Խորհրդային դիսիդենտների պատմությունից․ Ազատ Արշակյան

1953-ին Ստալինի մահից հետո խրուշչովյան ժամանակները որոշ ազատություններ են բերեցին։ Ավարտվում են ստալինյան բռնաճնշումները՝ զանգվածային ձերբակալությունները, գնդակահարությունները, աքսորը։ Վերանում է ԳՈՒԼԱԳ-ը։ Խրուշչովյան ձնհալից հետո՝ Բրեժնևի պաշտոնավարման ժամանակ՝ 1964-ից, զանգվածային բռնությունները չեն վերականգնվում։ Այլախոհություն եզրը պաշտոնապես վերաբերում է 1960-ից սկսված շրջանին, սակայն այն ավելի վաղ էլ դրսևորումներ ուներ։

Ձևավորված շարժումներ կային բալթյան երկրներում, Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում։ Հայաստանում ևս տեղի են ունենում վերաձևումներ՝ թույլատրելի հայրենասիրության ֆոնին։ Հայրենասիրությունը վերածվում է ազատամտության, ազատամտությունից՝ անկախության համար պայքարի։

Խորհրդային շրջանի դիսիդենտ էր Ազատ Արշակյանը։

Ազատ Արշակյանը ծնվել է 1950-ին Երևանում։ Նախնիները եղել են կուլակներ, ցարական բանակի սպաներ։ Նախնիների կենսագրության մասին իմացել է վաղ տարիքից։

Հայաստանում հակախորհրդային տրամադրությունները առաջին՝ դեռ քողարկված դրսևորումը ստացան 1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին նվիրված երթերի ժամանակ։ «1965-ի ապրիլի 24-ը կիրակի էր։ Բռնցքամարտի մեր մարզիչն ասաց՝ ապրիլի 24-ին ժամը իննին բոլորդ համազգեստով կգաք Օպերայի հրապարակ, որ վերջին անգամ փորձնական երթ անենք։ Մենք չգիտեինք, մեր մարզիչը չգիտեր, որ 1965-ի ապրիլի 24-ին Օպերայում նիստ է լինելու և քննարկվելու է Եղեռնի հարցը։ Այսպես ես տասնհինգ տարեկանում հայտնվեցի ինքնաբուխ, հակապետական հավաքի կենտրոնում։ Ինձ համար սա տեղի ունեցավ. պարզվեց, որ մենք մենակ չենք։ Մեր տունը մենակ չէ, ինձ նման շատերն են։ Ինձ այդ օրը բռնեցին, դե ես էլ ուզում էի բռնվել, հետաքրքիր էր»։

Երթի մասին Ազատ Արշակյանը անմիջապես պատմում է Պարույր Հայրիկյանին։

Վարդան Հարությունյանն իր «Այլախոհությունը Հայաստանում» գրքում առաջին դեմքով շարադրում է Ազատ Արշակյանի հուշերը. «Պարույրենց տանը եղած մթնոլորտն էապես տարբերվում էր մեր տանը եղածից: Մերը բանվորագյուղացիական էր, իսկ նրանցը այլ` մի տեսակ մայրաքաղաքային էր: Պարույրի հորը շատ էի հարգում: Նա պատմում էր Պոլսից, Ֆրանսիայից, պոլսահայ հայտնի մտավորականներից: Մյուս Հայրիկյանը` Պարույրի հորեղբայրը, երաժիշտ էր: Թեյի սեղանի շուրջ մեզ դասական երաժշտության մասին էր պատմում: Իսկ Պարույրի քույր Սոնան կոմիտասյան երգեր էր երգում: Հատուկ եմ շեշտում Պարույրենց տան այս մթնոլորտը, քանի որ դա նույնպես էապես ազդել է ինձ վրա: Ինքը` Պարույրն էլ է վճռական դեր ունեցել իմ կյանքում: Տեղյակ էի, որ Պարույրն իր ընկերներից մի քանիսի հետ ինչ-որ գործերով է զբաղված, բայց անձամբ դրա մեջ չկայի: Դա նուբարաշենյան պատանեկան խմբակ էր: Վրաստանում ապրող իմ մեծ պապն ինձ շատ ավելի լուրջ դասեր էր տվել, այնպես որ` Պարույրենց այդ պատանեկան հայրենասիրությունն ինձ համար անցած էտապ էր»։

1966-1967-ին Ազատ Արշակյանը անդամակացում է «Հայ երիտասարդական միություն» (ՀԵՄ), ապա՝ «Շանթ» կազմակերպություններին, այնուհետև՝ ԱՄԿ-ին՝ դառնալով կուսակցության միակ անչափահաս անդամը։ «Շանթ»-ում ներգրավված լինելու տարիներին ՊԱԿ-ի տեսադաշտում էր, բայց հենց ԱՄԿ-ում ծավալած գործունեությունը Ազատ Արշակյանին Երևանից տեղափոխեց Մորդովիայի կալանավայր. 1973-ին Ազատ Արշակյանը մասնակցում է Լենինի հրապարակում Լենինի դիմանկարը այրելու ակցիայի կազմակերպմանը։

«Դրանով ասում էինք՝ ձեր օջախում, ձեր ամենապաշտպանված տեղում ձեզ խոցելու ենք։ Եթե մենք դա անում ենք, մեր թիկունքում ուժեր կան, որոնք կտեսնեք, թե ձեզ հետ ոնց կվարվեն։ Ես կարծում եմ, որ ճիշտ էր դա ու ավելի մասշտաբային պետք է լիներ։ Այսօրվա համար էլ այդ ակցիան օրինակելի է, այսօր էլ պետք է համարձակ լինել»։

1974-ին կալանավորվում է, դատապարտվում է յոթ տարվա ազատազրկման և երեք տարվա աքսորի: Պատիժը կրելու համար ուղարկվում է Մորդովիայի քաղաքական կալանավայր:

Կալանավայրի մթնոլորտի մասին հետաքրքիր դրվագներ է պատմում խորհրդային այլախոհ Միխայիլ Հեյֆեցը Հայրիկյանին նվիրված «Ռազմագերի քարտուղարը. ասք Պարույր Հայրիկյանի մասին» (Военнопленный секретарь. Повесть о Паруйре Айрикяне) գրքում։ Նրա խոսքով՝ քաղբանտարկյալ Ազերնիկովը Արշակյանին առաջին իսկ օրը խորհուրդ է տալիս, որ երբ ՊԱԿ-ի աշխատակիցները հարցնեն, թե որ «զոնա» է ուզում ընկնել, նշի այն «զոնան», որը չի ուզում. ՊԱԿ-ի աշխատակիցները անում են ուղիղ հակառակը։ Սրա մասին պատմում է նաև Ազատ Արշակյանը. «Ասեց՝ եթե լույս ես սիրում, ասա լույսը անջատեք, խանգարում է։ Ուրեմն լույսը կպահեն։ Ես տենց էլ հայտնվեցի Հայրիկյանի զոնայում»։ Կարճ ժամանակ անց Ազատ Արշակյանը վաղաժամ ազատ է արձակվում։ Հեյֆեցը որ ուշագրավ դրվագներ է ներկայացնում նաև Հայրիկյանի և Արշակյանի հարաբերությունների մասին, պատմում է, որ ՊԱԿ-ի հետ խաղի մեջ մտնելու հրահանգ Արշակյանին տվել էր Հայրիկյանը։ Կարճ ժամանակ անց, սակայն, Հեյֆեցի խոսքով՝ Հայրիկյանը հրահանգում է չեղարկել ծրագիրն ու շարունակել կրել պատիժը կալանավայրում։ «Գուցե Ազատը կատարեր Հայրիկյանի հրահանգը, եթե մանրամասն հիմնավորում ստանար, սակայն միջճամբարային նամակագրությունը ավելի երկար տեքստի հնարավորություն չէր տալիս։ Ազատն էլ այն տղան չէր, որին կարելի էր հրահանգներ տալ, ինչպես անագե զինվորիկի։ Ազատն ընդվզեց»,- գրում է Հեյֆեցը։

Ինքը՝ Արշակյանը, ՊԱԿ-ի հետ հարաբերությունների մասին հետևյալն է պատմում. «Ցուցակը տվեցին, ասեցին ընտրի՝ դեմոկրատ ես, դիսիդենտ ես, նացիոնալիստ ես, թե մեր թշնամին ես։ Ես ասեցի՝ ես նացիոնալիստ եմ, ես դեմոկրատ չեմ։ Ես համարում եմ, որ հայ ժողովուրդը ինքը կորոշի, գուցե միապետություն է ուզում մեր ժողովուրդը։ Ես դրան ասում եմ ազատության իրավունք։ Դա երկրորդ աստիճանն է։ Ամենավատը չի»։

Այսպիսով՝ 1977-ին Ազատ Արշակյանը ազատ է արձակվում։ Ազատ արձակվելուց երեք տարի անց՝ 1981-ին, հակախորհրդային գործունեության համար երկրորդ անգամ է կալանավորվում։

«Ես ու Նավասարդյան Աշոտը նամակ գրեցինք Գերագույն խորհրդի նախագահությանը 1981-ին։ Խնդրեցինք անցկացնել հանրաքվե՝ պարզելու՝ Հայաստանում ժողովրդի քանի տոկոսն է անկախական։ Նամակը թռուցիկի տեսքով էր։ Մի քանի հարյուր կամ հազար հատ բաժանեցինք ու մի օրինակը վերցրինք, գնացինք Դատախազություն։ Ասեցինք՝ նամակ ենք գրել ԳԽ նախագահությանը, մի օրինակն էլ բերել ենք, որ տանք։ Հա՛, ասեց, կարդաց, վեր կացավ, կանգնեց ու փլվեց աթոռի վրա։ Ասեց՝ ես հիմա էս նամակը կվառեմ, ու մեր հանդիպումը տեղի չի ունեցել, գնացե՛ք տուն։ Մոխիր եմ դարձնում ու գնացե՛ք տուն։ Մենք ասեցինք՝ չէ, բաժանել ենք թռուցիկի տեսքով։ Ասեց՝ չէ, սա մահվան դատավճիռ ա, հետ կանչե՛ք, հավաքե՛ք բոլոր թռուցիկները, վառե՛ք։ Ես ոչ ոքի չեմ զեկուցի։ Ասեցինք՝ չի լինի»։ .

Այսպիսով, Ազատ Արշակյանը ճանաչվեց հատուկ վտանգավոր պետական կրկնահանցագործ՝ դատապարտվելով ութ տարվա ազատազրկման և երեք տարվա աքսորի։ Պերոստրոյկայի շնորհիվ՝ 1987-ին վաղաժամ ազատ արձակվեց։ 1989-ից ակտիվ մասնակցել է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Նրան արգելվեց բնակվել Երևանում, այդ պատճառով Արշակյանը աշխատանքի անցավ Նուբարաշենի թռչնաֆաբրիկայում՝ նախ որպես բանվոր, իսկ հետագայում՝ անկախության տարիներին՝ որպես տնօրեն։

1990-ին ընտրվել է Գերագույն Խորհրդի, իսկ 1995-ին` Ազգային ժողովի պատգամավոր: Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնադիրն է:

Իր այլախոհական գործունեությունը, կալանավայրում անցկացրած տարիները Արշակյանը ամփոփում է այսպես. «Սևագիր կյանք էր։ Մենք զանգվածներ չկարողացանք գրավել, ինչպես դա արեցին Ղարաբաղյան շարժման ղեկավարները։ Նրանք գտել էին բանալին։ Նրանք ժամանակի շունչը զգում էին, մենք՝ չէ։

Հասկանո՞ւմ եք՝ հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ, պետական հանցագործ, տասնքանի տարվա ազատազրկում բանտային ռեժիմով, որովհետև մենք պահանջել ենք հանրաքվե։ Ուղիղ տասը տարի երեք օր հետո Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե, մասնակիցների 99,9 տոկոսն ասաց՝ մենք անկախություն ենք ուզում։ Հիմա մտածում եմ՝ բա էդ ժամանակ՝ 91-ին, ինձ պետք է կանչեին (հրապարակ) ու ասեին՝ այ սա, այ էս մարդը, տասը տարի առաջ երազել է սա, հիմա իրականցել է։ Ես շատ եմ ափսոսում, շատ եմ ափսոսում, որ չկարողացա ինքս անել»։

Հասմիկ Հովհաննիսյան

Մեկնաբանել