Առաջիկայում կրկին կձևավորվի Երիտասարդական խորհրդարան

Առաջիկայում Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից կրկին կստեղծվի Երիտասարդական խորհրդարան: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ընթացքում, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հավաքի նպատակը ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի կազմավորման և գործունեության կարգի քննարկումն է: Դրական և արդյունավետ գնահատելով նախորդ Երիտասարդական խորհրդարանի աշխատանքը`Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ այն գործել է ակտիվ և արդարացրել սպասումները: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ խորհրդարանն այսուհետ ևս կաջակցի ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների իրականացմանը, որը, ըստ նրա, լավ դպրոց է ապագա քաղաքական և պետական գործիչների համար:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրել է Երիտասարդական խորհրդարանի կազմավորման և գործունեության կարգի նախագիծը: Նա նույնպես կարևորել է Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը և նշել, որ ԱՊՀ շրջանակում առաջիկայում կստեղծվի Երիտասարդական խորհրդարան, որի հիմքում կլինի Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի մոդելը:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները:

Մեկնաբանել