Աբխազիայի արտգործնախարարը զգուշացնում է ռուս-վրացական աճող կապերի մասին

Լուսանկարում՝ Աբխազիայի արտգործնախարար Ինալ Արձինբան։

OC Media

Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան երկրի քաղաքացիներին զգուշացրել է, որ վրաց-ռուսական հարաբերությունների բարելավումը կարող է սպառնալ Աբխազիային։ Նա ասել է, թե Վրաստանը պատրաստ է հարմար առիթի դեպքում հարձակվել Աբխազիայի վրա։

Արտգործնախարարի պաշտոնից իր հրաժարականի մասին լուրերից ընդամենը երկու շաբաթ անց Արձինբան սկսել է մի շարք հանդիպումներ ունենալ Աբխազիայի փոքր ու մեծ քաղաքների բնակիչների հետ:

Օգոստոսի 18-ին մեկնարկած հանդիպումների հիմնական թեման ռուս-աբխազական հարաբերություններն են՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման 15-ամյակի լույսի ներքո։ Այնուամենայնիվ, հանդիպումներին մասնակցած անձինք ասել են, որ Արձինբան դրանց ընթացքում շեշտը դնում է օտարերկրյա քաղաքացիներին անշարժ գույքի վաճառքը թույլատրող օրինագծի վրա՝ ենթադրվող սպառնալիքի ֆոնին, որ վրաց-ռուսական ավելի սերտ հարաբերությունները ներկայացնում են տարածաշրջանին:

Բնակարաններին վերաբերող օրենքը բուռն քննարկման առարկա է դարձել այն պահից, երբ առաջին անգամ առաջարկվեց 2022-ի վերջին: Ակտիվիստներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները նշում են, որ օրինագիծը նպատակ ունի ոչ աբխազներին ևս թույլատրել գույք գնել և այդպիսով բնակություն հաստատել:

Ռուս պաշտոնյաները տարիներ շարունակ պնդել են, որ Աբխազիան Ռուսաստանի քաղաքացիներին թույլ տա տեղափոխվել և գույք գնել Աբխազիայում, ինչին տեղի իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը դիմադրում էին։ Շատերը ենթադրում էին, որ դա սպառնալիք է Աբխազիայի ինքնիշխանությանը:

Այդուհանդերձ, պետական պաշտոնյաները, այդ թվում՝ Արձինբան, մեծապես աջակցել են այս օրենսդրությանը՝ պնդելով, որ բնակարանների կառուցումն ու վաճառքը կարող են Աբխազիայի համար եկամտի զգալի աղբյուր լինել:

Իրենց հայտարարություններում նրանք նաև ավելի ու ավելի են ուշադրություն սևեռում այն ենթադրյալ վտանգների վրա, որոնք սպառնում են Աբխազիայի բնակիչներին, եթե օրենքը չընդունվի:

Ռուս-վրացական հարաբերությունները և պատերազմի վտանգը

Աբխազիայի քաղաքներում տեղի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ Արձինբան զգուշացրել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները գնալով սերտանում են, և որ Վրաստանը՝ հատկապես որպես տարանցիկ երկիր, մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի համար։ Արձինբան ասել է, որ Աբխազիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահպանի իր հետաքրքրությունը Ռուսաստանի համար, հակառակ դեպքում կարող է հայտնվել դիվանագիտական գործընթացների լուսանցքում։

«Այսօր [Վրաստանի] օդային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ վերականգնվել է, այսօր վերականգնվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև առանց վիզայի ռեժիմը»,- նշել է Արձինբան սեպտեմբերի 13-ին Սուխումիում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ 2022-ին Հայաստանից և Թուրքիայից ավելի քան 500 000 բեռնատար մեքենա է մտել Վրաստան և ուղևորվել դեպի Ռուսաստան, և նշել, որ ռուս-վրացական ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 մլրդ դոլար այն դեպքում, երբ ռուս-աբխազական ապրանքաշրջանառությունը կազմում է 3,5 մլն դոլար։

«Ռուսաստանը դարձել է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը։- ասել է Արձինբան,- Ի՞նչ ապրանքաշրջանառություն կլինի Ռուսաստանի և Վրաստանի միջև վաղը»։

Արձինբան այս զարգացումներն անթաքույց կապել է ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գլխավորած Ժնևի միջազգային քննարկումների հետ, որոնք 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո եռամսյակային հանդիպումների ժամանակ մեկ հարկի տակ էին հավաքել Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին:

«Կարող եք պատկերացնել, թե Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն այս հարթակում որքան կարևոր է։ Այնտեղ ամեն ինչ մեծապես կախված է Ռուսաստանից։ Եվ եթե, Աստված մի արասցե, ռուսների հետ մեր հարաբերությունների հավասարակշռությունը փոխվի, ապա մեզ համար դժվար կլինի»,- ասել է Ինալ Արձինբան։

Նա նաև ասել է, թե Վրաստանը Աբխազիայի հարցում երկու պոտենցիալ մոտեցում ունի, որոնցից առաջինը ներգրավումն է՝ առանց ճանաչման, երկրորդը՝ ռազմական հակամարտությունը։

«Վրացիները ամերիկացիների աջակցությամբ, անվճար առողջապահությամբ, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքի շնորհիվ կկարողանան հրապուրել մեր ժողովրդին, ներգրավել մեր ժողովրդին և այդպիսով, ինչպես իրենք են ասում, լուծել Աբխազիայի խնդիրը։ Սա փափուկ սցենարն է՝ այն, ինչ մենք տեսանք հետխորհրդային շատ երկրներում, այն, ինչ, ցավոք, տեղի ունեցավ»,- ասել է նա։

Արձինբան իր պաշտոնավարման սկզբից ևեթ թշնամաբար է վերաբերվել Աբխազիայում գործող միջազգային կազմակերպություններին և արտաքին գործընկերների հետ համագործակցությանը, ինչը հանգեցրել է քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների և նախագծերի փակման:

Ինչ վերաբերում է զինված հակամարտությանը, Արձինբան հայտարարել է, թե Վրաստանը պատրաստվում է ռազմական միջամտության և ունի հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք պատրաստ են օգտագործման։

«Երբ Ռուսաստանում ռազմական ապստամբության փորձ եղավ, մենք տեղեկություն ստացանք, որ հենց Ռուսաստանում իրավիճակը փոխվի, վրացիները պատրաստ են հարձակողական գործողություն իրականացնել մեր երկրի դեմ։ Այս գործողության պլանն արդեն պատրաստ է հենց այդ հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»,- պնդել է Արձինբան։

«Երախտագիտություն հայտնելով Ռուսաստանին»

Արձինբան նաև ուշադրություն է հրավիրել ինչպես Բելառուսի կողմից Աբխազիայի հնարավոր ճանաչմանը, այնպես էլ Ռուսաստանի հանդեպ Աբխազիայի ենթադրյալ պարտքի զգացումին։

«Եթե մենք ընդլայնում ենք մեր միջազգային շփումները, դա Ռուսաստանի շնորհիվ է, եթե ունենք գործընկերներ, որոնց վրա կարող ենք հույս դնել, դա հիմնականում, դեպքերի ճնշող մեծամասնությամբ, Ռուսաստանի շնորհիվ է,- ասել է Արձինբան։- Դժվար է պատկերացնել, որ նիկարագուացիները կամ վենեսուելացիները աշխարհի մյուս ծայրում մտածում են, թե արդյոք պետք է ճանաչեն Աբխազիան»:

Արձինբան բարձր է գնահատել Աբխազիայի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրած երկքաղաքացիության մասին համաձայնագիրը, որը դեռ պետք է ստորագրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա քննադատել է Պիցունդայի պետական ամառանոցը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը փոխանցելու դեմ բողոքի ցույցերը՝ պնդելով, որ այդ հարցը բարդացրել է աբխազ-ռուսական հարաբերությունները:

Ելույթ ունենալով սեպտեմբերի 14-ին՝ Արձինբան ասել է, որ Բելառուսը «դե ֆակտո տնտեսապես ճանաչել է» Աբխազիան, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է Բելառուսի և Աբխազիայի միջև առանց մաքսատուրքի առևտուր իրականացնել։

Աբխազիայի արտգործնախարարը վերջին շաբաթներին հայտնվել է երկու սկանդալների կիզակետում։ Նա հրաժարվել է մեկնաբանել պնդումները, որ ինքը Աբխազիայի նախագահի աշխատակազմի նախկին աշխատակցին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբայի վերաբերյալ։

Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ անցյալ շաբաթ իր հրաժարականի մասին խոսակցությունների առիթը դարձել էր իր գործընկերների հետ քննարկումն այն մասին, թե արդյոք ինքն ավելի շատ օգուտ կբերի երկրին, եթե աշխատի Մոսկվայում, ոչ թե Սուխումիում։ Ըստ Արձինբայի՝ իր գործընկերներն այդ քննարկումից ենթադրել են, թե ինքը հրաժեշտ է տալիս պաշտոնին և հեռանում Աբխազիայից։

Մեկնաբանել