Ս.Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, ապա` մեկշաբաթյա արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Նախատեսվում է նաև հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:

Պաշտոնական այցի շրջանակում Սերժ Սարգսյանը կայցելի նաև Լիոն, որտեղ հանդիպում կունենա քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ, այնուհետև Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպ շրջանի առևտրաարդյունաբերական պալատում կհանդիպի Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Ավարտելով պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն՝ Սերժ Սարգսյանը կմեկնի մեկշաբաթյա արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:

Մեկնաբանել