Ադրբեջանում հերթական անգամ դիմել են իրենց մեթոդներին. Ա.Հովհաննիսյան

Ադրբեջանական ANS հեռուստաալիքին հայ զինծառայողի «տված հարցազրույցի» մասին PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Նշենք, որ համացանցում տարածված տեսանյութում Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք, «հարցազրույց է տալիս ադրբեջանական ANS հեռուստաալիքին»։

Զինծառայողը պատմել է․ «Միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի հրամանը կատարել, քանի որ հոգնած էի, և ասացի, որ ավելի ուշ կգնամ։ Նա կոպիտ պատասխանեց, որ հենց հիմա կգնամ ու խփեց աչքիս։ Եվ ես, ճարս կտրված, հետո գնացի, որպեսզի ջուր բերեի»։

Ավելի վաղ Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հայտարարել էր․ «Ճշտվել է, որ գերին մոլորվել է և անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք»։

Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Ադրբեջանում հերթական անգամ դիմել են իրենց մեթոդներին։ Նրանք վարպետացել են նման գործերում։ Բայց նույնիսկ այսպիսի հայտարարություններից հետո հայկական կողմը վստահեցնում է, որ պատրաստ է ընդունել իր քաղաքացուն, և նրա քայլերը որևէ իրավական հետևանք չեն ունենա»։

Արծրուն Հովհաննիսյանն ավելացրել է, որ սա միջազգային կոնվենցիաների խախտում է, բայց Ադրբեջանից սպասելի էր նման քայլ։

Նշենք նաև, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներին դեռ չի հաջողվել այցելել Հակոբ Ինջիղուլյանին՝ մինչև օգոստոսի 11-ը ոչ աշխատանքային օրեր լինելու պատճառաբանությամբ, իսկ այսօր, թե նման ընթացակարգերի համար ժամանակ է պետք։

Լուրն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով:

Մեկնաբանել