Մոտեցումները դեռ տարբեր են․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են սիրիական ճգնաժամը

Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի գլխավոր թեմաներից մեկը եղել է հակամարտությունը Սիրիայում։ Բանակցությունների ընթացքում Էրդողանն ու Պուտինը չեն կարողացել համաձայնության գալ սիրիական ճգնաժամի կարգավորման մեթոդների հարցում, հաղորդում է BBC-ն։

Այս թեման լուրջ տարաձայնություններ է առաջացնում Մոսկվայի և Անկարայի միջև։ Էրդողանը կարծում է, որ Պուտինը կարող է կարևոր դեր խաղալ հակամարտության լուծման գործում։

Սակայն հանդիպման ավարտին, խոսելով Սիրիայի վերաբերյալ բանակցությունների մասին, Ռուսաստանի նախագահը լրագրողներին հայտնել է․ «Առայժմ չենք կարողանում գտնել նպատակների իրագործման մեթոդների ընդհանուր մոտեցումներ»։

Թուրքիայի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսին Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան նույն կերպ են գնահատում Սիրիայում տիրող իրադրությունը, սակայն սիրիական խնդրի լուծման մեթոդների վերաբերյալ ունեն տարբեր կարծիքներ։

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն ինչպես է վերաբերվում Թուրքիայի՝ Սիրիայի հետ սահմանին Patriot հրթիռների տեղակայման ծրագրերին, նա ասել է, որ կիսում է Անկարայի մտահոգությունը՝ կապված սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետ, սակայն կարծում է, որ սահմանին հավելյալ հնարավորությունների ստեղծումն իրադրությունը չի մեղմի, հակառակը՝ կսրի։

«Գիտեք՝ ինչպես ասում են, եթե պիեսի սկզբում պատից հրացան է կախված, պիեսի վերջում այն անպայման պետք է կրակի։ Մեր ինչի՞ն է պետք ավելորդ հրաձգությունը սահմանին»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա կարծիքով՝ Սիրիայի կողմից Թուրքիայի տարածքի վերջին գնդակոծումները միայն պատահականություն են․ «Ակնհայտ է, որ Սիրիան այժմ չի կարող մտածել հարևանների վրա հարձակվելու մասին»։

Միաժամանակ Պուտինը նշել է, որ Մոսկվան Սիրիայի իշխող վարչակարգի շահերը չի ներկայացնում։ «Մենք Սիրիայի իշխող ղեկավարության փաստաբանը չենք, մեզ այլ բան է մտահոգում․ ի՞նչ կլինի ապագայում։ Մենք չենք ցանակնում ոչ վաղ անցյալում թույլ տրված սխալների կրկնություն»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Թուրքիայի վարչապետը նշել է, թե երկու երկրների ցանկությունն է, որ արյունահեղությունը Սիրիայում հնարավորինս շուտ ավարտվի։ Համատեղ ասուլիսին Էրդողանն ավելի շատ խոսել է ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն ամրապնդելու մասին։ Նա նշել է, որ երկու երկրների միջև տարեկան առևտրաշրջանառությունը շեշտակի մեծացել է՝ հասնելով $35 մլրդ-ի՝ հավելելով, որ ծրագրվում է առաջիկա տարիներին այն հասցնել մինչև $100 մլրդ-ի։

Պուտինի՝ Ստամբուլ կատարած այցի արդյուքններով Ռուսաստանն ու Թուրքիան կնքել են համագործակցության վերաբերյալ 11 համաձայնագիր։

Մեկնաբանել