Ատոմակայա՞նն է հզոր, թե՞ արևային պանելները. նախարարի պնդման հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության հունիսի 29-ի նիստում հայտարարեց, թե Հայաստանում տեղադրված արևային պանելների հզորությունը գերազանցել է ատոմակայանի հզորությանը։

«Մեր երկրում բավական արագ է զարգանում [արևային համակարգերի տեղադրումը, խմբ.], և մենք արդեն ատոմակայանի հզորությունից ավել տեղադրված արևային պանելներ ունենք»,- հայտնեց Սանոսյանը։

Գնել Սանոսյանի վերոնշյալ հայտարարարությունը, սակայն, մոլորեցնող է։

#CivilNetCheck-ը ներկայացնում է, թե ինչո՞ւ։

Նոմինալ հզորության թիվը խոսուն չէ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի տվյալներով՝ Հայաստանում ներկայում գործում է մոտ 60 լիցենզավորված արևային էլեկտրակայան, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 204,8 ՄՎտ։

Բացի այդ, երկրում գործում են ավելի քան 11 հազար անձանց կողմից (ինքնավար արտադրողներ) տեղադրված արևային համակարգեր, օրինակ՝ տների և շենքերի տանիքներին տեղադրված արևային պանելները։ Այս համակարգերի ընդհանուր հզորությունը գնահատվում է 207,5 ՄՎտ։

Այսինքն՝ լիցենզավորված արևային էլեկտրակայանների և ինքնավար արտադրողների արևային համակարգերի ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 412,3 ՄՎտ։ Թվային ցուցանիշով սա փոքր-ինչ գերազանցում Մեծամորի ատոմակայանի գործող բլոկի հզորությանը, որը կազմում է 407,5 ՄՎտ։

Սակայն կարևոր է նշել, որ խոսքը համակարգերի դրվածքային կամ նոմինալ հզորության մասին է, և արևային կայանները իրականում իրենց առավելագույն հզորությունը չեն կարող ապահովել։ Կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը խիստ փոփոխական է՝ կախված եղանակից, օրվա ժամից և այլ հանգամանքներից։

Ընդ որում, ինքնավար արտադրողների արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը հայտնի կամ չափելի չէ։ Հայտնի է միայն, թե փոխհոսքերի արդյունքում նրանք որքան էլեկտրաէներգիա են փոխանցել ընդհանուր ցանցին։

Արևային էներգիայի կշիռը էներգետիկ կառուցվածքում գնահատելու համար ավելի ճիշտ է խոսել էլեկտրաէներգիայի արտադրողականության մասին:

Էլեկտրաէներգիայի միայն 4%-ն է ստացվում արևային էներգիայից

Հայաստանում 2023-ի հունվար-մարտին էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կազմել է 2326,8 ԳՎտ-Ժ, որի մոտ 45%-ը (1066 ԳՎտ-Ժ) ստացվել է ջերմաէլեկտրակայաններից (ՋԷԿ)։

Մատակարարված էլեկտրաէներգիայի միայն 4,3%-ը կամ 100,6 ԳՎտ-Ժ-ն է ստացվել արևային էներգիայից, որի ավելի քան 2/3-ը ստացվել է լիցենզավորված արևային էլեկտրակայաններից (73,2 ԳՎտ-Ժ):

Նույն ժամանակաշրջանում ատոմակայանից ստացվել է 872,5 ԳՎտ-Ժ էլեկտրաէներգիա (ընդհանուրի 37,5%-ը)՝ 8,6 անգամ ավելի, քան արևային կայաններից ստացված էլեկտրաէներգիան։ ՀԷԿ-երն արտադրել են 283,3 ԳՎտ-Ժ կամ ընդհանուրի մոտ 12%-ը։

Տարեկան կտրվածքով պատկերը գրեթե նույնական է՝ 2022-ին արտադրվել է ընդհանուր 8907,9 ԳՎտ-Ժ էլեկտրաէներգիա, որի 43,5%-ը ստացվել է ՋԷԿ-երից, 31,9%-ը՝ ՀԱԷԿ-ից, 21,7%-ը՝ ՀԷԿ-երից և 2,7%-ը՝ արևային էլեկտրակայաններից։

Գրաֆիկում ներառված չէ մասնավոր ինքնավար արտադրողների արևային համակարգերից ցանցին մատակարարված էլեկտրաէներգիան

Նախորդ տարի՝ 2022-ին, շահագործման է հանձնվել ներկայում գործող 60 էլեկտրակայաններից 34-ը՝ կեսից ավելին։ Ներկայում տրամադրված լիցենզիաներով մինչև 2025-ը պետք է կառուցվի 12 նոր արևային էլեկտրակայան, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կկազմի 106,2 ՄՎտ, իսկ տարեկան արտադրողականությունը՝ 248,6 ԳՎտ-Ժ։

Բացի այդ, ծրագրվում է կառուցել երկու գերհզոր արևային էլեկտրակայան՝ «Այգ-1»-ը և «Այգ-2»-ը, որոնցից յուրաքանչյուրը կունենա 200 ՄՎտ դրվածքային հզորություն և տարեկան փաստացի կարտադրի միջինը 320 ԳՎտ-Ժ էլեկտրաէներգիա։

Այսինքն, եթե բոլոր արևային էլեկտրակայանները նախանշվածի պես մինչև 2025 կառուցվեն, ապա Հայաստանը ընդամենը երկու տարի անց կունենա տարեկան մոտ 1350 ԳՎտ-ժ ընդհանուր արտադրողականությամբ արևային էլեկտրակայաններ՝ ատոմակայանի արտադրողականության կեսի չափով։

Այսպիսով՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հնչեցրած պնդումը, թե Հայաստանում տեղադրված արևային պանելների հզորությունը գերազանցել է ատոմակայանի հզորությանը, մոլորեցնող է։

Մեկնաբանել