Սենեգալում խնայում են Սենատի լուծարման հաշվին

Սենեգալի խորհրդարանը կողմ է քվեարկել իր վերին պալատի՝ Սենատի լուծարմանը՝ այն հաշվարկով, որ դա կօգնի խնայել միջոցները՝ ջրհեղեղների և դրանց հետևանքների դեմ պայքարի համար, հաղորդում է BBC-ն։

Սենատի անդամները փորձել են դիմակայել երկրի նախագահի առաջարկած այս միջոցառմանը, սակայն փոքրամասնություն են կազմել։ Նախագահ Մակի Սելը ենթադրում է, որ Սենատի լուծարումը թույլ կտա խնայել մոտ $15 մլն, որոնք հնարավոր կլինի ծախսել ջրհեղեղների կանխման միջոցառումների համար։

Տարերային աղետներին (որոնք ամեն տարի Սենեգալում հանգեցնում են զոհերի ու ավերածությունների) դիմակայության շրջանակում Սենեգալում նաև վերացվել է փոխնախագահի պաշտոնը։ Ի տարբերություն Սենատի (որի անդամ էր 100 մարդ) լուծարման՝ փոխնախագահի պաշտոնի վերացումը չի մեծացնի սենեգալցի գործազուրկների թիվը․ 2009թ․ այս պաշտոնի ստեղծումից ի վեր ոչ ոք այդպես էլ չէր նշանակվել փոխնախագահ։

2012թ․ Սենեգալում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 13 մարդ, հազարավոր մարդիկ անօթևան են մնացել։

Մեկնաբանել