Խորհրդավոր խորհրդակցություն

Կառավարությունում խորհրդավոր խորհրդակցությունը հետաքրքրական է ժամանակի և նպատակների առումով:

Շաբաթ օրը կառավարությունում Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ «ատկատների» թեմայով կառավարության հասցեին հնչեցված գնահատականների հետ դժվար է չհամաձայնելը: Արդյոք անկեղծորեն մտահոգվա՞ծ էր Սերժ Սարգսյանը իր վարչապետին հրապարակայնորեն գամում անարգանքի սյունին. հազիվ թե: Եթե, ինչպես պնդում է Սերժ Սարգսյանը, ինքը չորս տարի պահանջում է վերացնել պետական գնումների ոլորտում առկա չարաշահումներն ու «ատկատները», և Տիգրան Սարգսյանը ոչինչ չի արել կամ բավականաչափ ջանք չի ներդրել ոլորտում իրավիճակը շտկելու համար, ապա դրանից մի շարք հարցեր են առաջանում:

Հայտնի է, որ պետական գնումների ոլորտը հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, և այստեղ միլիոնավոր դոլարների կեղտոտ փողեր են շրջանառվում: Հարց է առաջանում՝ անցած չորս տարիներին ո՞ւմ գրպաններն են լցվել պետական բյուջեից թալանված գումարները: Եթե Սերժ Սարգսյանը հետևողականորեն զգուշացրել է Տիգրան Սարգսյանին և վերջինս էլ նույն հետևողականությամբ «մատը մատին չի տվել», ապա կարելի է ենթադրել, որ Տիգրան Սարգսյանին առնվազն ձեռնտու է եղել պետական բյուջեն թալանող «ատկատների» և բարեկամ-խնամիներին պատվիրատու դարձնելու ավանդույթը: Սակայն կա մյուս տարբերակը ևս․ Տիգրան Սարգսյանը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, հազիվ թե առանց Սերժ Սարգսյանի հավանության ու համաձայնության, կարողանար պայքարել «ատկատների» դեմ: Այս պնդման լավագույն փաստարկն այն է, որ Տիգրան Սարգսյանին այդպես էլ հնարավորություն չտրվեց բարեփոխելու հարկային ոլորտը՝ չնայած բիզնեսի և քաղաքականության սերտաճումը լավագույնս մարմնավորող Պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ վարչապետի հրապարակային հակադրությանը: Ավելին, Տիգրան Սարգսյանի կադրերը, որոնք կոչված էին իրագործելու հարկային բարեփոխումները, երկար չձգեցին Պետեկամուտների կոմիտեում:

Ծիծաղելի է, որ պետական գնումների, ինչպես նաև մյուս բոլոր ոլոտներում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին տեղյակ չեն իշխանության բարձրագույն օղակները: Սերժ Սարգսյանը թերևս այդքան էլ հետևողական չի պահանջել (եթե ընդհանրապես պահանջել է) Տիգրան Սարգսյանից ոլորտը բարելավել և «ատկատների» հարցը լուծել: Հայաստանում կոռուպցիայի դեմ նոմինալ պայքարից բացի՝ որևէ առարկայական քայլեր չեն արվում: Եվ հանրապետության ղեկավարը միանգամայն ճիշտ է ասում, որ «գլխից պետք է բռնել ու մեծերին»: Մնում է միայն ճշտել, թե ովքեր են այդ մեծերը և ում գլխից պետք է բռնել:

Կառավարությունում խորհրդավոր խորհրդակցությունը հետաքրքրական է նաև ժամանակի և նպատակների առումով: Սերժ Սարգսյանը փաստորեն որոշեց Տիգրան Սարգսյանին հրապարակային կերպով դասեր տալ՝ վարչապետի հնարավոր փոփոխությունների մասին խոսակցությունների ֆոնին: Հատկանշական էր նաև, որ խորհրդակցությունից ընդամենը մի քանի օր առաջ ԲՀԿ խոսնակն էր տարբեր մեղքերի մեջ մեղադրել Տիգրան Սարգսյանին: Հետաքրքիր է՝ ժամանակային այս զուգադիպությունները պատահականությո՞ւն են, թե՞ դիտավորություն:

Նախագահական ընտրություններով պայմանավորված՝ Սերժ Սարգսյանը այս շոուն կազմակերպեց ՝ թերևս հասարակության առաջ բարի թագավոր երևալու և երկրում առկա ձախողումներում Տիգրան Սարգսյանին քավության նոխազ դարձնելու, ինչպես նաև իր հիմնական մրցակից ԲՀԿ-ին ինչ-որ մեսիջներ հղելու համար: Կարելի է ենթադրել, որ մինչև փետրվար տարբեր խորհրդակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանի զայրացած դեմքը տեսնելու էլի առիթներ կլինեն:

Մեկնաբանել