Թուրքիան` նոր ցույցերի շեմին

Բախումներ Օքմեյդան հրապարակում, Ստամբուլ

Վերջին օրերին լարված իրադրություն է Թուրքիայում: Ոստիկանության և ցուցարարների բախման կենտրոն է դարձել Ստամբուլի Օքմեյդան հրապարակը:

Ամեն հինգշաբթի Օքմեյդան հրապարակում մի խումբ ցուցարարներ հիշատակում են Գեզի այգու իրադարձությունների ժամանակ վիրավորված և ինն ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո մահացած 15-ամյա Բերքին Էլվանի հիշատակը: Հիշատակի հերթական արարողության ժամանակ ոստիկանությունը կոշտ միջամտություն է ցուցաբերել` արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառելով, իսկ ցուցարանները քարեր և դյուրավառ հեղուկներ են նետել անվտանգության ուժերի վրա: Գլխին արձակված գնդակից մահացել է 30-ամյա Ուղուր Քուրթը, որը փորձել է մուտք գործել մոտակայքում գտնվող ալևիների աղոթատունը՝ ջեմեվին: Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտարարել էր, թե մահացել է նաև 42-ամյա Այհան Յըլմազը: Վիրավորվել են նաև ոստիկաններ: Firat գործակալությունը գրում է, թե հրապարակում նկատվել են նաև Հեղափոխական ժողովրդական ազատագրություն կուսակցություն-ճակատի զինյալներ:

Այս սպանություններից հետո բողոքի ցույցեր են սկսվել Անկարայում, Իզմիրում, Անթալիայում:

Թուրքիայում Օքմեյդանի շուրջ ծավալվող զարգացումները մեկնաբանվում են որպես ալևիների դեմ բռնությունների ալիք՝ նկատի ունենալով սպանվածների ինքնությունը: Տեղի ունեցածը դատապարտել է Թուրքիայի խորհրդարանական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ հայտարարելով, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կուսակցության՝ «ալևիների նկատմամբ քաղաքականութունը պարզապես ալևիներին սպանելն է»:

Օքմեյդանի դեպքերը տեղի են ունենում Գեզի այգու իրադարձությունների մեկ տարին լրանալու նախօրեին, և չի բացառվում, որ ցույցերի նոր ալիք տարածվի, եթե հաշվի առնենք, որ Գեզիի դիմադրության պայքարին ալևիները ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում:

Հետաքրքիքր է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Գեզի այգու իրադարձության մասնակիցների 78%-ը ալևի է: Ալևիներ են նաև Գեզի այգու պայքարի ընթացքում բոլոր սպանվածները, այդ թվում` Բերքին Էլվանը:

Օքմեյդանի իրադարձություններից հետո Թուրքիայում գործող ալևիական կազմակերպություները Թուրքիայի մի շարք վայրերում ցույցեր կազմակերպելու համատեղ կոչով են հանդես եկել:

Երկրում դժգոհություն կա նաև Սոմայի ածխահորի պայթյունի կապակցությամբ Էրդողանի արած հայտարարության և գործողությունների նկատմամբ: Մյուս կողմից` լարվածությունը թեժացնում է Թուրքիայի վարչապետի վերջերս արած հայտարարությունը, որում նա ալևիներին անվանել էր աթեիստներ՝ ակնարկելով նրանց սուննի չլինելը:

Մեկնաբանել