Վրաստանի խորհրդարանի խոսնակը ճնշում է դոնորներին՝ իր կարծիքը OC Media-ում չհրապարակվելու պատճառով 

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, պաշտոնական լուսանկար։

OC Media

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին բողոք է ներկայացրել անմիջապես OC Media-ի ինստիտուցիոնալ դոնորներին՝ ակնհայտորեն փորձելով ազդել լրատվամիջոցի գործունեության վրա կամ պատժել լրատվամիջոցին իր գրած հեղինակային հոդվածը հրապարակելուց հրաժարվելու համար:

Առնվազն մեկ միջազգային կազմակերպություն, որը ֆինանսավորում է OC Media-ին, հաստատել է, որ մերժում ստանալուց հետո խոսնակի գրասենյակը նամակ է գրել իրենց:

Դոնորին ուղղված նամակում, որը նաև OC Media-ն է տեսել, խոսնակի գրասենյակը նշում է, որ Վրաստանի կառավարության և դոնորի միջև համագործակցությունը «հիմնված է եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանն ուղղված Վրաստանի ձգտումների ընդհանուր ըմբռնման վրա»:

«Այն փաստը, որ դուք ֆինանսավորում եք մի կազմակերպության, որը միայն միակողմանի լուսաբանում է վրացական քաղաքականությունը և կտրականապես հրաժարվում է նույնիսկ դիտարկել տարբեր կարծիքի հրապարակումը, չի համապատասխանում այս ոգուն»,- ասվում է նամակում։

Նշված դոնոր կազմակերպության ներկայացուցիչը OC Media-ին ասել է, որ իրենք «զարմացած են» նամակից։ «Մենք զարմացած էինք բողոքից և չգիտեինք, թե ինչպես դա մեկնաբանել»,- ասել են նրանք:

Խորհրդարանի խոսնակի գրասենյակի ներկայացուցիչ Տիկո Մգելաձեն OC Media-ին առաջին անգամ դիմել է հունիսի 28-ին և հայտնել, որ Պապուաշվիլին ցանկանում է կարծիք հրապարակել OC Media-ում:

Մգելաձեն հրաժարվել է ուղարկել տեքստը, մինչև OC Media-ն չհաստատի, որ կհրապարակի այն: Տեղեկանալուց հետո, որ հնարավոր չի լինի հրապարակել հոդված՝ առանց նախապես այն ամբողջությամբ տեսնելու, խոսնակի գրասենյակը կրկին մերժել է՝ ուղարկելով միայն վերնագիրը՝ «Վրաստանի ժողովրդավարական իշխանությունը վրացի ժողովրդից փաստացի տարանջատելու մարտավարությունը համապատասխանում է ռուսական հիբրիդային սցենարին», ինչպես նաև տեքստի առաջին պարբերությունը։

OC Media-ի խմբագրական թիմը, ի վերջո, մերժել է այն։ Ավելի ուշ Պապուաշվիլին տեքստը հրապարակել է «X»-ի (նախկին Twitter) իր անձնական օգտահաշվում։

OC Media-ի գլխավոր խմբագիր Ռոբին Ֆաբրոն ասել է, որ թեև դա հեշտ որոշում չէր, սակայն խմբագրական խորհուրդը առաջնորդվում է իրենց ընթերցողներին լավագույնս ծառայելու և տեղեկացնելու ձգտումով։

«Մեր կանոնավոր հրապարակումներում մենք միշտ ձգտում ենք ճշգրիտ ներկայացնել պատմության մեջ ներգրավված բոլոր կողմերի, այդ թվում՝ Վրաստանի կառավարության դիրքորոշումները,- ասել է Ֆաբրոն, – Սա առաքելություն է, որը հաճախ դժվարանում է մամուլի հանդեպ կառավարության բացահայտ թշնամանքի պատճառով։ Այս կառավարությունը պարբերաբար հրաժարվում է պատասխանել մեր՝ նույնիսկ ամենաանմեղ հարցերին։ Մեր լրագրողների նամակները մնում են անպատասխան, իսկ հեռախոսազանգերին հազվադեպ են պատասխանում, եթե իհարկե երբևէ պատասխանում են»։

«Մենք նաև չափազանց ընտրողաբար ենք մոտենում հարցին, թե ինչ ենք ընտրում հրապարակելու համար մեր կարծիքների բաժնում։ Թեև մենք ողջունում ենք կարծիքների բազմազանությունը, հրապարակելու համար ընտրում ենք միայն կարծիքներ, որոնք, մեր կարծիքով, փաստական առումով հիմնավոր են, գաղափարի ազնիվ արտահայտում են և ընդհանուր առմամբ համահունչ են մեր հիմնական արժեքներին. որպես անկախ լրատվամիջոց՝ սա մեր իրավունքն է»:

«Փաստն այն է, որ Վրաստանի կառավարությունը հաճախ փորձում է իրեն այլ կերպ ներկայացնել միջազգային լսարանին, հատկապես Արևմուտքում որոշում կայացնողներին, քան սեփական ժողովրդին: Չափազանց մեծ վտանգ կար, որ այդ հրապարակումը պարզապես անկեղծ ու իսկական չլիներ»,- ասել է նա:

«Սրանք այն հիմնական գործոններից էին, որոնց հիման մեր խմբագրական թիմը եկավ միաձայն որոշման, որ այս կարծիքի հրապարակումը հակասում է մեր առաքելությանը, և եթե դա հրապարակեինք միայն այն պատճառով, որ խոսնակը հեղինակավոր դիրք ունի, ապա դրանով արջի ծառայություն կմատուցեինք մեր ընթերցողներին»,- բացատրել է Ֆաբրոն։

OC Media-ի համահիմնադիր և համատնօրեն Մարիամ Նիկուրաձեն ասել է, որ կազմակերպության դոնորների հետ ուղիղ կապ հաստատելը ակնհայտ հարձակում է կազմակերպության խմբագրական անկախության և, ընդհանուր առմամբ, մամուլի ազատության վրա:

««Վրացական երազանք»-ի հարձակումները մամուլի վրա շարունակվում են անդադար։ Եթե ինձ հարցնեիք երեք տարի առաջ, ապա ես երբեք չէի կարող պատկերացնել, որ Վրաստանում միջավայրը, որտեղ մենք աշխատում ենք, կարող է այդպես արագ և այդքան վատթարանալ»,- ասել է Նիկուրաձեն։

Նիկուրաձեն չի բացառել, որ խոսնակի գրասենյակը հետագայում հաշվեհարդար կտեսնի իրենց հետ, հատկապես այն պատճառով, որ իրենք հանրայնացրել են միջադեպը։

«Ինձ բոլորովին չի զարմացնի, եթե մենք բախվենք իրավական ոտնձգությունների, օրինակ՝ ի պատասխան «չհայտարարված» աուդիտ անցկացվի կամ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացվի»,- ասել է նա,- Մենք նաև մտահոգված ենք, որ մեր գրասենյակը և անձնակազմը գուցե հսկողության տակ են, քանի որ անվտանգության ծառայություններն արդեն ցույց են տվել, որ պատրաստ են վերահսկել լրագրողներին»:

«Ի վերջո, ես կարծում եմ, որ այս միջադեպը ցույց է տալիս մեր լրագրողական աշխատանքի ուժը, և որ Վրաստանի կառավարությունը վախեցած է մեր արտադրած լրագրողական բովանդակությունից, հատկապես հաշվի առնելով, որ դրանք կարդում են Բրյուսելում, Վաշինգտոնում և այլուր»:

«Մաքրել իշխող կուսակցության հռետորաբանությունը»

Պապուաշվիլիի հոդվածի (որի բովանդակությունն ամբողջությամբ չի տրամադրվել OC Media-ին) մերժման պատճառներից մեկն այն էր, որ ներկայացված փաստարկն ուղղակիորեն հակասում էր վերջին տարիներին «Վրացական երազանք»-ի կառավարության գործողություններին ԵՄ-ի և ավելի լայն առումով Արևմուտքի նկատմամբ։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանի կառավարությունը կտրուկ շրջադարձ է կատարել Արևմուտքի դեմ:

Ինքը՝ Պապուաշվիլին, ոչինչ չի արել հակասելու համար Արևմուտքի դեմ ուղղված դավադրության տեսություններին, որոնք առաջ են քաշում իր իսկ կուսակցության և նրա հետ փոխկապակցված «Ժողովրդական իշխանության» կողմից:

Հուլիսին նա ժողովրդավարական աջակցություն ստացող ընդդիմադիր խմբերին անվանել է դավաճաններ և «հինգերորդ շարասյուն», և պնդել, որ նրանք և քաղաքացիական հասարակության տեղական որոշ խմբեր փորձել են տապալել կառավարությունը:

Երբ խորհրդարանը հրաժարվեց օտարերկրյա գործակալների մասին տխրահռչակ օրենքի նախագծից, որը հեղինակել էր «Ժողովրդական իշխանությունը»՝ խորհրդարանում կառավարության ռուսամետ արբանյակը, «Վրացական երազանքը» և ինքը՝ Պապուաշվիլին շարունակեցին պնդել, որ պետք է ստուգվեն Արևմուտքի կողմից ֆինանսավորվող քաղաքացիական հասարակության տեղական խմբերի և լրատվամիջոցների ֆինանսական աղբուրները:


Բողոքի ցույցեր՝ ընդդեմ Վրաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի, 2023-ի մարտ, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։


2021-ին խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնելուց հետո Պապուաշվիլիի առաջին քայլերը եղել են այն, որ նա հրաժարվել է Եվրախորհրդարանի պատվիրակության հետ հանդիպելուց, նաև հրաժարվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հեռավար հարթակ առաջարկելու գաղափարից, որպեսզի նա ելույթով դիմեր Վրաստանի խորհրդարանին։

Պապուաշվիլին նաև պարբերաբար պաշտպանել է իր կուսակցության այլ անդամների կողմից արված հակաարևմտյան հայտարարությունները։

Մայիսին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հիմնական պատճառն ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի մտադրությունն էր: Պապուաշվիլին արձագանքեց, որ վարչապետի մեկնաբանությունները սխալ են մեկնաբանվում։

Պապուաշվիլին խորհրդարանի նախագահ է ընտրվել 2021-ի դեկտեմբերին այն բանից հետո, երբ այն ժամանակվա խոսնակ Կախա Կուչավան անհասկանալի պատճառներով հրաժարական տվեց։ Նրա հրաժարականը համընկավ «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան հռետորաբանության սրման հետ, որն այդ ժամանակից ի վեր աճել է երկրաչափական պրոգրեսիայով։

Կուչավան նախկինում աչքի է ընկել արևմտամետ մեսիջները միջազգային լսարանին փոխանցելու հարցում՝ ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր կերպով:

Իր կուսակցության հակաարևմտյան և հակաժողովրդավարական հռետորաբանությունը վրացերենով տեղական լսարանին հրամցնելով՝ Պապուաշվիլին, ըստ երևույթին, ստանձնել է Կուչավայի դերը՝ միջազգային լսարանին ավելի շատ արևմտամետ ուղերձներ հղելու հարցում: Սա ներառում է X-ում (նախկինում՝ Twitter) արվող գրառումները, ինչպես նաև անգլալեզու լրատվամիջոցներում հրապարակվող կարծիքները։

Արևմտյան դիվանագետների և պաշտոնյաների հետ մասնավոր զրույցներում Պապուաշվիլին, ինչպես հայտնի է, նվազեցնում է իր կուսակցության հակաարևմտյան հռետորաբանությունը՝ միաժամանակ պնդելով, թե Վրաստանը հարգանքով է վերաբերվում Արևմուտքին:

«Մեր թիմն ի գիտություն է ընդունել այս օրինաչափությունը, երբ որոշ պաշտոնյաների հանձնարարվել է մաքրել իշխող կուսակցության հռետորաբանությունը և գործողությունները անգլալեզու լրատվամիջոցներով միջազգային լսարանի համար,- ասել է OC Media-ի գլխավոր խմբագիր Ռոբին Ֆաբրոն,- Սա այն հարցը չէ, որում մենք մտադիր էինք օգնել նրանց»:

«Հեղինակային հոդվածը, կարծիքը, ի տարբերություն հարցազրույցի՝ ինքնուրույն կամ որպես ավելի լայն պատմության մաս, հեղինակին հնարավորություն է տալիս խոսելու առանց որևէ քննադատության,- հավելել է նա,- Նման հարթակը արտոնություն է, ոչ թե իրավունք»։

Պապուաշվիլիի գրասենյակից OC Media-ին ասել են, որ խոսնակի հոդվածը հրապարակելուց հրաժարվելը «հակասում է ինչպես պետության կողմից ճանաչված խոսքի ազատությանը, այնպես էլ [OC Media-ի] բազմակարծության ինքնահռչակ սկզբունքներին»:

«Քանի որ խոսքի ազատության և բազմակարծության գաղափարները Վրաստանի կառավարության և դոնոր կազմակերպությունների համագործակցության հիմքն են, խորհրդարանի նախագահը անհրաժեշտ է համարել դոնոր կազմակերպություններին տեղեկացնել այդ արժեքների դեմ ձեր գործողությունների մասին»,- ասվում է նամակում։

«Վրաստանի խորհրդարանի նախագահը բացառապես ձեր մեդիա հարթակին առաջարկել է հրապարակել մի հոդված, որն արտացոլում է նրա կարծիքը արդի քաղաքական հարցերի վերաբերյալ,- ասվում է նամակում,- «Ցավոք, դուք մերժեցիք մեզ՝ առանց պատճառաբանելու»։

Պապուաշվիլիի հոդվածը հրապարակել մերժելուց հետո OC Media-ն նրա գրասենյակին տեղեկացրել է մի շարք չափանիշների մասին, որոնցով առաջնորդվելով՝ խմբագրությունը որոշում է՝ հրապարակել այս կամ այն կարծիքը, թե ոչ:

OC Media-ն նաև հարցազրույց է խնդրել խորհրդարանի խոսնակի հետ: Պապուաշվիլիի գրասենյակը մերժել է։

Առաջարկը մնում է ուժի մեջ։


Վատթարացող մեդիա միջավայր

OC Media-ի դոնորին ուղղված նամակում Պապուաշվիլիի գրասենյակը նշել է, որ իրենք «հարգում են OC Media-ի լրագրողական անկախությունը», և որ «Վրաստանում լրատվամիջոցների ազատությունը լայնորեն երաշխավորված և հարգված է կառավարության կողմից»:

Այդուհանդերձ, Վրաստանի ԶԼՄ-ների պաշտպանության կոալիցիայի ղեկավար Մամուկա Անդղուլաձեն OC Media-ին ասել է, որ խոսնակի գրասենյակի գործողությունները «ճնշման մեխանիզմ են, լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու գործիքներից մեկը»:

«Ցավոք, սա շարունակությունն է այն ավանդույթի, որով իշխանության բոլոր թևերը փորձում են սահմանափակել երկրում լրատվամիջոցների ազատությունը»,- ասել է Անդղուլաձեն:

«Հաշվի առնելով, որ նրանք հնարավորություն ունեցել են ծանոթանալու այն չափորոշիչներին, որոնց հիման վրա ցանկացած լրատվական կազմակերպություն ինքն է որոշում՝ ըստ իր խմբագրական անկախության, թե ինչ հրապարակել, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ [OC Media-ի] կարծիքի ձևաչափն այդքան էլ նախատեսված չէ հարթակ տրամադրելու նրանց, ովքեր իշխանությունում են, նաև այն, որ նրանք նույնիսկ չեն տրամադրել ամբողջական հոդվածը, դա լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու փորձ է՝ ուղղակի կամ անուղղակի ազդելով նրանց ֆինանսական աղբյուրների վրա»,- ասել է նա։

Մարդու իրավունքների և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները վերջին տարիներին Վրաստանում մամուլի ազատության վիճակի վատթարացում են գրանցել։ Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ «պաշտոնական միջամտությունը խաթարում է մամուլի ազատությունը բարելավելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը»։

«Իշխանությունները հաճախ հրաժարվում են պատասխանել լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրենց և երբեմն դիմում գրաքննության, խուզարկությունների, զրպարտչական արշավների և ահաբեկման»,- հայտարարել էր կազմակերպությունը։

Վերջին տարիներին կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել, որոնք սահմանափակել են Վրաստանում մամուլի ազատությունը։

Խորհրդարանի նախագահի պաշտոնում այս տարվա սկզբին Պապուաշվիլին խորհրդարանական «վարքագծի նոր կանոնագիրք» ներկայացրեց լրագրողների համար: Բացի նրանից, որ այն սահմանափակում է լրատվամիջոցներից լրագրողների թիվը, որոնց թույլատրվում է այցելել խորհրդարան, պահանջում պատգամավորական հավատարմագրում ստանալ, նոր կանոնագիրքը իշխանություններին թույլ է տալիս արգելել լրագրողներին խորհրդարան մտնել, եթե նրանք պատգամավորներին հարցեր են տվել այն բանից հետո, երբ վերջիններս հրաժարվել են պատասխանել դրանց։

«Հավատարմագրման կանոնը խախտում է լրատվամիջոցների իրավունքները, ինչպես նաև հասարակության՝ օրենսդիր մարմնում ընթացող քաղաքական գործընթացների մասին տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը»,- ասել է մամուլի իրավունքների հարցերով զբաղվող MediaOmbudsman-ի տնօրեն Նաթիա Կապանաձեն:

Վարքագծի նոր կանոնագրքի ուժի մեջ մտնելուց ի վեր, խորհրդարանը չեղյալ է հայտարարել «Պուբլիկա», առցանց լրատվական կայքի, «Փիրվելի», «Մթավարի» և «Ֆորմուլա» հեռուստաալիքների լրագրողների հավատարմագրումը։

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ մարտին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ շենքից վտարվեցին նաև խորհրդարանում հավատարմագրված լրագրողները, որոնք փորձում էին լուսաբանել ներսում ծավալվող քաղաքական իրադարձությունները:

Օրենքն ինքնին ուղղակիորեն կթիրախավորեր անկախ լրատվամիջոցներին, որոնցից շատերը գործում են օտարերկրյա դոնորների ֆինանսավորմամբ։

Ընդունվելու դեպքում այս օրենքները անկախ շատ լրատվամիջոցների կպիտակավորվեին որպես «օտարերկրյա գործակալներ», ճիշտ այն օրենսդրության պես, որը վերացրել է անկախ լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակությունը Ռուսաստանում: Օրենքի անորոշ ձևակերպումները կարող էին նաև կառավարությանը իրավունք տալ բռնագրավելու կամ սառեցնելու այդ կազմակերպությունների ակտիվները:

«Վրացական երազանքի» կառավարման տարիներին մի քանի ընդդիմադիր և իշխանություններին սուր քննադատող հեռուստաալիքներ նույնպես բախվել են սեփականության հետ կապված վեճերի։ Մի քանի լրատվամիջոցների սեփականատերեր հետապնդման են ենթարկվել:

2022-ի մայիսին, մի քանի շաբաթ առաջ այն բանից, երբ ԵՄ-ն մերժեց Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրել, ձերբակալվեց ամենաշատ դիտվող ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի ղեկավարը: Տեղական և միջազգային իրավապաշտպան մի քանի կազմակերպություններ հայտարարեցին, որ նրան առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, ոմանք էլ պնդում են, որ դա միտումնավոր փորձ է, որը նպատակ ունի սաբոտաժի ենթարկել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտը:

Վերջին տարիներին «Վրացական երազանք»-ը նաև սկսել է կիրառել զրպարտության մասին օրենսդրությունը իրենց քննադատող լրատվամիջոցների լրագրողների դեմ: Վերջին շրջանում նման հայցերի թիվը զգալիորեն ավելացել է։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 28 այսպիսի հայց է ներկայացվել ընդդիմադիր «Մթավարի», «Ֆորմուլա» և «Փիրվելի» հեռուստաալիքների ներկայացուցիչների դեմ, որոնց մեծ մասը ներկայացվել է 2021-ին։

Լրատվամիջոցների դեմ Պապուաշվիլիի սեփական գործողություններն սկսվել են դեռ այն ժամանակ, երբ նա «Վրացական երազանք»-ի մամուլի խոսնակն էր: 2021-ի ամռանը նա հայտարարեց, որ իշխող կուսակցությունը բոյկոտելու է չորս անկախ և ընդդիմադիր ուղղվածություն ունեցող հեռուստաալիքների այն պատճառով, որ դրանք պահանջում էին կառավարության հրաժարականը։

Լրատվամիջոցներն այդ պահանջն առաջ էին քաշել, երբ մեկ օրում հոմոֆոբ ամբոխի գործողությունների հետևանքով լրատվամիջոցների ավելի քան 50 աշխատակից վիրավորվեց, իսկ նրանցից մեկը՝ օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան, մահացավ։

Հուլիսի 5-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ամբոխը հարձակվում է լրագրողների վրա, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Լրատվամիջոցների աշխատակիցները տեսախցիկներով ստեղծված միջանցքով և երկար ծափահարություններով հրաժեշտ են տալիս Ալեքսանդր Լաշկարավային, 13 հուլիսի 2021, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media:

Այդ ժամանակվանից ի վեր կառավարությունը շարունակում է բոյկոտել այն հեռուստաալիքներին, որոնք չեն հետևում խմբագրական իշխանամետ ուղեգծին:

Մեկնաբանել