացատրել է` ինչու չի տոնել իր խփած գոլերը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

«Ես տխուր եմ և ակումբում գիտեն դրա պատճառը: Ահա թե ինչու չտոնեցի խփածս գոլերը. ես երջանիկ չեմ: Ակումբում մարդիկ գիտեն այդ մասին: Դա ոչ մի կապ չունի Ինյեստայի հետ (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի ճանաչվեց Ինյեստան, խմբ): Այլևս չեմ խոսելու այս մասին և պետք է կենտրոնանամ Պորտուգալիայի հավաքականի առաջիկա հանդիպումների վրա: Այս ամենից շատ ավելի կարևոր բաներ կան»,- ասել է Ռոնալդուն ու ևս մեկ անգամ նշել, որ ակումբում գիտեն` ինչի մասին է խոսքը:

AS-ի հաղորդմամբ` պորտուգալացին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին և գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից: Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում Մայքլ Էսյենը պաշտոնապես ներկայացվել է որպես «Ռեալի» ֆուտբոլիստ:

Աղբյուրը նշում է, որ Ռոնալդուն լարված հարաբերությունների մեջ է թիմի մի քանի խաղացողների հետ, մասնավորապես` Մարսելոյի, ով համոզված է, որ «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդն Իկեր Կասիլյասն է: Սա նույնպես կարող է հանդիսանալ Ռոնալդուի նման հայտարարության պատճառ: Բացի այդ, Կրիշտիանոն ցանկանում է, որ «Ռեալի» ղեկավարութունը բարձրացնի իր աշխատավարձը:

Մեկնաբանել