Իսլամիստները պատասխան ֆիլմ կնկարահանեն «Մուսուլմանների անմեղությանը»

Եգիպտոսի իսլամիստները ձեռնամուխ են լինում Մուհամադ մարգարեի կյանքի մասին փաստագրական ֆիլմի նկարահանմանը, որը պետք է այլընտրանք դառնա մուսուլմանական երկրներում զանգվածային բողոք առաջացրած սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմին, լրագրողներին տեղեկացրել է սալաֆիական «Ան Նուր» կուսակցության ներկայացուցիչ Մուհամադ Նուրը։

««Սալաֆիական կոչ» շարժման ղեկավարությունն ու «Ան Նուր» կուսակցությունը որոշում են կայացրել Մուհամադ մարգարեի մասին փաստագրական ժապավեն նկարահանելու մասին, որն արժանահավատորեն կպատմի նրա կյանքի և իսլամի տարածման գործունեության մասին»,- ասել է Նուրը։

Նրա խոսքով՝ ֆիլմի (որի տևողությունը կլինի մոտ մեկուկես ժամ) աշխատանքային անվանումն է «Ի՞նչ կլիներ աշխարհի հետ առանց Մուհամադ մարգարեի»։

Սալաֆիական շարժման ղեկավարությունն արդեն ձևավորել է խումբ, որը կզբաղվի նոր ֆիլմի սցենարի գրությամբ։ Սցենարը պետք է պատրաստ լինի արդեն մեկ ամիս հետո, այս ընթացքում պետք է ձևավորվի նաև նկարահանման խումբը, որն անմիջապես ձեռնամուխ է լինելու փաստագրական ժապավենի արտադրությանը, ասել է «Ան Նուր» կուսակցության ներկայացուցիչը։

«Ի՞նչ կլիներ աշխարհի հետ առանց Մուհամադ մարգարեի» ֆիլմը նկարահանվելու է արաբերեն և անմիջապես թարգմանվելու է անգլերեն ու ֆրանսերեն։

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պատճառով սեպտեմբերի 11-ին Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ իրականացված առաջին բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը հենց իսլամի առավել պահպանողական հոսանքի հետևորդ սալաֆիականներ էին։

Նշենք, որ Կահիրեում՝ Գարդեն Սիթի թաղամասում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի դեսպանատունը, ներկայում շարունակվում են բախումները ցուցարարների և ոստիկանների միջև. հարյուրավոր եգիպտացիներ վիրավորվել են։

Մեկնաբանել