Եվրաինտեգրումը եղել և մնում է ՀՀ առաջնահերթություններից մեկը. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի հետագա զարգացմանն ու խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ եվրաինտեգրումը եղել և մնում է մեր երկրի առաջնահերթություններից մեկը: Նա հույս է հայտնել, որ Լիտվան` որպես ԵՄ անդամ, իսկ վերջերս նաև այդ կառույցում նախագահությունն ստանձնած երկիր, կաջակցի Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: Էդուարդ Շարմազանովը դեսպանին ծանոթացրել է նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված Հայաստանի վարած քաղաքականությանը. Մասնավորապես` նա խոսել է ԼՂ հիմնախնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերի և Հայաստանը շրջափակելու թուրքական քաղաքականության անթույլատրելիության մասին:

Էրիկաս Պետրիկասը նշել է, որ Լիտվայի իշխանությունները աջակցում են հիմնախնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերին: Նա ողջունել է նաև եվրաինտեգրման ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի հետևողականությունը և հավաստիացրել, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու Հայաստանին այդ ճանապարհին հանդիպող դժվարությունները հաղթահարելու հարցում:

Մեկնաբանել