Էդվարդ Սնոուդենի հայրը Ռուսաստանի վիզա է ստացել

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը՝ Լոն Սնոուդենը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության վիզա է ստացել, սակայն դեռ հայտնի չէ՝ երբ կմեկնի որդու մոտ, հաղորդում է AFP-ն:

Ավելի վաղ ամերիկյան Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Լոն Սնոուդենը և նրա փաստաբանը վիզայի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել էին օգոստոսի 5-ին:

«This Week» հաղորդաշարի ընթացքում Լոն Սնոուդենը հայտնել է, որ ինքը և իր փաստաբան Բրյուս Ֆեյնը ռուսական վիզաներ են ստացել: AFP-ի տվյալների համաձայն՝ հայրը Էդվարդ Սնոուդենի հետ շփում չի ունեցել այն պահից ի վեր, երբ վերջինս լքել է ԱՄՆ-ն:

ԿՀՎ նախկին աշխատակցի փաստաբան Անատոլի Կուչերան օգոստոսի 6-ին հայտարարել էր, որ նա հրավեր է ուղարկել Սնոուդենի հորը, ընկերներին և հարազատներին: Կուչերայի խոսքով՝ Սնոուդենները ընտանեկան խորհրդի ժամանակ կարևոր որոշում կընդունեն:

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը միջազգային ճանաչվածություն ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ և ձգտում է հասնել նրա արտահանձնմանը։ Հայրենիքում Սնոուդենին մեղադրում են լրտեսության մեջ։ Օգոստոսի 1-ին ԿՀՎ նախկին աշխատակիցը Ռուսաստանի տարածքում մեկ տարի ժամկետով ժամանակավոր ապաստան ստանալու մասին հավաստագիր ստացավ։

Մեկնաբանել