Ուկրաինայում նախագահական ընտրություններ են

Ուկրաինայում մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 21 թեկնածուներ:

Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում ընդունեց մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։

Ընտրություններն անցկացվում են երկրի արևելքում իրավիճակի լուրջ սրման ֆոնին: Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում շարունակվում են Ուկրաինայի իշխանությունների հատուկ գործողությունները, որոնք նրանք անվանում են «հակաահաբեկչական»:

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» կողմնակիցները հայտարարում են քվեարկությունը բոյկոտելու մասին:

Ուկրաինայի նախագահի ընտրություններին առաջին անգամ չի մասնակցի Ռուսաստանի կազմի մեջ մտած Ղրիմը, սակայն թերակղզում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները հնարավորություն ունեն քվեարկելու երկրի այլ շրջաններում:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են գործարար Պյոտր Պորոշենկոն, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, միլոնատեր և նախկին փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոն և ներքին գործերի նախկին նախարար Անատոլի Լուցենկոն:

Առաջին փուլում հաղթանակի համար անհրաժեշտ է հավաքել ավելի քան 50%, հակառակ դեպքում՝ հունիսի 15-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:

Մայիսի 24-ին երկրի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը հեռուստաուղերձում կոչ է արել ուկրաինացիներին գնալ ընտրատեղամասեր և «պաշտպանել Ուկրաինան»:

«Դա կլինի արևմուտքի, արևելքի, հյուսիսի և հարավի ուկրաինացիների կամարտահայտությունը»,- ասել է նա:

Մեկնաբանել