ՔՊ-ն մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծի քննարկումը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին։ Խորհրդարանի կայքը հայտնում է, որ կողմ էր քվեարկել 27, դեմ՝ 51 պատգամավոր: Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, քննադատել է իրականացվող սահմանազատման գործընթացը և նշել, որ խմբակցությունը փորձ է արել ներկայացնել հայտարարություն, որով կկանոնակարգվի այդ գործընթացը: Ընդդիմությունը կողմ է, որ լինի սահմանազատում, սակայն, ըստ նրանց, դրա հիմքը պետք է լինեն 1993-ից փաստացի գործող սահմանները:

ՔՊ խմբակցության անդամ Մարիա Կարապետյանն ասել է, որ 1993-ի դրությամբ սահմանը հիմք ընդունելով՝ Հայաստանը կհրաժարվի իր պետական սահմանից և կվերադառնա ռազմական գործողությունների տրամաբանության․ «Սա բացարձակապես անընդունելի է և պարունակում է իրավական, քաղաքական, դիվանագիտական և ռազմական ռիսկեր: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ստորագրել են Ալմա-Աթայի հռչակագիրը 1991-ի դեկտեմբերի 21-ին»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ այն վտանգներ և ռիսկեր է պարունակում ՀՀ պետականության համար:

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Ապրիլի 29-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես տեղում, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են:

Մեկնաբանել