Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` Հայաստանի հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ հյուրերի թվում են եղել Եգիպտոսի Արաբական հանրապետության Պառլամենտի Վերին պալատի փոխնախագահ Թարեք ալ-Սահրին, արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված ավելի քան 60 երկրների դեսպաններ և դիվանագետներ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ և լրագրողներ:
Նույն օրը Մադրիդի Սանտա Կարմելիտաս եկեղեցու սրահում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Իսպանիայում ՀՀ դեսպանության և Մադրիդի հայկական եկեղեցու ծխական խորհրդի կողմից:
Հրավիրյալները ներկա են գտնվել սուրբ պատարագին, այնուհետև տեղի է ունեցել փոքրիկ համերգ, որին հայկական և եվրոպական դասական երաժշտության կատարումներով հանդես է եկել «Կատարինա Գուրցկա» երաժշտական կենտրոնի դասախոս, ջութակահար Արամ Ասատրյանը և դաշնակահարուհի Տատյանա Ստուդյոնովան:
Համերգին հանդես են եկել նաև Մադրիդի կիրակնօրյա դպրոցի սաները, կատարել հայկական երգեր և բանաստեղծություններ: