Մարտի 18-ին Սայիթ Չեթինօղլուի և Հրանտ Գասպարյանի նախաձեռնությամբ` Ստամբուլի Ջեզայիր սրահում «Ինչպե՞ս է Սևան Նշանյանի վիճակը» խորագրով հանդիպում է տեղի ունեցել: Բազմամարդ հանդիպմանը ներկա էին լրագրող Էթյեն Մահչուփյանը, Օսման Քավալան, «Ազիզ Նեսին» հիմնադրամի նախագահ Ալի Նեսինը, Սևան Նշանյանի ընկերները, բարեկամները, որդին՝ Դավիթը: Հանդիպման կազմակերպիչները մասնակիցներին են ներկայացրել ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով բանտում հայտնված Սևան Նշանյանի գործունեությունը և պատմել նրա բանտային կյանքի մասին: Հանդիպման ընթացքում մասնակիցների ներկայությամբ ընթերցվել է Սևան Նշանյանի՝ բանտից ուղարկված նամակը, որն ամբողջությամբ և առանց կրճատումների ներկայացնում ենք ստորև:
«Բոլորը դա անում են, ինչո՞ւ են միայն ինձ պատժում» էժանագին մտքից միշտ հեռու եմ մնացել:
«Այս երկրում միայն Սևանն է՞ ապօրինի շինարարություն իրականացնում» վերնագրերով թերթերը սրտնեղությամբ եմ կարդում:
Ես չեմ արել այն, ինչ բոլորն են անում: Ես արել եմ այն, ինչ նրանք չեն կարողանում անել:
Իմ պահանջն ամենևին էլ ինձ ներելը կամ բարի աչքով նայելը չէ:
Չեմ ցանկանում, որ իմ արածների վրա աչք փակեն:
Կարծում եմ՝ իրավունք ունեմ պարգև ակնկալելու:
Մտածում եմ՝ արժանի եմ շնորհակալության:
Ես սպասում եմ, որ ինձ պատժողները խեղճացած ներողություն խնդրեն ինձնից:
Աշխատել եմ միայն պետության և ժողովրդի կողմից աղբը նետված մի գյուղում կյանքի տեսլական ստեղծել:
Փորձել եմ կոպտորեն ավերված ճարտարապետական ավանդույթը վերակենդանացնելով՝ հարմարեցնել նոր դարաշրջանի պայմաններին:
Տգեղությունը և էժանագին բաները կենսաձև դարձրած հանրությանը փորձել եմ հիշեցնել՝ «գեղեցիկն է նպատակը»:
Եվ դա չեմ արել փողի համար:
Չեմ արել շահի համար:
Արել եմ գեղեցկության համար:
Արել եմ, որպեսզի այն օրինակ լինի:
Տասնյակ հազարավոր մարդիկ են եկել:
Շնորհակալություն են հայտնել ու համբուրել՝ իրենց կյանքում լույսն ավելացնելու, հոգիների պատուհան բացելու համար:
Իսկ պետության անվան տակ ապաստանածները ատեցին մեզ:
Որովհետև նրանք վախենում են լույսից:
Կարծում են, որ ամեն անկեղծ բան սպառնում է իրենց գոյությանը:
Շահի վրա հիմնված իշխանությունները այնտեղ, որտեղ կա միտք, գեղեցկություն և մեծահոգություն, վախենում են օճառի փրփուրի պես հօդս ցնդել:
Վախենալով` մտածեցին, որ կարող են ինձ ծնկի բերել: Չկարողացան անել:
Օգտագործելով հանրապետության շրջանում կատարելագործված մեթոդները` մտածում էին, որ հազարավորների պես ես ել կփախչեմ: Չկարողացան դա անել:
Բանտարկելով՝ կարծում են, որ կարող են ինձ ծնկի բերել: Չեն կարողանալու դա անել:
Որովհետև նրանք վախկոտներ են, իսկ ես՝ ոչ:
Նրանք անկիրթ են, անհաղորդ են գիտելիքի և ուսման առաջին պայմանին՝ լայնախոհությանը: Ես այդպիսին չեմ:
Նրանք, ովքեր գիտեն իրենց անարդար լինելը, հոգեպես թույլ են: Ես այդպիսին չեմ:
Մյուս անգամ միասին լինելու հույսով՝ Շաքրանի փակ բանտի իմ անկյունից բարևներս եմ ուղարկում բոլորին, ովքեր կազմակերպել են հանդիպումը, մասնակցել կամ չեն կարողացել մասնակցել, բայց իրենց աջակցությունն են հայտնել:
Սևան