Հունգարիան և Ադրբեջանը միջազգային հանրությանը պետք է բացատրություն տան. Ադամ Շիֆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել՝ Հունգարիայում 2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու կապակցությամբ:

«Հունգարիան, որտեղ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, և Ադրբեջանը պարտավոր են միջազգային հանրությանը բացատրություն տալ արդարադատության նկատմամբ այս սարսափելի ոտնձգության համար: Սա անընդունելի լուծում է խոստովանված ոճրագործության համար»,- ասել է Շիֆը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը և Ֆրենկ Փալոունը, ինչպես նաև Հովարդ Բերմանը խստագույնս դատապարտել են Ադրբեջանի և Հունգարիայի իշխանությունների հանցավոր գործարքը` այն որակելով լուրջ հարված միջազգային իրավունքի ու բարոյականության նորմերին, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին կացնահարել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին նա արտահանձնվել է Ադրբեջանին և ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից:

Նույն օրը Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մեկնաբանել