Պահեր բոլորն են ունենում, բայց միայն Մովսիսյանն է գոլ խփում. Մուսլին

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը «Ռ-Սպորտի» հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:

Լրագրողի այն հարցին, թե չի՞ վախենում արդյոք, որ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն, ով 7 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ, շուտով նոր ակումբ կարող է տեղափոխվել, մասնագետը պատասխանել է.

«Իհարկե, մենք ապահովագրված չենք, որ Յուրան մի օր մեզնից չի հեռանա: Նա մեզ հետ երկու տարի գործող պայմանագիր ունի: Ամեն ինչ կանենք Յուրային թիմում պահելու համար: Ես հույսեր եմ կապում նրա հետ:

Եթե նա հեռանա, կսկսենք մեկ այլ բարձրակարգ հարձակվող փնտրել: Թեև մեր կազմում կա Մուսա Կոնատե, բայց նա դեռ պետք է աճի:

Դժվար է թիմում նույնատիպ բարձրակարգ երկու երեք հարձակվող ունենալ: ԲԿՄԱ-ն նույնպես Սեյդու Դումբիային լիարժեք փոխարինող չունի, երբ նա շարքից դուրս է գալիս, հարձակման գծում նրանք խնդիրներ են ունենում:

Մենք պետք է մեր կադրերին աճելու հնարավորություն տանք, որպեսզի նրանք էլ գոլ խփեն, այլ ոչ միայն Մովսիսյանը: Չեմ կարծում, որ մեր խաղն ամբողջությամբ կախված է միայն հարձակվողից:

Մենք խաղում ենք կոմբինացիոն ֆուտբոլ, պահեր բոլորն են ունենում, բայց առայժմ դրանք իրացնում է միայն Մովսիսյանը»:

Մեկնաբանել