Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

Շտեֆան Մայստերը

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ այս և այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանը զրուցել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի փորձագետ Շտեֆան Մայստերի հետ։

Պարոն Մայստեր, Հայաստանում կարծիք կա, որ Գերմանիան ներկայում Հարավային Կովկասի գործընթացներում ակտիվացրել է իր դերակատարությունը։ Համաձա՞յն եք այդ պնդման հետ և ի՞նչ կասեք գերմանական ընկալումների մասին։ Որքան լու՞րջ կարող է լինել Գերմանիայի ներգրավվածությունը Հարավային Կովկասի գործընթացներում։

Ես կասեի, որ նկատում ենք ավելի պակաս ներգրավվածություն, քան մոտավորապես 10-15 տարի առաջ էր։ Վերջին տասը տարում մենք ականատես եղանք, թե ինչպես Գերմանիան անմասն մնաց Հարավային Կովկասի գործընթացներից։ Այո, Հարավային Կովկասում գործում է GIZ-ը, այլ գերմանական կազմակերպություններ, իրականացվում են տարբեր աջակցող ծրագրեր, սակայն ես Գերմանիայի, Եվրամիության կամ էլ Արևմուտքի շրջանում չեմ տեսնում որևէ առաջատար դերակատարություն և/կամ մտադրություն ներգրավվելու տարածաշրջանի հակամարտությունում, անվտանգային խնդիրներում։ Երկրի արտգործնախարարությունը որոշակի աջակցություն է ցուցաբերում հակամարտության լուծման համար, սակայն չկա քաղաքական կամք՝ ավելի մեծ դեր խաղալու համար։

Ես չեմ տեսնում Գերմանիայի կողմից հատուկ հետաքրքրություն կամ ներգրավվածություն ավելի մեծ դեր խաղալու Հարավային Կովկասի հակամարտությունում։ Բացի այդ, Գերմանիան Եվրամիությունում չունի առաջատար դիրք անվտանգային հարցերում։

Դուք նշեցիք, որ առանձնապես մեծ հեռանկարներ չեք տեսնում կովկասյան գործընթացներում Գերմանիայի ներգրավվածության առումով, սակայն ինչպե՞ս հասկանալ այն, որ Գերմանիայի մասնակցությամբ հայ-ադրբեջանական հանդիպումներ են տեղի ունենում, ինչին ականատես չէինք լինում նախկինում։

Խոսելով օրինակ 10-15 տարի առաջվա մասին՝ այն ժամանակ Գերմանիայի արտգործնախարարությունը իրական քաղաքական հայեցակարգ ուներ Կովկասի կայունության վերաբերյալ, սակայն որևէ նման բան չկա ներկայում։ [Նույնը վերաբերում է նաև Եվրամիությանը], որը ներգրավվում է Կովկասի հակամարտության օջախներում, սակայն դա էլ, կարծում եմ, լիարժեք չէ և զսպող գործոն չէ։ Դա ավելի շատ նման է աջակցման հարթակի, որպեսզի [հայ-ադրբեջանական] գործընթացը աջակցություն ստանա։ Ճիշտ է, դուք այժմ կարող եք ասել, իսկ ինչպե՞ս հասկանալ Եվրամիության մոնիթորինգային առաքելությունը, որի մաս է կազմում գերմանական կողմը, սակայն դա ավելի շատ պայմանավորված է բազմակողմ ձևաչափերում կամ կազմակերպություններում Գերմանիայի արտաքին քաղաքականության գործոնով, ինչը արտաքին քաղաքականության մաս է կազմում, սակայն դա ոչ ավելին է, քան պարզապես ներկայություն։

Օրինակ՝ ի՞նչ արդյունք տվեց Շոլցի ներկայությամբ Քիշնևի հանդիպումը, որտե՞ղ մենք տեսանք ավելի մեծ դեր Գերմանիայի կողմից։ Որո՞նք էին արդյունքները։ Այո՛, նրանք [գերմանացի պաշտոնյաները] ասում են՝ գնում ենք բանակցությունների, բայց [գերմանական կողմը] շատ զգուշավոր է հակամարտությունում ներգրավվելու հարցում։ Սա տիպիկ գերմանական մոտեցում է՝ լինել ներգրավված «կես ոտքով», ուստի չկա մեծ շարժառիթ ավելի մեծ դեր կատարելու որպես անվտանգային դերակատար։ Անշուշտ, Գերմանիան մեծ պետություն է և ունի որոշ ներգրավվածություն, սակայն ես շատ քննադատաբար եմ վերաբերվում Գերմանիայի այս սահմանափակ դերկատարությանը Հարավային Կովկասի գործընթացներում, քանի որ լավ կլիներ, եթե շատ լիներ, այն բավարար չէ։

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Գերմանիան այնուամենայնիվ որոշեց աջակցել հայ-ադրբեջանական գործընթացը, ինչո՞ւ որոշեց ներկայություն ունենալ բանակցային սեղանի շուրջ։

Կարծում եմ՝ այդ մասին խնդրել են, հարց է բարձրացվել ֆրանսիական, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աշխատակազմից։ Նրանք ցանկացել են, որ Եվրամիության անդամ պետություններն ավելի աջակցեն։ Կարծում եմ՝ Միշելը շատ թույլ խաղացող է Եվրամիությունում, չունի անհրաժեշտ գործիքակազմեր, Եվրամիության պետությունների կարիքն ունի, որպեսզի առևտուր անելու և ավելի որոշիչ դերակատարում ունեցող գործոնի հնարավորություն ունենա։ Դա նաև պայմանավորված է ադրբեջանական օրակարգի հետ՝ բալանսավորելու ֆրանսիական կողմին և ներգրավելու ավելի մեծ պետության։ Կարծում եմ նաև, որ հանրային ճնշում կա առ այն, թե ինչու Գերմանիան չի ներգրավվում որպես մեծ անդամ պետություն։ Ես ավելի շուտ կկապեի հարցը արտաքին ճնշման հետ, որի պայմաններում Բեռլինը մտածում է պարզապես մի բան անելու մասին։ Սակայն խոսք չի գնում ռազմավարական տեսլականի մասին կամ մի այնպիսի ծրագրի, որի պարագայում գերմանական կողմը կորոշեր ավելի որոշիչ դեր խաղալ կամ ընկղմվելով հակամարտությունում առաջարկեր լուծման մի քանի տարբերակ։ Հետևաբար՝ գերմանական կողմը միայն բավարարվում է մոնիթորինգային առաքելության ուղարկմամբ։

Իսկ ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ գերմանական կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, կարո՞ղ է Գերմանիան անել ավելին, քան Լեռնային Ղարաբաղի պարագայում, որպեսզի կանխարգելի ադրբեջանական նոր ագրեսիան Հայաստանի դեմ։ Արդյոք դա իրատեսակա՞ն է։

Վախենամ, որ դա իրատեսական չէ, քանի որ Գերմանիայում կոալիցիոն ուժերը ևս բաժանված են այդ հարցում, որի հետևանքով միջգերատեսչական պայքար և տարակարծություններ կան։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում էր Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելու հարցը քննարկել, սակայն կանցլերը արգելափակեց այն։ Պատկերը նման է ընդհանուր Եվրամիությանը, երբ մի անդամ ասում է՝ եկեք քննարկենք պատժամիջոցների հարցը, մյուսներն ընդդիմանում են՝ պատճառաբանելով ադրբեջանական գազով, որը նրանք ստանում են։ Վախենամ, որ եթե Ադրբեջանը փորձի Հայաստանի հարավում ուժով «միջանցք» բացել, ապա որքան էլ անհանգստանան և գիտակցեն կատարվողը, միևնույն է, առավել գործնական որոշման չեն հասնի։

Ըստ Ձեզ, որքանո՞վ է Ադրբեջանը կամ Հարավային Կովկասն այսօր կարևոր Գերմանիայի համար։

Անկեղծ ասած՝ այդքան էլ կարևոր չէ։ Չկա կարևորություն ադրբեջանական գազ ներկրելու հարցում։ Եվրամիության համար ադրբեջանական գազի մատակարարումները կազմում են ընդամենը 3 տոկոս, որի մեծ մասն էլ բաժին է հասնում Հունաստանին, Բուլղարիային։ Այլ հարց նավթամթերքի մասով, սակայն դա էլ Գերմանիայի համար շատ հեշտ է փոխարինել համաշխարհային շուկայում։ Այո, մենք մտածում ենք միջանցքի մասին, որի գործում Կենտրոնական Ասիան կարևորություն ունի, սակայն ադրբեջանական գազի կամ Ադրբեջանի ազդեցությունը, կարծում եմ, գերագնահատված է, ինչը հենց այդ երկրի քարոզչությունն է։ Մենք գիտենք նաև, որ նրանք վերավաճառում են ռուսական գազ և այն ստանում են ներքին օգտագործման համար։ Ես կասեի, որ, այո, Հարավային Կովկասը ռազմավարական առումով ավելի կարևոր է, քանի որ հարցը վերաբերում է առևտրային ուղիների և մեր ռեսուրսների բազմազանեցմանը, սակայն Գերմանիայի համար որոշիչ չէ, որ իր քաղաքականությունը պայմանավորի Ադրբեջանով։

Հնարավոր համարո՞ւմ եք, որ Գերմանիան ապագայում ավելի մեծ դեր սկսի խաղալ Կովկասի գործընթացներում։

Հուսանք, ես աշխատում եմ այդ ուղղությամբ։ Ես արդեն վերջացնում եմ մի հոդված, որն այն մասին է, թե ինչպես պատժամիջներ կիրառել Ադրբեջանի դեմ և, կարծում եմ, այդ գործում Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա։ Սակայն արտաքին հարաբերությունների և որոշում կայացնելու գործում ես տեսնում եմ շատ թույլ կանցլերի, որը չունի անհրաժեշտ առաջնորդություն։ Բացի այդ, կոալիցիոն իշխանության և այս կառավարության պայմաններում էլ չեմ կարծում, որ կարող է ավելի ակտիվ դեր լինել։ Գուցե Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը խախտելու դեպքում որոշակի ակտիվություն լինի, սակայն բացակայում է ռազմավարություն և իրական քաղաքական կամք դրա համար։ Եթե ես որպես փորձագետ իրատեսորեն պատասխանեմ այդ հարցին, ապա ես քննադատաբար եմ վերաբերվում․ գուցե մի փոքր ավելին Գերմանիան անի, դիցուք, ֆինանսական աջակցության տեսքով կամ ԵՄ-ի հետ ինտեգրացիոն հարցերում, բայց ինչ վերաբերում է անվտանգային համագործակցությանը՝ ոչ։ Անգամ Ֆրանսիան շատ հաճախ պարզապես հայտարարում է մի բան, իսկ իրականում այլ բան անում։

Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանը չի կարող հույս դնել Գերմանիայի վրա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

Այո։ Ես չեմ կարծում, որ մենք իսկապես կզսպենք Ադրբեջանին դա չանել։ Ալիևը պետք է հասկանա, որ նա գին կվճարի իր գործողությունների համար։ Եվ նա պետք է դա նախապես հասկանա։ Նման տրամադրվածություն ես չեմ նկատում ո՛չ Գերմանիայի կողմից, ո՛չ Եվրամիության։ Հենց դա է գլխավոր խնդիրը։ Նրանք միայն արձագանքում են [դեպքերից] հետո։

Օրինակ՝ Ղարաբաղի վերջին իրադարձությունների ժամանակ էլ տեսանք, երբ միայն հետևեց արձագանք հումանիտար օգնության տեսքով և փորձ կատարվեց Ալիևին բանակցային սեղան հրավիրել։ Նա պարզապես խաղում է Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ՝ օգտվելով նրանց շրջանում միասնականության պակասից։ Սակայն կուզեի ընդգծել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունը տարբերվում են Լեռնային Ղարաբաղի դեմ ուժ գործադրելուց։ Եթե վերջինը դիտարկվում էր որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա Հայաստանի դեմ գործողություններին կարձագանքեն Եվրամիությունը, Գերմանիան և Միացյալ Նահանագները։ Կրկնեմ, որ որևէ կողմ չի ցանկանում իրականում զսպել Ադրբեջանին, բայց մենք պետք է հիմա գործենք, այլապես կարող է ուշ լինել։ Ես այդ հարցում խնդիր եմ տեսնում նաև գերմանական կողմում։

Իսկ Հայաստանի ակտիվ քայլերը կարո՞ղ են փոխել Եվրամիության կամ Գերմանիայի դիրքորոշումը։

Բարդ է։ Կհիշեք, երբ Ուկրաինան ցանկացավ անդամակցել Եվրամիությանը, Վրաստանն արդեն հարցնում էր, թե ինչ պետք է անեն և պատասխան էր հնչում բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին, որից հետո միայն Եվրամիությունը կարող էր աջակցել Վրաստանի անդամակցությանը և այլն։ Սակայն Հայաստանը անվտանգային երաշխիքների կարիք ունի, ցանկանում է անվտանգային աջակցություն, ինչը ենթադրում է երաշխիքներ, սպառազինություն։ Սակայն դրանք չի կարող երաշխավորել ո՛չ Եվրամիությունը, ո՛չ անդամ պետությունները, ո՛չ էլ ՆԱՏՕ-ն։ Վախենամ որ, իրատեսական չէ։

Պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանի գործոնը։ Նրանից անջատվելու պարագայում Հայաստանը որպես պետություն երաշխիքների կարիք ունի։ Դուք չեք կարող պարզապես գնալ այդ քայլին, հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է պատժել Հայաստանին։ Ո՞ւմ վրա կարող եք հույս դնել, չեմ կարծում, թե Իրանի, նա էլ Ռուսաստանի մոտ դաշնակիցն է, իսկ Մոսկվան ներկայում լրիվ այլ ծրագրեր ունի։ Հայաստանին անհրաժեշտ են միայն անվտանգային երաշխիքներ, որոնք ԵՄ-ն չի կարող տրամադրել։

Ներկայում Հայաստանում որոշ շրջանակներ մտածում են, որ եթե Ֆրանսիան կամ Գերմանիան ակտիվ դեր խաղան, ապա կարող են Ռուսաստանին դուրս մղել Կովկասից։

Իհարկե, ոչ։ Ռուսաստանը մշտապես կլինի դերակատար Հարավային Կովկասում։ Նա կարող է թուլացած, բայց ոչ թույլ։ Նա որոշակի լծակներ ունի տարածաշրջանի պետությունների, հատկապես Հայաստանի վրա։ Խոսքը ռազմավարական ենթակառուցվածքների, գազի մատակարարումների, ինչպես նաև զինված ներկայության մասին է։ Արդյոք ԵՄ-ն ցանկան՞ում է ուղարկել զորքեր կամ ուղարկո՞ւմ է խաղապահների, անշուշտ, ոչ, միայն քաղաքացիական առաքելություն։ Իհարկե, շատ լավ է դա, բայց բավարար չէ։

Հայտնի է, որ Ֆրանսիան ցանկանում է սպառազինություն ուղարկել Հայաստան, կարող է դա տարածվել նաև Գերմանիայի, կամ Եվրամիության այլ խաղացողների վրա։

Քննարկվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև խաղաղության աջակցության հարցը, ինչպես և Ուկրաինայի պարագայում է։ Մենք ֆինանսավորում ենք զենքերը, որոնք մատակարարվում են անդամ պետությունների կողմից։ Կա ընդհանուր ֆոնդ, որից վճարվում է գործընկեր երկրներին սպառազինություն գնելու համար, իսկ բուն զենքը մատակարարում է բուն անդամ պետությունները։ Մենք [Հայաստանի հետ] դեռևս այդ մակարդակում չենք, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝ մղելով կառավարությանը գնալ այդ քայլին։ Ֆրանսիայի՝ սպառազինություններ տրամադրելու պարագայում, կարծում եմ, խնդրահարույց կարող է լինել Վրաստանը, քանի որ այն պետք է անցնի այդ երկրի տարածքով։ Մենք գիտենք Ալիևի և Վրաստանի վարչապետի հանդիպումը, որին գուցե որոշակի մասնակցություն է ունեցել նաև ռուսական կողմը։ Կարող եմ ասել, այո, հնարավոր է սպառազինությունների տրամադրում Հայաստանին, սակայն մենք դեռևս այդ փուլում չենք։ Մենք մեր կողմից պետք է ավելի նախաձեռնող լինեք այդ հարցում, և դուք ինքներդ իհարկե, սակայն կարծում եմ մենք նույնպես պետք է ներսից աշխատենք, նույնը վերաբերում է և Ֆրանսիային։ Գուցե պետք է հարցն ավելի սուր դնենք Վրաստանի առջև՝ հստակեցնելու համար, որ կարիք կա ձեր տարածքն օգտագործել Հայաստանի համար, սակայն այստեղ էլ ամբողջն հարցը լծակների օգտագործման և քաղաքական կամքի մեջ է։

Մենք էլ մեր կողմից պետք է սերտորեն աշխատենք այս հարցերում։

Միանշանակ, պետք է շեշտեք այս հարցը, բարձրացնեք խնդիրը։ Կարծում եմ՝ պետք է աշխատեք ավելի շատ Եվրամիության անդամ պետությունների հետ, որոնք այդ հարցերում ավելի կարևոր դեր են կատարում, քան Բրյուսելը։ Երկուսն էլ կարևոր են, սակայն անդամ պետությունները ավելի շատ ռեսուրսներ են տրամադրում և կարող են առաջնորդել գործընթացը։

Իսկ Գերմանիան կարո՞ղ է որոշակի սպառազինություն մատակարարել, կա՞ անգամ փոքր հնարավորոթյուն։

Չէի բացառի, պարզապես մենք նույնպես սպառազինության պակաս ունենք, քանի որ շատ բաներ գնում են Ուկրաինա։ Ներկայում Գերմանիան ավելի շատ ակտիվ է Մոլդովայում և աջակցում Քիշնևին բանակ ու անվտանգային ուժեր կառուցելու հարցում։ Դա տալիս է ինձ որոշակի հույս, որ հնարավոր է՝ Գերմանիան նույն կերպ գործի նաև հետխորհրդային երկրի հետ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է հայկական բանակը մարզելու/վերապատրաստելու հարցը, որպեսզի թոթափի խորհրդային ժառանգությունը և վերածվի ժամանակակից բանակի։ Օրինակ՝ սա մի փոքր ավելի հեշտ հարց է և այդ խնդրում ավելի լավատես եմ, որ կարող է իրատեսական լինել, և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։

Զրուցեց Գեորգի Միրզաբեկյանը

Մեկնաբանել