Զորիի անզոր միտքը

Զորի Բալայանի` Արցախի խնդրի վերաբերյալ Պուտինին ուղղված նամակը կարդալուց հետո տպավորությունն այնպիսին էր, որ տեքստը պատրաստել է Եվրասիական միությանը Արցախին կցելու գործընթացի ջատագովների մի մեծ խումբ: Նամակի տեքստը պատրաստելու համար այդ մարդիկ օգտագործել են պայմանագրերի իրավասության մասին իրենց գիտելիքները, փորձել են տարբեր քաղաքական գործիչների ելույթները համապատասխանեցնել նամակի տեքստին, Թուրքիայի արտաքին քաղաքականության գիտակները այդ երկիրը ներկայացրել են ոչ թե հայերի, այլ Ռուսական կայսրության թշնամի: Տեքստը կարդալուց տպավորություն է, որ Ցեղասպանությունը թուրքերը կազմակերպել են Ռուսական կայսրության դեմ: Իսկ վերջում էլ պրոպագանդիստները տեքստը համեմել են ռազմահայրենասիրական մոտիվներով:

Եթե հանկարծ Վլադիմիր Պուտինը փորձի կարդալ տեքստը ու, նաև հետևելով Զորի Բալայանի խորհուրդներին, ծանոթանա հղումներին, ապա դա նրանից կխլի մի քանի ժամ: Կարելի է ենթադրել, որ Պուտինը տեքստին չի էլ ծանոթանա: Կամ էլ՝ ո՞վ գիտի, կարող է նախապես արդեն տեղյակ է տեքստին:

Հեղինակը տեքստում վեց անգամ օգտագործել է «մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ», քսանհինգ անգամ՝ «Վլադիմիր Վլադիմիրովիչ» արտահայտությունները, ինչն էլ երևի գլխավոր պատճառն է, թե ինչու տեքստն այդքան երկար է ստացվել:

Զորի Բալայանը նամակում գրել է. «Հայկական Կարսում, որը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ, այն ժամանակ կար ռուսական եկեղեցի, ռուսական գերեզմանատուն, ռուսական դպրոց, որտեղ, ի դեպ, սովորել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը»: Չարենցի կենսագրությունից հայտնի է, որ ստալինյան ռեպրեսինաերի ժամանակ խորհրդային իշխանությունը բանաստեղծին ձերբակալեց և հակախորհրդային գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացրեց: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Չարենցն իր մահկանացուն կնքեց երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում:

Նամակը պատրաստողները պատմական փաստերի շարադրման գործում տրամաբանական սխալներ են թույլ տվել: Նամակի պրոպագանդիստական բնույթը ակնհայտ է դառնում հենց նման բացթողումների պատճառով: Նամակում հստակ նշվում է, որ Արցախի իրավատերը Ռուսաստանն է՝ հաշվի առնելով Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը, և կոչ է հնչեցվում Պուտինին՝ տեր կանգնել այդ տարածքներին: Ստացվում է, որ արցախյան պատերազմում հայ ժողովուրդը զրկանքներ է կրել հանուն Ռուսաստանի իրավատիրության, և հայ մարտիկները զոհվել են այդ իրավատիրությունը անքակտելի պահելու համար:

Հեղինակները նամակով փորձում են հող պատրաստել, որպեսզի Արցախը միացնեն Եվրասիական միությանը: Սա է նամակի կարևոր մեսիջներից մեկը: Սա Հայաստանի, առավելևս՝ Արցախի ամենամեծ վտանգն է:

Տեքստի միակ գնահատելի կողմը ահազանգն է, իսկ արտահայտված մտքերը կատարյալ հիմարություն են:

Մեկնաբանել