Վարչապետն ընդունել է Ֆիլիպ Լըֆորին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում առկա ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լըֆորին: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտությանը, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին և տարածաշրջանային հարցերի. տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԼՂ խնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու գործում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները կարող են ապացուցել, որ Հայաստանը գործում է այդ ուղով, ինչը մենք չենք տեսնում Ադրբեջանի կողմից»,- ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հարցին՝ ինչպես ԵՄ-ն կարող է օգնել հակամարտության լուծմանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Առաջին հերթին ԵՄ-ն կարող է հատուկ փաստաթղթով ընդգծել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով և եթե կողմերից մեկը խախտի այդ սկզբունքը, վերջինիս նկատմամբ կկիրառվեն միջազգային հստակ պատժամիջոցներ»:

Վարչապետի խոսքով, եթե հակամարտության կողմերից մեկը կարծում է, որ կարող է ԼՂ հարցը լուծել ռազմական ուժով, ապա նա մշտապես սպառազինվում է, խաթարում բանակցային գործընթացը և իր հասարակությանը պատրաստում պատերազմի: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հասարակությանը պատրաստում է պատերազմի, վարում ֆաշիստական քաղաքականություն: Այն, որ նա ներում է շնորհել ոճրագործին, որը սպանել է մարդուն միայն հայ լինելու համար, դրա վառ ապացույցն է: Եվրոպական հանությունն իրավունք չունի լռել»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին, Ֆիլիպ Լըֆորն ասել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Լըֆորը ևս մեկ անգամ իր մտահագությունն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ և հիշեցրել, որ ԵՄ-ն դատապարտում է նման քայլը, ինչը վնաս է հասցնում նաև հակամարտության կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանը:

Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի մասին՝ վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այդ ուղղությամբ վերջին տարիներին ձեռնարկվել են համապարփակ քայլեր: Մասնավորապես, ներկայում հաջողությամբ են ընթանում ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ արդեն 2013 թվականի վերջին Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը:

Ֆիլիպ Լըֆորը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և պատրաստ է հետագայում ևս քայլեր ձեռնարկել այն ընդլայնելու ու ամրապնդելու համար:

Մեկնաբանել