Շուշի. սիրուն պատմություն

Շուշին տեսել եմ խորհրդային տարիներին: Խորհրդային պանելային ավան էր, հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված, որտեղ ապրող հայերը այն հայերը չէին, որոնց կենսագրությունները սկսվում էր «ծնվել է Շուշի քաղաքում, ավարտել է Շուշիի գիմնազիան և այլն…»:

Երկրորդ, Շուշին մայիսի 9-ին գտնված, վերադարձված Շուշին էր: Ռազմական մեծ նվաճումից բացի, այդ օրը ոչինչ չեմ զգացել:

Իսկ իրական՝ երրորդ Շուշին ես գտա կյանքից վաղուց հեռացած շուշեցու ձեռագիր հուշերում: Ընկերուհուս մայրը խնդրեց ինձ ծանոթանալ Շուշիում ծնված իր հոր ձեռագրերին, վերծանել անընթեռնելի թղթերը, խմբագրել ու պատրաստել տպագրության: Ես սկսեցի կարդալ Հովսեփ Յուզբաշյանի ձեռագիր հուշերը ու գտա երրորդ Շուշին, իսկ ավելի ճիշտ՝ առաջին՝ հիմնական, իսկական Շուշին: Ու մայիսի 9-ի նվաճումը ինձ համար ձևակերպեցի որպես հին հայկական, իսկական Շուշին անմեղսունակ վայրենության հետևանքով ոչնչացնելու հետաձգված հատուցում:

Հովսեփ Յուզբաշյանը ծնվել է 1902-ին Շուշիում ու հեռացել կյանքից Երևանի Սայաթ-Նովա փողոցի իր տանը՝ 1983-ին: Այդ մարդուն ես տեսել եմ դպրոցի ցածր դասարաններում, հաճախ եմ եղել նրանց լուսավոր ու բարի տանը, ու մտքովս չէր անցնի, որ չորրորդ դասարանում տեսած 78-ամյա մարդու ձեռագիրը հարազատները տարիներ անց վստահելու են ինձ, որ կարդամ ու գրքի վերածեմ, ու ես սկսելու եմ կարդալ, ու կարդալու եմ՝ ուզելով, որ չվերջանա այդ անհավանական սիրուն պատմությունը մի պարզ, սիրուն, չէ, սիրուն չէ՝ գեղեցիկ կյանքի մասին, որ պիտի ավարտվեր կտրուկ ու վայրենի:

Այսօր՝ մայիսի 9-ին, Շուշիի գրավման օրը, ես ձեզ եմ ներկայացնում շուշեցի Հովսեփ Յուզբաշյանի հիշողությունները մի սովորական կյանքի, սովորական մեծ ընտանիքի օրերի մաին, որտեղ իրականում ոչ մի սովորական բան չկա… Ու պատմությունը շատ նման է ստացվել Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհին» ասեղնագործ պատմությանը, որովհետև այդպես են ապրել այնտեղ ու այստեղ՝ Շուշիում՝ աշխատասեր, կրթված ու սիրուն մարդիկ:

«Ես արթնացնում եմ արդեն 60 տարուց ավել իմ ուղեղում քնած անցյալը: Սկսելով իմ և հարազատներիս կյանքի առանձին էտապների նկարագրությունը՝ ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այստեղ շարադրվածը մաքուր ճշմարտություն է, բոլոր այս մարդիկ ապրել են, մտածել, զգացել: Իմ գրառումներում հնարված ոչ մի տող չկա: Մեծ մասը վերաբերում է իմ մանկությանը, որն անցել է Շուշիում: Այս քաղաքը հարազատ է ցանկացած շուշեցու համար: Գրում եմ մեր տան, իմ հարազատների, շուշեցիների մասին, որոնք ապրել են այս քաղաքւմ, աշխատել, ուրախացել: Հուշերիս մեծ մասը վերաբերում է Շուշիի մեր տանը, որն այրեցին բարբարոսները: Այրեցին քաղաքը՝ սպանելով նրա բնակիչներից շատերին: Իսկ մնացածները ցրվեցին տարբեր քաղաքներով, ու հիմա դժվար թե հանդիպես Շուշիում ծնված, մեծացած մեկին: Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել են Շուշիում, իմ հայրական տանը, որն այրեցին 1920-ին:

Հրաշալի այս քաղաքի հայկական մասից պահպանվել են միայն Ժամհարովների տունը, Շուշիի հիվանդանոցը, կիսաքանդ Ղազանչեցոց եկեղեցին, որի քահանային՝ Տեր-Հարություն Աթաբեկյանին, բարբարոսները գլխատեցին, և Ռեալական վարժարանը: Այսպես մեռավ քաղաքը՝ իր սիրելի մարդկանցով, կենցաղով, ավանդույթներով: Հիմա այրված քաղաքի տեղում նոր քաղաք է կանգնած՝ ժամանակակից տներով, որն ավաղ իմ քաղաքը չէ: 1926-ին՝ վեց տարի անց, ես եղա ավերված Շուշիում: Շուշիում հողածածկ տներ չկային, ինչպես Երևանում: Երկու-երեք հարկանի տներ էին, ամառային ակումբը՝ հսկա ծաղկանոցով, մանկական խաղահրապարակով, ձմեռային ակումբը, փոստի շենքը, բաղնիքը, երկու հյուրանոցները, բանկը՝ «Շուշի-կրեդիտ», որտեղ հաշվապահն էր Գրիգոր-բեկ Մինասբեկյանը, դեղատները: Տպվում էր «Ղարաբաղ» թերթը, «Շուշիի լիստոկը», որի խմբագիրն էր Շամիր-բեկ Մելիք Ղարագյոզյանը: Բագրատ վարժապետի տպարանն եմ հիշում, հայկական բարեգործական միության մեծ գրադարանը, պուրակ տանող արհեստանոցը, որտեղ կանայք հաստոցների առաջ ձեռքով գորգ էին գործում: Խուբլարյանների հրուշակեղենի խանութները, Գրիգոր Խանլարովի ձկան խանութը, որտեղ միշտ կարելի էր գտնել թարմ թառափ ու սև խավիար: Բագրատ վարժապետի գրենական պիտույքների խանութը: Բագրատ վարժապետը, բարձրահասակ, նիհար մարդ էր՝ ակնոցը քթին: Ուզում եմ հիշել մի քանի հին շուշեցիների տներ: Պապիս եղբոր` հայտնի ինքնուս բժիշկ Սարգիս Շաքարյանի տունը: Քալամյան Թագուշ խանումի տունը, Յուզբաշյան Ստեփան-բեկի տունը: Շուշիի սեմինարիայի փառահեղ շենքի դիմաց Ղոնդախսազյանների տունը, Տեր-Մարտիրոսյանների և Նիկոլայ Զորաբովի տները:

Ինչպես եմ 1926-ին հայտնվել Շուշիում: Ես Թիֆլիսից եկել էի Երևան` Հայաստանի գյուղատնտեսությունն ուսումնասիրող խմբի աշխատանքներին մասնակցելու: Մենք պետք է ուսումնասիրեինք Ղափանի, Գորիսի, Մեղրիի շրջանները: Մենք ճանապարհ ընկանք Իջևանով դեպի Եվլախ, և իմ խնդրանքով մտանք Շուշի: Ես ողբալով վազում էի Շուշիի ավերակների միջով` Վերմիշևան ու մյուսները` իմ հետևից: Գնում էի շատրվանի հետքերով: Գտա Մեյդանի տեղը… Ու սա մեր Մեյդանն էր… Անկյունում Ղասաբ Ավետիսի խանութն էր, խանութի գլխին վարսավիրանոցն էր, ուր ինձ տանում էին մազերս կտրելու: Վարսավիրանոցի դռանը երկու իրար խաչված ձեռնոց էր նկարած: Մի քիչ հեռու Խունունցի դեղատունն էր ու Մելիք Օսիպյանի տունը: Դրանց փոխարեն ավերակներ էին հիմա: Մտովի վերականգնում էի բոլոր տները. անկյունում Արշակ Շաֆարովի կտորեղենի խանութն էր, դրա դիմաց` Մրոք Հովհաննեսի երկաթեղենի խանութը: Մի անգամ Թագուշ խանումը մտնում է խանութ` արդուկ առնելու: Նրանով հիացած մրոք Հովհաննեսը հրամայում է վաճառողին լավ արդուկ տալ Թագուշ խանումին, որը Ղարաբաղի բարբառով հնչում էր այսպես. «Մին լյավ ությու տոր Թագուշ խանումեն», ինչը նաև նշանակում է «Մի լավ արդուկիր Թագուշ Խանումին»: Սա հետագայում Շուշիի մշտական կատակներից էր:

Ես անվերջ հարազատ տեղեր էի փնտրում: Ո՞ւր է եղբայրների թելերի, ժապավենների ու բրդյա իրերի խանութը, ուր մայրս հաճախ էր ինձ բերում իր հետ: Ո՞ւր է պապիս` Սարգիս Շաքարյանի եռահարկ շենքը, որտեղ անցել է մորս մանկությունը, ուր ապրել է իմ Զառի տատը: Ու վերջապես վազքով հասա մեր տան ավերակներին… Չեմ կարող ասել, թե ինչ եղավ ինձ հետ: Ես թավալվում էի մեր ջրհորի քարին, լացում, գոռում ու նայում էի մեր տան կիսաքանդ պատերին, մանկական սենյակի, հյուրասենյակի պատերի ավերակներին ու փլված բուխարուն: Ես կորցրել էի գիտակցությունս: Ինձ ուշքի բերեցին իմ հետևից դժվարությամբ հասած ընկերներս:

Շուշիի մեր տունը հորս էր անցել պապիս մահից հետո: Պապս Ղազանչեցոց վանքի ավագ քահանա էր` Տեր-Առաքել Յուզբաշյանը: Պապս երկար ժամանակ վարժապետություն է արել Գորիսում ու շատ կրթված մարդ էր: Եղբորս` Նիկիտայի որդին` Կարեն Յուզբաշյանը, որ Պետերբուրգում արևելագետ է, պատմում էր, որ արխիվներից մեկում պապիս` Գորիսի ուսուցչության մասին վկայություններ էր գտել: Հայրս մեծացրել էր Շուշիի մեր տանը, վերանորոգել, և տունը շատ գեղեցկացել էր: Ուզում եմ պատմել ձեզ մեր տան դասավորությունը: Իմ մահճակալի վրա այժմ կախված է Շուշիի տան լուսանկարը: Այդ լուսանկարն արել էր քրոջս` Աննայի ամուսինը` Տիգրան Աղամալյանը: Տունը երկհարկանի էր: Հայրս կառուցել էր խոհանոցն ու նրան կից մեծ սենյակը: Մեր տունը Շուշիի կենտրոնում էր: Մեյդանից նրբանցքը բերում է մեծ փողոց, որտեղ գտնվում է գանձապետարանը: Այդ փողոցի վրա է Մինասբեկյանների տունը, մյուս անկյունում` Ստեփան-բեկի տունը: Մեր տան պատշգամբից երեք դուռ է բացվում դեպի դուրս ու մի դուռն էլ բացվում է ապակեպատ պատշգամբից: Սկսեմ առաջին դռնից: Այս դռնից մտնում ես մոտ չորս մետր երկարությամբ միջանցք: Այդ միջանցքից երեք դուռ կա: Ձախ կողմի դուռը ծնողներիս ննջարանն է: Սենյակը մեծ չէր` հավանաբար 18 քառակուսի մետր: Ծնողներիս սենյակում մեծ երկտեղանոց մահճակալ կար, որի վրա քնում էր հայրս, իսկ մեկտեղանոց մահճակալը մորս մահճակալն էր: Այդ սենյակում էր նաև իմ մեծ մանկական մահճակալը: Պատին մեծ գորգ էր, հատակին` փոքր: Դիմացի դուռը տանում էր մեծ մանկական սենյակ (րախոցը օթաղը): Այս սենյակը մոտ 30 քառակուսի մետր էր: Սենյակում երեք մահճակալ կար ու երկու սեղան: Հատակին մեծ գորգ էր փռված: Անկյունում` պատի տակ, մի մահճակալի վրա դարսված էր չօգտագործվող անկողինը` բազմաթիվ ներքնակներ, վերմակներ ու բարձեր: Մահճակալի կողքին սպիտակեղենի պահարանն էր`«130 ձեռք սպիտակեղեն», ինչպես մայրս էր ասում: Այդ սենյակում բուխարի կար: Բուխարու մեջ հաճախ աքլոր կամ թառափ էինք խորովում: Այդ սենյակում քնում էր մայրս, որը, ինչպես երևում է, իմ ծնվելուց հետո հրաժեշտ էր տվել հորս: Մյուս դուռը տանում էր հյուրասենյակ: Այս սենյակը մոտ 30 քառակուսի մետր էր, ուներ երեք պատուհան, որոնք դուրս էին գալիս փողոց: Ճաշասենյակում մենք ճաշում էինք միայն ձմռանն ու ուշ աշնանը: Սենյակում շատ մեծ գորգ էր փռված, մեծ սեղան կար ու մոտ քսան աթոռ: Անկյունում կաղնու փայտից հսկա բուֆետն էր, որտեղ պահվում էր ամբողջ սպասքը: Պատուհանի տակ թախտն էր` էլի գորգով ծածկված: Բուֆետի ներքևի դարակում մայրս պահում էր իր բազմաթիվ սփռոցներն ու օսլայած անձեռոցիկները: Այդ կտորից անձեռոցիկները ոլորում էին, նրանց վրա հագցնում էին հատուկ օղակներ և շարում սեղանին: Հյուրասրահի հատակին երկու մեծ գորգ ունեինք, քանի որ հյուրասրահը մոտավորապես 45 քառակուսի մետր էր: Այդ գորգերը բացվում էին միայն անհրաժեշտության դեպքում: Հատակը ներկված էր կարմիր յուղաներկով: Պատերն էլ էին յուղաներկ քսված: Հյուրասրահում պատի տակ ռոյալն էր «Բեկեր» մակնիշի: Ռոյալի վրա երկու մեծ նկարներ էին կախված, մեկը պապիս` տեր Առաքելի, մյուսը` տատիս լուսանկարը: Անկյունում գրամոֆոնն էր: Ու երբ գրամոֆոնը միացնում էինք, դրսում մարդիկ հավաքվում ու լսում էին: Պատերին նկարներ կային, բայց ռեպրոդուկցիաներ էին, բնօրինակներ չունեինք: Առաստաղից կախված էր մեծ ջահը` մեծ լամպով: Մեր պատշգամբը մոտ 30 մետր երկարություն ուներ ու 3-3,5 մետր լայնություն: Պատշգամբի պատի մեջ պահարան էր ներկառուցված, որի մեջ էլի գորգեր ու սպիտակեղեն էր: Պատշգամբի հարևանությամբ կից կառույց կար` խոհանոցը 25 քառակուսի մետր տարածքով, որի մի պատին աղյուսե վառարան էր, որը տաքանում էր փայտով: Մյուս անկյունում մեծ տակառ էր, որի մեջ լցվում էր ջրհորի ջուրը: Խոհանոցի հետևում կիսամութ սենյակն էր, որտեղ պահարանների մեջ պահվում էր խոհանոցային սպասքը: Խոհանոցի առջևով նեղ միջանցքը տանում էր զուգարան կամ, ինչպես մերոնք էին ասում` «զախոդ»: Շուշիում կոյուղի կար: Խոհանոցի աջ կողմի աստիճաններով կարելի էր բարձրանալ տանիքի տակ`ձեղնահարկ: Ձեղնահարկում, տանիքի գերաններից կախված էր ճոճվող, փայտե «խոնչան», որի վրա շարվում էր թխված լավաշը: Բակում` լվացքատան հարևանությամբ, խոր ջրհոր կար, որտեղ հավաքում էին անձրևջուրը: Անձրևաջուրը ջրհորդանով լցվում էր ջրհորի մեջ: Դրան ասում էին «շռութկան»: Ջրհորի վրա ձեռքով աշխատող պոմպ ունեինք: Այդ պոմպով ջուրն ուղղվում էր խոհանոց և լվացքատուն` կենցաղային հոգսերի համար: Մեր այգու անմիջական հարևանությամբ Խանլարովների տունն էր, իսկ այգու վերին մասին կպած էր Անանևների կիսով չափ այրված ու մասամբ վերականգնված տունը, որի տերը սիրում էր կրկնել. «Չորս ծի օնիմ: Մինը սիպտակ ա, մինն էլ սիպտակ ա, մինն էլ ա սիպտակ, մինն էլ ա սիպտակ»: Անանևների տան հարևանությամբ քարվանսարան էր: Այս էր իմ մանկության սիրելի, շքեղ ու բարի տունը: Սա է, որ կարող եմ պատմել այդ հրաշք տան մասին: Ուշադի´ր նայեք լուսանկարին, ու դուք կհամոզվեք խոսքերիս ճշմարտացիության մեջ:

Հայրս` Մովսես Առաքելի Յուզբաշյանը, ծնվել է 1845-ին: Նրան Շուշիում կոչում էին Մովսես Բեկ: Հայրս նախնական կրթություն ուներ: Լավ ռուսերեն էր խոսում ու գրում: Ամբողջ կյանքում աշխատել է Ղափանում: Նա մի ընկերակցության տնօրեն էր, որը զբաղվում էր Ղափանից Շուշի պղինձ տեղափոխելով, իսկ Շուշիից Ղափան կոքս էին տանում: Հիշում եմ` ինչպես պղնձով բեռնված ձիերը, ավանակները, ուղտերը մտնում էին մեր բակ: Տանը պղնձի ամբար ունեինք: Հետո պղինձը բարձում էին ձիակառքերին` Եվլախ տեղափոխելու համար, իսկ Եվլախից այն տեղափոխում էին Մոսկվա: Հորս բազմանդամ ընտանիքը հարուստ ընտանիք էր համարվում: Հայրս տարեկան չորս հազար ռուբլի էր աշխատում: Նա որևէ կուտակումներ, բաժնեթղթեր չուներ: Ողջ փողը ծախսում էր ընտանիքի վրա: Բացառիկ նշանակություն էր տալիս ուսմանը: Երեք եղբայրներս՝ Նիկիտան, Սիմոնը, Իսահակը, կրթություն են ստացել Գերմանիայում: Հայրս Բեռլին սովորելու էր ուղարկել նաև աղջկան` Սառային (հայտնի թոքաբան Գրիգոր Սաղյանի կնոջը): Շուշիում չէին հասկանում` ինչպես կարելի է աղջկան մենակ ուղարկել Գերմանիա, բայց Սառան շատ լավ էր սովորում, ոսկե մեդալով ավարտել էր Շուշիի երրորդ գիմնազիան և մինչև Գերմանիա գնալը գերմաներեն գիտեր: 1913-ին հայրս ու մայրս մեկնեցին Գերմանիա և Շվեյցարիա` զավակներին տեսնելու: Հիշում եմ, որ արտասահմանյան անձագիր ստանալու համար հայրս մեր բակում ապրող Սարգսին տվեց իր և կնոջ անձնագիրը, չորս ռուբլի և ուղարկեց ոստիկանական բաժին: Այդքան հեշտ էր: Գերմանիայից ինձ ու քրոջս շվեցարական ժամացույց էին բերել: Բեռլինում, երբ Սառայի հետ գնացքի իրենց կուպեում տեղավորվել էին, Սառան կանգնած էր մնացել, իսկ հորս կողքին մի տղամարդ է նստած եղել: Հայրս հայերեն ասել էր աղջկան. «Սառա, մատաղ քեզ, էս կողքես նստած էշին կլյոխը, վեր հասկանար, եր կկենար տու կնստեիր»: Ու հանկարծ, տղամարդը վեր է կենում ասելով. «Ներողություն, պարոն, թեպետ դուք ինձ «ավանակ» կոչեցիք, ես ուրախությամբ իմ տեղը զիջում եմ տիկնոջը»: Հայրս Շուշիում շատ էր պատմում այս դեպքը ու միշտ ասում. «Ինչ իմանայի, թե Ենայի ու Բեռլինի միջև էլ հայ կհանդիպեմ»:

Մայրս ասում էր, որ տանը միշտ երկու օրորոց կար` մեծ և փոքր: Ես անչափ սիրում էի մորս: Անվերջ համբուրում էի ձեռքերը, ուսերը, սիրում էի քնել նրա անկողնում, զգալ նրա հոտը: Մեծերն արդեն տնից հեռացել էին, տանը մնացել էին միայն Եղիշն ու Արուսյակը: Իմ խեղճ մայրը հավատացյալ չէր, բայց եկեղեցի գնում էր: Կատակասեր էր, սիրում էր զվարճալի պատմություններ սարքել մարդկանց գլխին: Իմ ծնունդից հետո նա հաճախ ասում էր. «Մըծ ցավից պրծա»: Մնացած բոլոր տարիներին նա ուղղակի ծաղկում էր: Բազմաթիվ նկարներ են պահպանվել` մայրս «Ներքե բախչում»` զավակներով շրջապատված: Մայրս իր անընթեռնելի ձեռագրով հաճախ էր բացիկներ ուղարկում ինձ, երբ աշխատում էի Դաղստանում, Ղրիմում, նամակները միշտ ավարտվում էին հետևյալ բառերով` «Քո մայր Մայկո Յուզբաշյան»: Նա միշտ շրջապատված էր ծեր կանանցով, որոնք պաշտում էին նրան, օգնում էին տնտեսության մեջ, երեխաներին խնամելու գործում: Այդ տատիկներին ես էլ եմ հիշում: Նրանք մորս անվանում էին «հարթնը»` հարս: Ահա այսպիսի պատմություն: Մորս 35-ամյակը նշում էինք շատ շքեղ: Երկար պատշգամբը զարդարել էինք, կուսանոցից կույսեր էին եկել, Տեր Հարությունն էր եկել` օրհնելու տունը: Հայրս մատաղ էր արել: Երեկոյան հյուրերը թեյում էին ինչպես ընդունված էր` այգում: Հետո պարեր էին, մեծերը պրեֆերանս էին խաղում հատուկ թղթախաղի սեղանների վրա: Առավոտյան ես միշտ բացում էի այդ սեղանների փեղկերն ու անպայման կոպեկ էի գտնում: Այդ օրվանից նկար է պահպանվել: Ամառային այդ ուրախ հավաքների ժամանակ մայրս անընդհատ պտտվում էր բոլորի շուրջն ու ինչ-որ բան առաջարկում: Առավոտյան կողովներով թութ էին բերում Քարին տակ գյուղից: Իսկ հետո նախաճաշն էր`ձվածեղ` 25 ձվից: Հեքիաթ դարձած օրեր են: Ձեզ գուցե ձանձրալի կթվա այսչափ մանրակրկիտ նկարագրությունն իմ մանկության տան, բայց սա սպանված հուշ է, ու ամեն անկյունը հիշելիս ինձ թվում է` կենդանացնում եմ նրանց, ուստի ներեք ինձ իմ պարզությունը:

Մեյդանի անկյունում Անդրի ապոր գլխարկի արհեստանոցն էր, որը տատիս հեռավոր բարեկամն էր: Նա անպիտան գլխարկներ էր կարում, բայց լավ շրջում էր մի կողմը`մյուսի ու դրա համար Շուշիում նրան կոչում էին «շլապկա պրանող Անդրի»: Անդրի ապոր կինը` Մակա բաջին, շատ միամիտ կին էր: Մի անգամ Մակա բաջին եկել էր տատիս տուն ու ասել. «Զառի բաջի, մեր Անդրեասը մի վերցակ ա առալ, սկի ծյու չի ածում», ինչին տատս պատասխանել էր. «Մակա, ծյու ածելը հավու փեշակ ա»: Անդրին մի անգամ կպավ քրոջս ամուսնուն`Գրիշա Սաղյանին, թե արի կտոր առ, քեզ համար, ինչպես ինքն էր ասում «ֆրենչ պիտի կարիմ»: Վերջապես Գրիշան առնում է կտորը, ու Անդրի ապերը երկար կարում է այդ «ֆրենչը», բազմիցս բերում փորձելու ու ի վերջո գալիս ու ասում է` «ֆրենչը» պատրաստ է: Երբ Գրիշան հագավ, պարզվեց, որ նա պիտի թեքվի աջ կողմի վրա, որ «ֆրենչի» մեջ մտնի: Անդրի ապերը երկար նայեց-նայեց ու ասաց. «Գրիշա, քեզ մատաղ, ես մեղավեր չեմ, տի կրիվաբոկի ըս»: Մենք երկար ծիծաղում էինք: Գրիշան շատ երկար ծիծաղելուց հետո նվիրում է «ֆրենչը» Անդրիին ու վճարում կարի համար: Անդրիի արհեստանոցի կողքին մի փալանչիի արհեստանոց էր: Նրա արհեստանոցի դռան վրա ռուսերեն գրված էր. «Ազիատսկիյ պորտնոյ»:

Երբեմն որսի էինք գնում: Իմ մանկության ուղեղում ու հոգում հատկապես տպավորվել են «ղոնախլըղ» (հյուրասիրություն) կոչվածը: Սովորաբար այդ հյուրասիրությունները կամ մեր որևէ բարեկամի կամ ինչ-որ ճանաչված մարդու այցի էին նվիրված: Այդ ժամանակ սեղանի շուրջը հիսունից ավելի մարդ էր նստում: Սեղանը ղեկավարում էր պապիս կողմից մեր հանրահայտ բարեկամուհին`Թագուշ խանումը: Նրա մասին`առանձին: Մեկ օր առաջ հայրս ու Հովհաննեսը գնում էին գնումների: Այս մասին գրում եմ, որ իմանաք ինչքան հեշտ է դա արվում: Նախ` գնում էինք Խանլարովների գաստրոնոմիական խանութը: Նրա խանութի նկուղում մի սառցարան կար` սառույցներով սենյակ, որի պատրաստությունը նա տեսնում էր ձմռանը: Նրա նկուղում ձկան բոլոր տեսակները կային` թառափ, սեվրյուգա, թառափի սուկի, սաղմոն, կարմիր ու սև խավիար: Երշիկեղեն Շուշիում չկար, չեմ հիշում մեր սեղանին այդպիսի բան: Խանլարովի մոտից գնվում էր նաև օղին, գինին,կոնյակը: Որից հետո գնում էինք Մայդան`ղասաբ Ավետիսի մոտ: Վերջում կանդիտեր Գրիգորի մոտ պատվիրում էինք թխվածք, շոկոլադ ու այլ քաղցրավենիք: Այսպիսի հյուրասիրությունները, ինչպես տանն էին ասում, «նստում» էր հինգ-վեց ռուբլի: Տանը միշտ խոհարար կար` կամ խոհարար Մինասն էր, կամ Միխայիլը, իսկ երկար տարիներ մեր տանն աշխատում էր խոհարար Հայրապետը, որի ընտանիքն ապրում էր մեր տանը` ներքևի հարկում: Մեր պառավները փետրահան էին անում հավերին, բրինձ էին մաքրում, ներքևում փայտ էին կոտրում: Հատուկ հրավիրվում էր սազանդար պուճուր Գրիգորը, քամանչահար Միրզա աղան, որը բակում թերթերից խարույկ էր վառում ու գործիքը վրան պտտում, որ ձիգ լարի: Ճաշի ընթացքում ու ճաշից հետո պարում էինք ու խաղեր կազմակերպում: Մի քանի ինքնաեռներով թեյ էին մատուցում: Ջահելները եվրոպական պարեր էին պարում, տանը ռոյալ կար ու շատերը նվագում էին: Տղամարդիկ նստում էին թղթախաղի սեղանի շուրջ: Մինչև ուշ գիշեր պրեֆերանս էին խաղում: Ցավոք, մեզ` երեխաներիս, քնեցնում էին: Ես առավոտյան բացում էի թղթախաղի սեղանները, որոնցից մեկը մեր տանն է հիմա:

Լողանալու օրերը: Մեր բակում թոնրատուն կար, թոնրատան անկյունում մայրս օջախ էր վառում, ու հսկա կաթսայի մեջ եռում էր ջուրը, որով պետք է լողանային տան բոլոր անդամները: Այդ ընթացքում մեկը պետք է ջրհորից սառը ջուր բերեր խառնուրդի համար, ու պիտի կրակը պահվեր օջախում: Մայրս հերթով բոլորին լողացնում էր մեծ «թեշտի» մեջ: Մի անգամ` այդպիսի մի օր, Գրիգորը տեսնում է մայրս բակի մեջտեղում մտազբաղ կանգնած է: Հարցնում է. «Մամա, էդ ի՞նչ մտածմունքի մեջ ըս», մայրս պատասխանում է. «Գրիշա, քեզ մատաղ, մնացալ ա էրկու ճոխտ վըննը»: Պարզվում է` նա մեզ ոտքերով էր հաշվում:

Մեծ տոն էր, երբ տատս բակի կենտրոնում կարագ էր հալեցնում: Այս գործը սկսվում էր նկուղից մեծ ղազանը բակ բարձրացնելով: Նրա տարողությունը 500-600 լիտր էր: Հետո հալած յուղը տատս լցնում էր կճուճների մեջ, ու դրանք պահում էինք նկուղում: Մնացած յուղով տատս համով գաթա ու հալվա էր սարքում: Մայրս շատ էր սիրում իր մորը` մեր բարի, բարի դեմքով այանին: Նրա լուսանկարը պահպանվել է մեր բակում` տարազով, մյուս կանանց հետ: Հիշարժան օրերից էր լավաշ թխելու օրերը: Հատուկ կանանց էինք հրավիրում` լավաշ թխող Սաթենիկը, խմոր էին անում, եթե չեմ սխալվում`երեկոյան: Թխած լավաշը բարձրացնում էին ձեղնահարկ, ուր տանիքի գերաններից կախված «խոնչաների» վրա շարում էին լավաշները: Քանի որ «խոնչաները» կախված էին պարաններից ու ճոճվում էին, դրանց անունը «Ճինճի-պոմբի» էր: Լավաշները ծածկվում էին հատուկ ծածկոցներով, որոնք կոչվում էին «մեզար»: Խմորներից մեկն անպայման պատից պոկվում ու ընկնում էր թոնրի մեջ: Ընկած հացը կոչվում էր «կուտանա»`դա ամենահամով լավաշն էր: Վերջին անգամ մեր Շուշիի տանը լավաշ թխելը հիշում եմ 1910-ին: Հետո արդեն առնում էինք լավաշը վանքի ճանապարհին: Ամառային ամենաուրախ արարողությունը քաղաքից դուրս բացօթյա քեֆերն էին: Պատրաստվում էինք հիմնավոր ու երկար: Հիմնականում գնում էինք Քարին տակ գյուղի կողմերը, Շամիր բեկի բաղերը, Թթու ջուր: Թթու ջուր աղբյուրի ջուրն այնքան սառն էր, որ հիշում եմ` գրազ էինք գալիս, թե ով կարող է մինչև երեսունը պահել ձեռքը ջրի տակ: Բացօթյա ճաշկերույթների համար տանում էինք գորգեր, սփռոցներ, ափսեներ ու անպայման ինքնաեռը: Ամենասկզբում մորթում էին ոչխարը, հետո ծառերից ճյուղեր էին կտրտում, որոնցից շամփուրներ էին պատրաստում ու այդ ճյուղերն արտասովոր համ էին տալիս մսին: Այդ քեֆերից լուսանկարներ են պահպանվել: Քարին տակ գնում էինք գիշերելով, մեզ հետ տանում էինք վրաններ ու դա մեզ՝ երեխաներիս համար հատուկ ուրախություն էր: Քարին տակը Շուշիի ժայռերի տակ էր: Այդ ժայռերի ծայրից ներքև նայելը հեքիաթ էր: Ժայռերի մոտ վերջանում էր Շուշիի բուլվարը, ու շատ շուշեցի կանայք, ազգային տարազով, ինքնաեռները հանած դուրս, թեյով թխվածք էին վաճառում: Վերևից Քարին տակը կարծես խոր անդունդում լինի: Գյուղացիների դաշտերն այնքան հավասար էին դասավորված: Ոսկեգույն արտերը արևի տակ խաղ էին անում ոսկեգույնի իրենց երանգներով: Մեկ էլ ներքևում սկսում են հաչել շները, կամ մեկը մյուսին բարձր ձայն է տալիս, ու սկզբում լսվում է արձագանքը, հետո պատասխանն ու պատասխանի արձագանքը, հեռվում հովիվները խարույկ են վառել, մեկը սրինգ է նվագում:

Թագուշ խանումը

Իմ հաջորդ վերհուշը վերաբերում է պապիս քրոջ թոռանը`Թագուշ խանումին, որի տունը մեծ պատշգամբով էր: Թագուշ խանումը հարուստ մանուֆակտուրիստ Հայրապետ Ղալամյանի կինն էր: Հայրապետը մահացավ 1909-ին: Նրան աղոտ եմ հիշում: Շուշիում նա մեծ տուն ուներ, տան մուտքի մոտ էլ` խանութ: Տունը մեծ պատուհաններով պատշգամբ ուներ, որը դուրս էր գալիս այգի: Այդ պատշգամբը սալոնի դեր էր կատարում, որտեղ հավաքվում էր Շուշիի ինտիլիգենցիան` ռեալական վարժարանի ուսուցիչներ, ճանաչված դեմքեր, տիկնայք, երիտասարդ աղջիկներ, ուսանողներ, Շուշիի հանրահայտ բժիշկներ: Մենք բոլորս մուտքի իրավունք ունեինք Թագուշ խանումի սալոն: Լավ հիշում եմ ռեալական վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ Միխայիլ Գեորգիևիչ Չավչավաձեին, որը հաճախ էր գալիս Թագուշ խանումի սալոն և վերջում ամուսնացավ նրա դստեր հետ: Սալոնում քննարկվում էին քաղաքի ամենահետաքրքիր նորությունները, թերթեր էին կարդում, կազմակերպում էին թղթախաղեր: Թագուշ խանումը 25-26 թվականներին ապրում էր Թիֆլիսում, հաճախ էր լինում մեր տանը, հետո տեղափոխվեց Լենինական, որտեղ շատ շուտ մահացավ: Լենինականում նա ապրում էր որդու`Հակոբի տանը: Մահացավ երեսունականներին: Չքացավ երկրի երեսից այդ գեղեցիկ կինը, որին Շուշիում բոլորը ճանաչում էին, ու Թագուշ խանումի մասին իմ բոլոր պատմությունները վերաբերում են Շուշիի տարիներին` 1911-1916 թթ.: Թագուշ խանումը միջինից մի քիչ բարձր հասակով, սևաչյա գեղեցիկ կին էր: Այդ կինը հատուկ քայլվածք ուներ, ու շատերն էին կանգնում նրան նայելու: Շուշիի ամառային ակումբում ելույթ էին ունենում Աբելյանը, Ալիխանյանը, Ոսկանյանը, Ժասմենը: Ամառային ակումբը թաղված էր ծաղիկների մեջ, լայն ծառուղիներով, մանկական հրապարակ ուներ, ընթերցարան, խաղաթղթի համար առանձին սենյակ, որտեղ կանայք ֆրապ էին խաղում, տղամարդիկ` պրեֆերանս: Ակումբի դահլիճում հաճախ պարեր էին կազմակերպվում: Պարում էին հիմնականում վալս և եվրոպական պարեր: Պարերը ղեկավարում էր պրոֆեսիոնալ պարող և պարուսույց Գևորգյանը: Երեկոյի մեխը Թագուշ խանումի պարն էր: Նա պարում էր «Ուզունդարա»: Նա պարում էր այս պարը միշտ երեկոյան ժամը 11-ին: Այս կինը Շուշիի ամենաառաջադեմ կանանցից էր, թեև ռուսերեն չգիտեր, խոսում էր Շուշվա բարբառով ու երբեմն աշխատում էր խոսել գրական հայերենով: Մի անգամ Թագուշ խանումը գնացել էր Մոսկվա` քրոջ մոտ, որն ամբողջ կյանքում ապրել էր Մոսկվայում: Շուշի վերադառնալուց հետո բոլորին պատմում էր, թե «շատ կուլտուրնի քաղաք ա Մոսկվան, ամեն պադեզդի առաջ մին շվեյցարիա ա կանգնած»: Այս պատմությունը գրում է նաև Վաղարշ Վաղարշյանն իր հուշերում, որը նույնպես շուշեցի էր:

Շուշիի կուսանոցը

Իմ մանկությունն ու պատանեկությունը սերտորեն կապված էին Շուշիի կուսանոցի հետ: Միանձնուհիների այս ապաստանը ինձ և մեր ամբողջ ընտանիքի համար ինչ-որ հարազատ, սուրբ մի բան էր: Միանձնուհիների հետ մենք շատ էինք կապված: Այս վերաբերմունքը խոր արմատներ ուներ, և այսօր` 70 տարի անց, աչքիս առաջ են իմ սրտին շատ սիրելի միանձնուհիները` կուսանոցի վերակացու Հուռի բաջին, Նախշունը, կաղ Հեղինեն, Տեր Առաքելը: Վանքից հինգ մետր այն կողմ մի երկհարկանի տուն կար: Տան ներքևի հարկում նկուղներ ու պահեստներ էին: Վերևի հարկում ապրում էին միանձնուհիները: Սենյակների առջևի մասում ապակեպատ պատշգամբ էր: Շենքին կից ծաղկանոց կար: Տան հետևի մասում բանջարանոց էր: Հատուկ տեղ էր հատկացված զոհասեղանի համար, որտեղ տոն օրերին գառ էին զոհաբերում ոչ միայն շուշեցիները, այլև այլ տեղից Շուշի հասած հավատացյալները: Այդ օրերը մեր տան համար միշտ տոնական էր, քանի որ մեր տունը վանքին շատ մոտ էր: Թեև Շուշիում հեռու բան չկար, ամեն ինչ մոտ էր, ամեն ինչ հարազատ էր, իսկ հիմա ինձ համար ամեն ինչ հեռացած ու անցյալ է: Իմ վանքն էլ վառեցին, սպանեցին իմ միանձնուհիներին: Հրաշքով փրկվեց միայն Հեղինե կույսը…

Հիշում եմ Մարիամ Աստվածածնի տոնը: Այդ օրը մեր տանը նշվում էր որպես մորս անվանակոչության օր: Մորս անունն էլ էր Մարիամ, թեև բոլորը նրան Մայկո էին ասում: Այդ օրը քույրերս ու եղբայրներս պատշգամբը ծածկում էին ծաղիկներով: Հատկապես հիշողությանս մեջ մնացել է 1913թ. այդ օրը: Այդ տարի բոլորը հավաքվել էին` մոտ երեսուն մարդ: Տոնից մի քանի օր առաջ ոչխար էին առել ու այդ ոչխարին ես մի քանի օր պետք է արածացնեի: Մատաղից մի օր առաջ ինձ ճերմակ թղթի մեջ փաթաթած աղ էին տվել, որ տանեմ Ղազանչեցոց եկեղեցի, որ Տեր Առաքելը օրհնի: Օրհնված աղը գիշերը տալիս էին ոչխարին ուտելու:

Վանքն այրեցին, իսկ Տեր Հարությունին կտրտեցին վայրենաբար: Իմ Շուշին չկա, կա միայն իմ ուղեղում այդ պատճառով էլ գրում եմ ամեն ինչ, ինչ հիշում եմ»:

Ահա, այսպիսի Շուշի: Սա ընդամենը մի հատված էր Հովսեփ Յուզբաշյանի հուշերից, ձեռքս չէր գնում կրճատել, հանել: Բայց գոհ եմ, որ կարող եմ մտքում ասել Հովսեփ Յուզբաշյանին, որին տեսել եմ չորրորդ դասարանում, երբ ինքը 78 տարեկան էր, որ Շուշին կա…

Մեկնաբանել