Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է բարեկամության համաձայնագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է բարեկամության համաձայնագիր: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակ հետապնդող համաձայնագրով նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն, ինչպես նաև երկու քաղաքներում գործող կազմակերպությունների և գործարար շրջանակների միջև առկա կապերի ամրապնդում:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ համաձայնագիրը անհրաժեշտություն է՝ հատկապես հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային փորձն ու գիտելիքները, որոնց փոխանցումը կնպաստի ԼՂՀ մայրաքաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը: «Համայն հայության մայրաքաղաք Երևանն այսօր բարեկամության և համագործակցության ձեռք է մեկնում մարտնչող Արցախի մայրաքաղաքին: Ես ողջունում եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի այս նախաձեռնությունը և համոզված եմ, որ այս համաձայնագրի շրջանակում մենք հնարավորություն կունենանք առավել լայն դաշտում համագործակցել»,- նշել է Սուրեն Գրիգորյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին ասել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա հարաբերությունների մակարդակը, ինքնին ենթադրում է, որ պետք է խթանել երկու պետությունների համայնքների միջև հարաբերությունների զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբերի նիստերը հաջորդաբար գումարել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում և համագործակցության ծրագրի կատարման ընթացքի մասին յուրաքանչյուր կիսամյակը մեկ քաղաքապետերին ներկայացնել առկա արդյունքները:

Մինչ համաձայնագրի ստորագրումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

Ի խորհրդանշումն Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրման՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ համապատասխան գրառումով գեղեցիկ նստարաններ են նվիրվել Ստեփանակերտին, որոնք արդեն իսկ զարդարում են ԼՂՀ մայրաքաղաքի «Վերածննդի» հրապարակը, այգիներն ու քաղաքի կենտրոնական փողոցները:

Մեկնաբանել